«Պուտին բաբայ»-«Լենին բաբայ». նախագահական օպերացիա

Dec 16, 2017 Comments Off on «Պուտին բաբայ»-«Լենին բաբայ». նախագահական օպերացիա

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա՝ արդեն ավանդական դարձած մամլո ասուլիսն էր: Բայց, կարծես, չկար, նախկին էնտուզիազմը… Ամեն ինչ հիշեցնում էր լավ բեմադրված թատրոն, և ոչ ավելին:

Պուտինը հաջորդ տարվա մարտին կայանալիք նախագահական ընտրություններին չի գնա որպես իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածու, նա ընտրություններին կմասնակցի որպես ինքնաառաջադրված, սակայն ակնկալում է և՛ քաղաքական ուժերի, և՛ բնակչության աջակցությունը, հայտարարեց նա ամենամյա մամուլի ասուլիսին:

Կարծես, մթնոլորտին համարժեք ու խորհրդանշական էր, որ ասուլիսին ներկա լրագրողներից մեկն իր հետ բերել էր մի պաստառ, որի վրա գրված էր «Պուտին բաբայ», ինչը թաթարերենից թարգմանաբար նշանակում է «Պուտին պապիկ»: Թաթարստանում ժամանակին այդպես էին կոչում Լենինին՝ «Լենին բաբայ»: Այդ պաստառն արդեն իսկ դարձել է համացանցում ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Պուտինը թաթար լրագրողի պաստառի վրա «Պուտին բաբայ»-ի փոխարեն կարդացել է՝ «Պուտին բայ-բայ», դահլիճին դա զվարճացրել էր, իսկ Պուտինը բացատրել էր, որ վատ է տեսնում:

Ասուլիսում Պուտինին, թերևս, ամենասուր հարցը տվել է առաջիկա նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու հայտ ներկայացրած՝ հեռուստահաղորդավար և լրագրող Քսենյա Սոբչակը: Սակայն, նախ Պուտինն է նրան հարց ուղղել․ «Դուք բոլորին դե՞մ եք, այստեղ հավաքվածների՞ս եք դեմ»: Սոբչակը պատասխանել է․ «Ոչ, ես դեմ եմ այն բանին, որ Ռուսաստանում իշխանությունը չի փոխվում»: Սոբչակն այնուհետև ասել է․ «Թեև և՛ դուք, և՛ ձեր խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարում եք, թե Ռուսաստանում չկա հասուն ընդդիմություն, իրականում նման ընդդիմություն կա։ Նավալնիին իշխանությունները սարքած քրեական գործով չեն թողնում մասնակցել ընտրություններին, թեև եվրոպական դատարանն արդեն ապացուցել է, որ այդ [Կիրովլեսի] գործն օրինական չէ։ Ինձ խոչընդոտում են ընտրարշավ կազմակերպելիս, տարածքներ չեն տրամադրում»։

Ի պատասխան՝ Պուտինը ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին համեմատել է Սաակաշվիլիի հետ: Ընդ որում՝ ինչպես միշտ, այս անգամ էլ Պուտինը Նավալնիի անունը չի հնչեցրել, ասելով․ «Դուք ուզում եք, որ Ռուսաստանու՞մ էլ Սաակաշվիլիի օրինակով մարդիկ անկարգություններ կազմակերպեն: Ձեր նշած մարդիկ նույն Սաակաշվիլին են, պարզապես՝ ռուսաստանցի։ Մեր ժողովուրդը չի ուզում, որ մեր երկրում լինեն մայդաններ, ինչպես Ուկրաինայում, և թույլ չի տա մայդաններ»:

Ի դեպ, ակնհայտ է, որ Պուտինը ոչ մի կերպ չի մոռանում Սաակաշվիլիին: Նա երեկ էլ խոսել է Սաակաշվիլիի մասին, մասնավորապես, նշելով, թե վերջինս Ուկրաինայում կատարած իր գործողություններով՝ «թքում է» ուկրաինացի և վրաց ժողովուրդների վրա: Արդեն քանի տարի Սաակաշվիլին իշխանություն չէ, բայց, միևնույն է, Պուտինն ու Ռուսաստանը չեն մոռանում Վրաստանը Ռուսաստանից պոկած Սաակաշվիլիին և ամեն առիթով ցույց են տալիս այն նստվածքը, որը թողել է Սաակաշվիլին նրանց հոգու խորքում:

Ինչևէ, ասուլիսի ընթացքում Պուտինը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Նա, մասնավորապես, ասել է, թե Ռուսաստանի իշխանությունները կապահովեն երկրի անվտանգությունը, սակայն չեն գնա սպառազինության մրցավազքի։ Պուտինը նաև որոշ տվյալներ է ներկայացրել․ ըստ այդմ՝ սպառազինության վրա Ռուսաստանը տարեկան ծախսում է մոտ 47 միլիարդ դոլար, մինչդեռ ԱՄՆ-ն՝ 700 միլիարդ դոլարից ավելի: ՌԴ ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը նման ծախսեր իրեն չի կարող թույլ տալ, սակայն այն, ինչ ծախսում է, բավարար է երկրի անվտանգությունն ապահովելու համար։

Պատասխանելով ABC-ի լրագրողի հարցին, Պուտինը նախ գովել է ԱՄՆ նախագահ Թրամփին, ասելով, թե մեկ տարվա ընթացքում նա բավական դրական արդյունքներ է ցույց տվել, ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան հարաբերություններին, ՌԴ նախագահի ընդգծմամբ՝ դրանք «ուշ թե շուտ կարգավորվելու են», քանի որ կան բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ երկու երկրները կարող են համագործակցել։ Ամերիկյան ընտրություններին ՌԴ իշխանությունների միջամտության հարցի շուրջ խոսելիս, Պուտինը հերթական անգամ հերքել է այդ պնդումները, «նման տրամադրություններ» սերմանելու մեջ մեղադրելով Թրամփի հակառակորդներին։ Պուտինը դարձյալ շեշտել է՝ այդ մեղադրանքները «պարզապես ծիծաղելի են»: Հարցի համատեքստում Պուտինը ասել է, թե ռուսական լրատվամիջոցների ազդեցության չափաբաժինը ԱՄՆ-ում «չնչին է» և որևէ ազդեցություն չէր կարող ունենալ։

Բավականաչափ մանրակրկիտ կերպով պատասխանելով ուկրաինացի լրագրողի հարցին, Պուտինը դարձյալ հայտարարել է, թե Դոնբասում ռուսական բանակ չկա, «այնտեղ ստեղծվել են տեղական զինված խմբեր, որոնք կարողանում են ինքնուրույն դիմակայել ռազմական սպառնալիքներին»։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է՝ ուկրաինացիներն ու ռուսները մեկ ազգ են, Ռուսական կայսրություն Ուկրաինան մուտք է գործել ընդամենը երեք մարզով, իսկ երբ դուրս է եկել ԽՍՀՄ կազմից, արդեն հսկայական տարածք ուներ։ Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա Պուտինի խոսքով՝ այն ժամանակին Ուկրաինային է փոխանցվել ապօրինի կերպով:

Ի դեպ, Պուտինի ասուլիսից մեկ օր առաջ «Լևադա» կենտրոնը դեկտեմբերին իրականացրած հարցման արդյունքներ հրապարակեց, որում արձանագրվեց, որ Ռուսաստանում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցությունը կարող է ռեկորդային ցածր լինել: Հարցված ռուսաստանցիների միայն 58 տոկոսն է հայտնել ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

«Լևադայի» հարցման համաձայն՝ եթե մինչ 2018-ին կայանալիք ընտրությունները ռուսաստանցիների տրամադրությունները չփոխվեն, մասնակցությունը կարող է անգամ 58 տոկոսից ցածր լինել:

Իհարկե, Կրեմլն ակնկալում է տեսնել Պուտինի հաղթանակն ընտրությունների առաջին իսկ փուլում, իսկ ընտրություններին, համաձայն նույն ակնկալիքների, կմասնակցի ընտրողների առնվազն 70 տոկոսը: Ընդ որում՝ ռուսական մամուլի հրապարակումների համաձայն, իշխանությունները որոշել են այս անգամ հնարավորինս մաքուր և թափանցիկ ընտրություններ կազմակերպել՝ հրաժարվելով բյուջետային հատվածի աշխատողներին ընտրատեղամասեր տանելու՝ արդեն ավանդական դարձած գործելաոճից:

Պուտինի վարկանիշն, այդուամենայնիվ, շարունակում է բարձր մնալ, վերջինս չունի լուրջ մրցակից: «Լևադայի»՝ դեկտեմբերին անցկացրած հարցումների համաձայն, ռուսաստանցիների երկու երրորդը պատրաստ է իր ձայնը տալ գործող նախագահին: Ուշագրավ է, որ նոյեմբերի համեմատ՝ այդ ցուցանիշն աճել է՝ այն ժամանակ Պուտինին պատրաստ էր իր քվեն տալ հարցվածների միայն 53 տոկոսը:

Մի խորհրդանշական հիշեցնում ևս. Ռուսաստանում նախագահական ընտրությունները կայանալու են 2018թ. մարտի 18-ին: Դա նաև Ղրիմի բռնակցման օրն է, որը Ռուսաստանում նշվում է որպես տոնական օր:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: