«Մի հատ նոր կոստյում եմ հավանել» /տեսանյութ/

Dec 17, 2017 Comments Off on «Մի հատ նոր կոստյում եմ հավանել» /տեսանյութ/

Վարչապետ Կարեն Կարապետյանը հավանաբար որոշել է փոխել կառավարման սեփական ոճը՝ կառավարության նիստում տված հանձնարարականների մասին հակիրճ գրառումներ կատարելով Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:
Կարեն Կարապետյանն իրազեկել է իր վիրտուալ հետևորդներին, որ կառավարության նիստի ժամանակ հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանությանը, մարզպետներին, ինչպես նաև առաջարկել Երևանի և Գյումրու քաղաքապետերին՝ 2-ամսյա ժամկետում համատեղ միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Երևան քաղաքի, ինչպես նաև Գյումրու, Վանաձորի, ՀՀ այլ մարզկենտրոն քաղաքների մուտքի և ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգմանը և միջավայրի բարեկարգմանը։
Այս հանձնարարականը տրվել է 2018-ին Հայաստանում կայանալիք երեք խոշոր իրադարձությունների՝ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների, ինչպես նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակում:
Հաջորդաբար վարչապետն իրազեկում է, որ հանձնարարական է տվել նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարության մշակման,
Հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացի հստակեցման ու պարզեցման վերաբերյալ օրակարգում են եղել ու հավանության արժանացել նաև
– ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության հնարավորության ընդլայնման,
– երիտասարդ ընտանիքներին բնակարան ձեռքբերելու հարցում պետական աջակցության ապահովման,
– ներդրումային հերթական ծրագրերի խրախուսման
– 2019 թ.-ից ամանորյա տոների կրճատման և մի շարք այլ որոշումներ:
Վարչապետի թվարկած հանձնարարականների շարքը հիշեցնում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակ հայկական հեռուստաեթերի հումորային ստացված հաղորդումներից մեկի երգը. «Ստիկի-ստիկի դո- նե, Ֆի-լա-դո-նե, քուֆթայի կոպեկը բյուջեից ենք դրել, Ստիկի-ստիկի դո- նե, Ֆի-լա-դո-նե, մի հատ նոր կոստյում եմ հավանել, Ստիկի-ստիկի դո- նե, Ստիկի-ստիկի դո- նե, Ֆի-լա-դո-նե, թռչունների երգն եմ հորինել….»
«2015 թվականին ընդունվեց Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը։ Այս ժամանակահատվածում կառավարության նախաձեռնությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և կոռուպցիոն երևույթների կանխարգելմանը։ Ռազմավարությունից բխող որոշ միջոցառումներ դեռևս ընթացքի մեջ են, սակայն հարկավոր է արդեն այս փուլում ձեռնարկել միջոցներ` նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ՝ զուգահեռ ներդնելով նոր ռազմավարության կատարման մոնիթորինգի և արդյունքների գնահատման մեխանիզմներ»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հանձնարարելով հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին սահմանված ժամկետներում ավարտին հասցնել գործող հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող անհրաժեշտ օրենսդրական փաթեթների մշակման և միջոցառումների կատարման աշխատանքները, 30-օրյա ժամկետում, ըստ ոլորտի, մշակել հակակոռուպցիոն նոր ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ և դրանք ներկայացնել արդարադատության նախարարությանը։
Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 15 ամիսների միակ ձեռքբերումը եղել է այս կարգի հավակնոտ հանձնարարականները, որոնք մի ժամանակ դրայվ էին պատճառում, հիմա՝ զվարճանքի և զայրույթի հատման մասում գտնվող զգացումներ: Կարեն Կարապետյանը թերևս Հայաստանի եզակի վարչապետն է, ում աշխատանքը բնորոշվումէ ոչ թե թվերով կամ ցուցանիշներով, այլ կառավարության մենեջմենթի մասին «դմփոցներով», որոնց տակը, մերկապարանոց խոսքերից բացի, ուրիշ ոչինչ դրված չէ:

 

Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: