Սերժ Սարգսյանի դրսի հեռահար պլանները

Dec 17, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանի դրսի հեռահար պլանները

Երևանում մեկնարկել է տարեկան՝ «ՆԱՏՕ-ի շաբաթը»: Դեկտեմբերի 18-ին Հայաստան է ժամանելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը: Նրան հյուրընկալելու են նախագահ Սերժ Սարգսյանը, Պնախարար Վիգեն Սարգսյանը և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանն ու ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները բանակցություններ են վարում ռազմատեխնիկական համագործակցության շուրջ, և առաջիկայում տեսանելի արդյունքներ են լինելու, երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը: «Մեր եվրոպական գործընկերների հետ համագործակցության օրակարգային հարցերից մեկը, երկկողմ ձևաչափը նկատի ունեմ, նաև ռազմատեխնիկական համագործակցությունն է: Դա չի սահմանափակվում միայն զենք-զինամթերք գնելով, այլ ունի իր շատ տարբեր բաղկացուցիչները՝ նույն տեխնոլոգիական համագործակցություն, տարբեր համատեղ մշակումներ, ձեռնարկություններ և այլն»,- ասել է Լևոն Այվազյանը:

Այլ մանրամասներ նա չի հայտնել է, միայն բավարարվել է ՆԱՏՕ-ի անդամ երկու պետության հետ համագործակցության օրինակներ նշելով․ «Օրինակ՝ Լեհաստանի հետ մենք ունենք համատեղ հայ-լեհական ձեռնարկություն, որը Հայաստանի Հանրապետությունում գործում է, Հունաստանի հետ ունենք համատեղ ձեռնարկություն ստեղծելու և աշխատեցնելու բավական մեծ փորձ: Այս ուղղությամբ բանակցություններ են վարվում տարբեր պետությունների հետ, և կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ավելի լավ, տեսանելի արդյունքներ կունենանք»:

Ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի ու Լեհաստանի համագործակցությունն արդեն մի քանի տարվա փորձ ունի: 2014 թ․ հոկտեմբերին բացվեց «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը: Չարենցավանի հաստոցաշինական գործարանի հենքի վրա ստեղծված այդ ընկերությունը զբաղվում է արտադրական օբյեկտների արդիականացմամբ, բազմաֆունկցիոնալ քողարկման արդի տեխնոլոգիաների արտադրությամբ, ինչպես նաև թողարկում է սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր և այլն:

Այն որ, օրինակ՝ Վարշավայի հետ համագործակցության շրջանակում Երևանը կարող է չբավարարվել ձեռք բերվածով, պարզ դարձավ այս սեպտեմբերին, երբ Հայաստան էր այցելել Լեհաստանի փոխարտգործնախարար Բարտոշ Չիխոցկին: Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց՝ Վարշավան Երևանին առաջարկել է ռազմական նոր տեխնոլոգիաներ, որոնց հիման վրա լեհական կողմը պատրաստ է այստեղ արտադրություն հիմնել:

«ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակում, միջոցառման ժամանակ հայտարարվեց, որ Աֆղանստանում և Կոսովոյում ընթացող ՆԱՏՕ-ի առաքելություններին Հայաստանը ներկայումս մասնակցում է, համապատասխանաբար՝ 121 և 35 զինվորականներով: «Այս տարի նույնպես մեր մասնակցությունը նույն ծավալով շարունակվել է, մեր քաղաքական որոշումն այն է, որ դա շարունակվի նաև հաջորդ տարիների ընթացքում», նշել է ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետը:

Այդ առաքելություններին մասնակցելուց զատ, Հայաստանն ու Հյուսիսատլանտյան դաշինը համագործակցում են ռազմական կրթության ու վերապատրաստման, ինչպես նաև հայկական զինված ուժերի խաղաղապահ բրիգադը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Հարցին՝ ԱՄՆ-ի ՊՆ-ի միջոցներով Զառ գյուղում կառուցվող խաղաղապահ բրիգադի ուսումնավարժական կենտրոնն ի՞նչ նոր հնարավորություններ կբացի ՆԱՏՕ-ի հետ համագործակցության առումով, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը պատասխանել է. «Կենտրոնի կառուցումն իրականացվում է հայ-ամերիկյան ծրագրերի շրջանակներում՝ երկու երկրների ներդրման արդյունքում, որի նպատակն է ստեղծել խաղաղապահ գործողությունների ուսումնական կենտրոն: Հեռահար նպատակ ունենք. ունենալ խաղաղապահ գործողությունների վարժանքի կարողություններ: Մինչ օրս մեր խաղաղապահներն իրենց վարժանքներն անցկացնում են արտերկրում: Այդ ուսումնական կենտրոնի վերջնական կառուցումից հետո միգուցե այն սերտիֆիկացնենք և դառնա միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն: Արդեն հաջորդ տարի կենտրոնում կանցկացնենք զորավարժություն: Մեր խաղաղապահ կարողությունները գնահատման գործընթաց են անցնում ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, և հերթական փուլը կանցկացվի այդ կենտրոնում»:

Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերություններն, այսպիսով, տպավորիչ հունում են, և դատելով ՀՀ իշխանությունների հայտարարություններից՝ խորացման և զարգացման միտում ունեն: Ունենալ խաղաղապահ գործողությունների վարժանքի կարողություններ, ուսումնական կենտրոնի վերջնական կառուցումից հետո՝ միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոնի սերտիֆիկացում, իսկ հաջորդ տարի՝ խաղաղապահ բրիգադի ուսումնավարժական կենտրոնում՝ զորավարժությունների անցկացում: Սրանք, բավական, նշանակալի քայլեր են, որոնք կարող է ՀԱՊԿ-ական Հայաստանն իրագործել:

Սերժ Սարգսյանին, այսպիսով, հաջողվում է թե՛ Ռուսաստանի, թե՛ ԵՄ-ի և թե՛ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները կառուցել՝ «և-և»-ի շրջանակներում:

Իրականում, նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը ռեալ հնարավորություն է ստացել դիվերսիֆիկացնել արտաքին հարաբերությունները: Մենք հիմա մի փուլում ենք, երբ ընձեռված հնարավորությունները կարող ենք ի շահ Հայաստանի ու Արցախի ծառայեցնել:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: