Վրիպա՞կ, թե՞ քաղաքական տհասություն

Dec 16, 2017 Comments Off on Վրիպա՞կ, թե՞ քաղաքական տհասություն

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը կառավարության նիստից հետո պարզաբանում է տվել հայ-իրանական սահմանային հատվածում ճանապարհի մի հատվածի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ՝ ասելով, որ տեղի է ունեցել վրիպակ, լրագրողները սխալ են հասկացել: Ըստ Արսեն Հարությունյանի՝ ռուսական սահմանապահ զորամասը կատարվածի հետ որևէ կապ չունի, որ ոչ թե ռուսական կողմն է խոչընդոտել բանակցությունները, այլ իրանական կողմը չի տվել իր համաձայնությունը: «Իրանական կողմի հետ մեր բանակցությունները շարունակվում են, և ռուսական կողմը ոչ մի կապ չունի այս բանակցությունների հետ»,- նշել է նա:

Բանն այն է, որ  կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է Իրանի հետ սահմանին ճանապարհի 40 մետր հատվածում վերանորոգումը դադարեցնելու մասին որոշումը: Հիմնավորման մեջ, որը տեղադրված է կառավարության պաշտոնական egov.am կայքում, սևով սպիտակի վրա գրված է. «Կնքված պայմանագրի շրջանակներում կատարվել են ՀՀ Սյունիքի մարզում Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը: Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար: Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել, և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը և այն հանգամանքը, որ կողմերից անկախ գործոնների ազդեցության հետևանքով հնարավոր չէ կատարել պայմանագրային պարտավորությունները, անհրաժեշտություն է առաջացել պայմանագիրը սահմանված կարգով դադարեցնել: Աշխատանքների կատարման անհնարինությունը պայմանավորված է ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից համաձայնություն չստանալու հետ»:

Մեկնաբանելու բան  կարծես թե չկա, սխալ հասկանալու ևս: ԶԼՄ-ներն ընդամենը հղում են արել կառավարության պաշտոնական կայքին, իսկ սխալ եթե անգամ եղել է, ապա դրա հեղինակները կառավարությունում են գտնվում, ովքեր նախ պետք է նման վրիպակով նախագիծը ուղղակի չմտցնեին նիստի օրակարգ: «Քանի որ ռուսական կողմն է պաշտպանում սահմանը, բանակցությունների արդյունքում մենք պետք է ռուսական կողմի հետ բանակցենք Իրանի հետ: Ռուսական կողմը սահմանապահի իրավունքով է մասնակցում, բայց ձայնի իրավունք չունի: Նույն հայ-թուրքական սահմանի հետ կապված  թուրքերի հետ հանդիպման ժամանակ էլ ռուսական կողմը միշտ ներկա է լինում, որովհետև սահման պահողն ինքն է: Ռուս սահմանապահները որպես կողմ են հանդես գալիս, պետք է կանգնի և լսի, թե երկու կողմն ինչ են իրար հետ բանակցում»,- նիստից հետո ասել է Արսեն Հարությունյանը: Եթե Արսեն Հարությունյանի տված պարզաբանումը համապատասխանում է իրականությանը, ապա հարց է առաջանում, թե ինչ տրամաբանությամբ է գրվել նախագծի հիմնավորումն ընդհանրապես:

Իրականում, եթե անգամ ռուս սահմանապահները հարուցել խոչընդոտ, այդ փաստը, որպես կառավարության որոշման նախագծի հիմնավորում պաշտոնապես հրապարակելը, առնվազն քաղաքական տհասություն է: Այն, որ ռուսական կողմը երջանիկ չէ հայ-ռուսական հարաբերությունների սերտացումից, նորություն չէ: Որևէ «վրիպակ» հենց այնպես չի լինում. պարզ է, որ իրականում ինչ-որ բան եղել է:

Տվյալ պարագայում, եթե խոսքը այնպիսի փոքր դետալի մասին է, ինչպիսին է ճանապարհատվածի նորոգումը, ապա միանշանակ խնդիրը պետք է բանակցային տարբերակով լուծում ստանար: Եվ եթե ինչ-ինչ պատճառով եռակողմ աշխատանքային քննարկումները ցանկաի արդյունք չեն ապահովել, ապա ակնհայտորեն կողմերը, մասնավորապես հայկական կողմը, որը իրավիճակի հիմնական պատասխանատուն է, ունեցել է պրոֆեսիոնալիզմի և ճկունության պակաս, ինչն, ի դեպ, շատ լավ երևում է նաև կառավարության որոշման նախագծից:

 Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: