Ստուգողական թեստ «Ծառուկյան» դաշինքի համար

Dec 16, 2017 Comments Off on Ստուգողական թեստ «Ծառուկյան» դաշինքի համար

Մինչ իշխանության ներսում 2018 թվականի վարչապետի հարցում կրքեր են բորբոքվում, ընդդիմությունը նոր ինտիգ է գցում նաեւ սեփական դաշտում։ «Ելք» խմբակցությունը ի դեմս Նիկոլ Փաշինյանի այսօր հայտարարեց, որ նախագահի պաշտոնում առաջադրելու են պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։

«Ծառուկյան» խմբակցությունը դեռ չի քննարկել «Ելք» դաշինքի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածուին սատարելու հարցը։ Իր հերթին շտապեց պարզաբանել Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։ «Մեր խմբակցությունում, երբ, որ այդ հարցի հետ կապված քննարկում տեղի ունենա՝ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք»։ Էնֆիաջյանը նշեց, որ Արտակ Զեյնալյանին բարձր է գնահատում. «Ես Արտակ Զեյնալյանի անձը բարձր եմ գնահատում, նրա կարողությունները, հմտությունները, որակները, բայց սա այն հարցը չէ, այս հարթակում քննարկելու եւ ձեզ դիրքորոշում հայտնելու»,- եզրափակեց նա: Իհարկե, սա Ծառուկյան դաշինքի պաշտոնական տեսակետը չէ եւ հետաքրքրական է, թե ինչ է ասելու խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժը իր միակ գործընկերոջն այդ դաշտում, սակայն Ելք-ի քայլը խիստ հետաքրքրական է։

Խնդիրն այն է, որ Ելք-ը իրավասու չէ , չունի համապատասխան թվով մանդատ, որպեսզի կարողանա նախագահի սեփական թեկնածուն առաջադրի։ Իհարկե, նույնիսկ միասնական թեկնածուի պարագայում ընդդիմությունն ի զորու չի լինելու որեւէ բան փոխվել, քանի որ Հանրապետական-Դաշնակցական պարզ մեծամասնության շնորհիվ խորհրդարանը կընտրի ՀՀԿ-ի թեկնածուին, սակայն խնդիրը բոլորովին այլ տիրույթում է ։ 2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված սահմանադրական փոփոխություններով՝ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը կամ 27 պատգամավորի ստորագրություն է հարկավոր թեկնածու ներկայացնելու համար։ Հետեւաբար բացի ՀՀԿ-ից, նախագահի թեկնածու կարող է առաջադրել միայն 31 հոգանոց խմբակցություն ունեցող «Ծառուկյան դաշինքը»։ Այսինքն նրանք առանց այս կամ այն աջակցության կարող են սեփական թեկնածուին առաջադրել։ Իսկ Ելք-ի դեպքում հարկավոր է այլ խմբակցություններից աջակցություն։ Այս պարագայում առնվազն կոռեկտ չէ, կամ անազնիվ է նման կերպ վերաբերվել ընդդիմադիր գործընկերոջ հետ։

Այսինքն մեկ քայլ առաջ ընկնել ու նախապես հայտարարել սեփական թեկնածուին՝ չունենալով համապատասխան մանդատ եւ ակնկալել աջակցություն։ Իհարկե, Ելք-ը կարող է նման կերպ վարվեր, եթե հարցը պաշտոնապես քննարկվեր Ծառուկյան դաշինքի հետ ու մերժումից հետո գնար վերջնաքայլի, միթե քննարկել է, մերժվել այդ դաշինքի կողմից, թերեւս՝ ոչ, այլապես կհայտարարվեր այդ մասին։ Ելք-ը ըստ ամենայնի հերթական ստուգողական թեստն է պատրաստել Ծառուկյան խմբակցության համար, որի իրական ընդդիմության հարցում կասկածները չեն վերանում։ Կարելի է չկասկածել, որ Գագիկ Ծառուկյանը մեծ խնդիրներ չի ստեղծելու իր համար վճռորոշ պահին համաձայնության է գնալու իշխանությունների հետ, եթե նույնիսկ պաշտոնապես չպաշտպանի էլ նրա թեկնածուին, ամեն դեպքում խոչընդոտներ չի ստեղծի եւ ազատ քվեարկության միջոցով կկարողանա այնպես անել, որ եւ «գայլերը կուշտ մնան, եւ ոչխարները ապահով»։ Իսկ Ելք-ը առիթը բաց չի թողնում ընդդիմադիր դաշտում իր դիրքերը ամրապնդելու քայլեր իրականացնել, ոչինչ , որ դրանք հեռու են «ռեալ պոլիտիկայից»։ Կա նաեւ երրորդ տարբերակ, Ծառուկյան դաշինքը կարող է սեփական թեկնածուն առաջադրել՝ ասելով ոչ իշխանությանն է պաշտպանում, ոչ ընդդիմությանը, սակայն, կգնա այդ քայլին, դժվար է գուշակել։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: