Համակարգը խժռում է յուրայիններին

Dec 16, 2017 Comments Off on Համակարգը խժռում է յուրայիններին

Իշխանության ներսում ուշագրավ պրոցեսներ են տեղի ունենում կապված բիզնես շահերի ու բախումների առումով: Արդեն ամիսներ շարունակ է մամուլը գրում է գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի ու արաղի արքա Սամվել Ալեքսանյանի հարաբերությունների մասին, որոնք թարսվել են բիզնես հողի վրա: Օղու բիզնեսի մոնոպոլիստ Ալեքսանյանը Սարոյանին մրցակից է տեսնում, քանի որ գեներալն էլ հարազատ Էջմիածին քաղաքում է գործարան դրել ու իր սանիկ Սուրիկ Խաչատրյանի հետ ուզում է Ալեքսանյանի հացին վայիս լինել:  Բանը հասել է նրան, որ գործարանում մեծ ներդրումներ արած գեներալն ու նախկին մարզպետը կանգնել են գործարանը փակելու առաջ, քանի որ Հայաստանի արաղի արքան նրանց դեմ փակել է բոլոր ճանապարհները: Իհարկե, թե Ալեքսանյանը, թե Սեյրան Սարոյանը, որոնց մտերմության մասին նախկինում բոլորն էին խոսում, չորով չեն հերքում, թե խնդիր ունեն իրար հետ, բայց տողատակերում իրար հեգնում են ցույց տալով իրականությունը:  «Գեներալի հետ հարաբերությունները շատ լավ են, որ դուք չխառնեք, մեր հարաբերությունները շատ լավ կըլնեն», ասում է Սամվել Ալեքսանյանը, ում խոսքից կարելի է հասկանալ, որ հիմա այդքան էլ լավ չեն այդ հարաբերությունները, իսկ, այ, եթե լրագրողները չլինեն ու չգրեն երբեմնի ընկերների բիզնես շահերի մասին ու այդ ամենն աննկատ անցնի, գուցե ոչինչ էլ չպատահի:

Սեյրան Սարոյանը երեկ ամոթանք էր տվել թանկացումների պատճառ դարձած օլիգարխներին: Կան տեղեկություններ, որ նրա խոսքերն ուղղված են Սամվել Ալեքսանյանին: «Ստից խոսում են, ինքը ձեթ ծախող ա, կարագ ծախող չի: Չտեսա՞ք՝ մենք շատ մոտ ենք իրար հետ: Եթե դաժե ինքն էլ ա թանկացրե, իրան էլ ա վերաբերում, ի՞նչ կա»,- իր հերթին պարզաբանեց  Սեյրան Սարոյանը, նախ ասաց, թե Ալեքսանյանը ձեթ ծախողա, իրականում նույն Ալեքս գրիգ ընկերությունն է կարագի ներմուծման շուկայում գերիշխողը, սակայն  , ի վերջո, ասում է, թե ինչ է եղել՝ Ալեքսանյանին էլ է վերաբերվում:

Անդրադառնալով տեղեկություններին, թե Ալեքսանյանը չի թողնում, որպեսզի իր օղիներն արտահանի, Սարոյանը ասաց. «Հլը մի հատ ընձի նայեք, ընձի ո՞վ կարա թողի կամ չթողի»:Հետո Սեյրան Սարոյանը հավելեց. «Ալեքսանյանը բիզնես չունի, ինքը խորհուրդ ա տալիս երեխեքին, չլսեցի՞ք մարդու տղեն լավ խորհուրդներ ա կարում տա, թողեք թող տա»,- ակնհայտ հեգնեց Սարոյանը, բայց շատ չանցած խոսքի մեջ չթաքցրեց զարմանքը.<<Ինչա, նոր իմացար, որ Սամվել Ալեքսանյանը բիզնեսմենա…հա… դիրեկտորներ ունի հիմա, , անգլիաներում սովորած խելոք երեխեք, բայց նախկինում ինքն էր չէ՞>> , միանգամից բոլոր խաղաքարտերը բացեց պաշտոնաթող գեներալը: Իրականում, եթե անկեղծ լինենք, ապա Ալեքսանյանի եւ Սարոյանի միջեւ խնդիրը ծագել է ակամայից:

Որովհետեւ տխուր է, բայց փաստ Հայաստանի  ֆինանսական-տնտեսական ռեսուրսները տարիների ընթացքում  ամբողջությամբ բաշխվելով այժմ կենտրոնացել են  հաշված մարդկանց ձեռքում,  ու այդ պարագայում բնական է, որ  ցանկացածը, ով կփորձի բիզնես գործունեություն իրականացնել Հայաստանում ինչ-որ պահի կբախվի այդ գիգանտների շահերին ու բնականաբար խաղից դուրս կմղվի:
Դրանցից մեկն անառարկելիորեն Սամվել Ալեքսանյանն է, անվիճելի առաջատարերից մեկը, ով կարող է իր ունեցած կարողությամբ Հայաստանում անգամ դրամավարկային քաղաքականություն թելադրել:  Բնականաբար լոկոմոտիվը Սամվել Կարապետյանն է:Եթե Հայաստանի տնտեսության մեջ նրա ներկայության շրջանակները շարունակեն ավելանալ այն դինամիկայով, ինչպես նկատվում է հիմա, ապա Կարապետյանը շատ շուտով կդառնա  Հայաստանի տնտեսության առանցքը, կամ պարզապես  տնտեսությունը: Ներկայումս նրա մենիշխանությունը էներգետիկ համակարգերի վրա է, Ալեքսանյանինը՝ արտադրության: Այնպես որ սա իշխանության ստեղծած համակարգային տնտեսությունն է, որը խժռում է նաեւ յուրային փոքր ձկներին:

Անի Սահակյան

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: