Չարչարանքներ՝ հանուն Սերժ Սարգսյանի

Dec 17, 2017 Comments Off on Չարչարանքներ՝ հանուն Սերժ Սարգսյանի

Սերժ Սարգսյանի դիվանագիտական «ցտեսությունը»՝ Մոսկվային

Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը երեկ տված բացառիկ հարցազրույցում մի քանի կարևոր թեմաների ուղղությամբ անդրադարձ կատարեց:

Անդրադառնալով վերջին շրջանում ակտիվացած ղարաբաղյան բանակցային գործընթացին՝ նա նշեց․- «Իմ տեսլականը կարգավորման շուրջ․ շփման գծում պետք է հանդարտություն տիրի, զոհերը պետք է բացառվեն, դա կստեղծի որոշակի մթնոլորտ, փոխվստահություն, փոխվստահություն ձեռք բերվում է միայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելիս»։

Վերահաստատելով ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի բազմիցս հնչեցրած դիրքորոշումը՝ նախագահ Սարգսյանը կրկին պնդեց․ – «Պետք է լարվածությունը թուլացնել, մեխանիզմներ ստեղծել, հետո խորանալ փաստաթղթի շուրջ։ Հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով կրակել։ Այդպիսի պայմաններում հնարավոր չէ գալ համաձայնության։ Կրակոցները միշտ խանգարում են, մարդկային զոհերը միշտ շատ ցավալի են։ Հանդարտ մթնոլորտում պետք է կշռադատել յուրաքանչուր բառը»։

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե նոյեմբերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու և Երևան կատարած այցի ժամանակ ներկայացվել են կարգավորման նոր առաջարկներ՝ այսպես կոչված «Լավրովի պլանը», Սերժ Սարգսյանը հայտարարեց․ – «Երևան այցի ժամանակ որևէ հայեցակարգային առաջարկություն չկար Լավրովի կողմից, հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը այնքան հարուստ է, որ բարձրաստիճան պաշտոնյաների այցերի ժամանակ միայն Ղարաբաղի հարցը չենք քննարկում»:

Սա ինքնին, բավական ուշագրավ հայտարարություն է: Սերժ Սարգսյանը դիվանագիտորեն, ցրել է ամպերը՝ ռուսական միջնորդական առաքելության վրայից: Այն դեպքում, երբ վերջին մի քանի ամիսներին ակնհայտ էր, որ Մոսկվան փորձում է առանձին խաղ տանել ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Կրեմլի նախաձեռնությամբ այս տարվա նոյեմբերին Մոսկվայում տեղի ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Ապա` Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի նախագահի հետ զրույցի ընթացքում քննարկվեց նաև ղարաբաղյան հակամարտությունը, սակայն կողմերը մանրամասներ չհայտնեցին։ Այս հանդիպման հենց հաջորդ օրը Բաքու մեկնեց Սերգեյ Լավրովը։ Նա ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հայտարարեց, թե անհրաժեշտ է զբաղվել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմամբ: ֊ «Առավել ևս, որ այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է արդյունք արձանագրել, արդեն իսկ ուրվագծվում են», – ասել էր Լավրովը։ Իսկ Բաքվից Ռուսաստանի արտգործնախարարը ուղևորվեց Երևան, որտեղ, սակայն, իր հայտարարություններից մեկում շեշտեց, թե խնդրի կարգավորման հարցում «չափազանց լավատես չէ»։

Հիմա, Սերժ Սարգսյանն, ըստ էության, դիվանագիտորեն, հասկացնել է տալիս, թե Հայաստանն ու Ռուսաստանն այնքան հարցեր ունեն քննարկելու, որ այդ բանակցություններում անգամ ԼՂ խնդրին հերթ էլ չի հասնում: Իհարկե, սրանում ճշմարտության որոշակի հատիկներ կան, բայց Սերժ Սարգսյանի ասածը չի նշանակում, որ Մոսկվան չունի հավանականություններ, այլ նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում, որ Մոսկվան առանձին հավակնություններ ցուցաբերի:

Սերժ Սարգսյանի ղարաբաղյան անկեղծացումն, այսպիսով,փաստում է, որ նրանց ձեռնտու է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում կարգավորումը, և ոչ թե՝ Մոսկվայի առանձին «խաղերը»:

«Մի գիշերվա» ու ԵԱՏՄ-ի ոդիսականը

Պարզվում է, Սերժ Սարգսյանը ռացիոնալ չի համարում ԵՏՄ-ից դուրս գալու պահանջը։ «Բացարձակապես ռացիոնալ պահանջ չէ. որոշակի շահերին ծառայելու ցանկություն եմ տեսնում կամ որոշակի համոզվածություն, որը գալիս է նյութին մինչև վերջ չտիրապետելուց։ Որևէ լուրջ փաստարկ չեմ լսել ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ»։

Ի դեպ, ակնհայտորեն, Սերժ Սարգսյանը բարդույթավորվել է 2013թ. Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշման մեղադրանքների ծիրում: Նա արդեն մի քանի անգամ հայտարարում է, թե չորս տար առաջ «մի գիշերվա» որոշում չի կայացրել: «Եվ երբ մարդիկ խոսում են ու ասում՝ իբրև 1 գիշերվա մեջ միայնակ որոշում եմ կայացրել, ինձ համար սա, իհարկե, շատ ծիծաղելի է, որովհետև հրապարակային ելույթները գոյություն ունեն, քննարկումները կան, և այստեղ այլ կարծիք լինել չի կարող»:

2013թ. օգոստոսի վերջերին, նույնիսկ՝ սեպտեմբերի սկզբներին ոչ ոք չէր կասկածում, որ Հայաստանը ստորագրելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Բայց Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա փոխեց իրավիճակ: Սերժ Սարգսյանը ֆիքսվել է «մեկ գիշերվա» վրա, բայց հարցը ոչ «մեկ գիշերն» է, ոչ մի քանի ժամերը, ոչ էլ մի քանի օրերը: Կա փաստ՝ ԵՄ-ի հետ երեքուկես տարի բանակցված փաստաթուղթը չի ստորագրվել: Իսկ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը զարմացրեց շատ-շատերին: Էլ չասենք՝ եվրոպացի դիվանագետների ու պաշտոնյաների զարմանքը:

Արդյո՞ք այս պայմաններում կարևոր է՝ «մեկ գիշերը»: Կամ՝ էլ ի՞նչ փաստեր են հարկավոր, որպեսզի ակնհայտ լինի, որ Հայաստանը չորս տարի առաջ ստիպված է եղել ԵԱՏՄ-ին անդամակցել, անկախ նրանից, թե Պուտի՞նն է այդ մասին պահանջել, թե Սերժ Սարգսյանը կամովին է նման որոշում կայացրել:

Ինչ վերաբերում է փաստարկներին, թե ԵՏՄ-ին անդամակցելու հետևանքով Հայաստանում ակնկալվում է ապրանքների թանկացում և գնաճ, Սերժ Սարգսյանը մասնավորապես, նշել է․ «Ապրանքների թանկացումը էական ազդեցություն չեն կարող ունենալ, ոչ թռիչքային գնաճի, ոչ էլ տնտեսությանը խոչընդոտելու առումով, ես դա ենթադրաբար չեմ ասում՝ 2015-ին մի քանի 1000 ապրանքների գծով փոխվեցին դրույքաչափերը, չեղավ թռիչքային գնաճ։ Փաստերը չեն կարող ժխտել, այսօր էլ շոշափելի գնաճ չունենք, որոշ ապրանքներ թանկացել են միջազգային շուկայի թանկացումների պատճառով, գնաճը կառավարելի է, հաշվի առնենք այն հանգամանքը, որ բոլորն ասում են՝ աշխատավարձերը չեն բարձրանում, բայց հիմա էլ աշխատավարձի բարձրացման տեմպը ավելի մեծ է, քան գնաճը»։

Եվրասիական տնտեսական միության օգուտների ու վնասների թեման, մի թեմա է, որի հարցում բացարձակապես պետք չէ փայլել տնտեսագիտական գիտելիքներով, ամեն ինչ մարդկանց աչքի առջև է: Ինչ թվային կոմբինացիաներ ու կանխատեսումներ էլ ներկայացվեն ակնհայտ է մի բան՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը ոչ միայն օգուտներ չի տվել, այլև առավելապես վնասներ է հասցրել:

Ինչու՞: Սա է այն հարցը, որին պետք է պատասխանեն նախագահն ու վարչապետը: Ինչու՞ է այդպես: Որովհետև ի սկզբանե մի կառույցին անդամակցելը, որի հետ մենք ընդհանուրս սահմաններ չունենք, արդեն իսկ հարցականի տակ էր դնում դրա արդյունավետ լինելու հանգամանքը:

Բացի այդ, ո՞ւմ մեղքով է, որ հաճախ նույնիսկ մեր իշխանավորներն են ստիպված լինում արձանագրել, որ ցանկալի արդյունքները չունենք ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունքում:

Ո՞ւմ ապաշնորհության պատճառով է, որ մեր միջին բիզնեսը չի կարողանում օգտվել ԵԱՏՄ-ական շուկայից: Իսկ՝ ցանկանո՞ւմ են մեր իշխանավորները, որպեսզի միջին բիզնեսն էլ ծաղկի, շնչի՞, դեպի ԵԱՏՄ շուկա ազատորեն ելք ունենա: Դրա համար՝ ո՞վ է մեղավոր: Դեռ մի կողմ թողնենք, որ այդ շուկայում հաստատվելու համար դեռ դաժան պայմաններ պետք է հաղթահարել: Բայց փաստ է չէ՞, որ մենք մեր ներսում էլ դրա հնարավորությունները չենք տալիս:

Կամ՝ Սերժ Սարգսյանն ասում է՝ «շոշափելի գնաճ չունենք»: Կարելի է ասել ամեն բան, բայց մի՞թե դրանից իրականությունն էլ է փոխվում: Կարելի՞ է չտեսնել իրականությունն ու ասել ցանկալին, որը կապ չունի իրականության հետ:

Բայց՝ ո՞ւմ ենք խաբում՝ մենք մե՞զ… Այդպես ամեն ինչ ավելի վարդագո՞ւյն է թվում դրսում:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: