Լավ էլ իրար արժեք

Dec 16, 2017 Comments Off on Լավ էլ իրար արժեք

Երբ վարչապետ Կարեն Կարապետյանը առաջին անգամ նախաձեռնեց «Մաքուր Հայաստան» միջոցառումը և իր վերցրեց երկրի գլխավոր «աղբահավաքի» ֆունկցիան, հավանաբար քչերը մտածեցին, որ նա լծվել է աղբից փող սարքելու կարևոր գործին: Ահավասիկ առաջին ծիծեռնակներն արդեն կան. կառավարությունը Արմավիրի մարզի դպրոցներում աղբի տեսակավորման մասին դասընթացների կազմակերպման նպատակով Չեխիայի Հանրապետությունից 4 մլն դրամի աջակցություն է խնդրել:

«Հաշվի առնելով 2017 թվականից ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում Չեխիայի Հանրապետության կողմից նախատեսվող աղբի վերամշակման գործարանի կառուցման աշխատանքների սկիզբը, նախատեսվում է ՀՀ Արմավիրի մարզի դպրոցներում իրականացնել  «Կանաչ և մաքուր համայնք, աղբի տեսակավորում, ինքնագիտակցության բարձրացում» թեմաներով դասընթացներ:

Ներկայացվող նախահաշվում 2017 թվականի ընդհանուր ծախսը կազմում է 4.089.  հազ. դրամ, որից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին գործուղումներ» հոդվածով՝ 619.5 հազ. դրամ: Գումարը նախատեսվում է օգտագործել  քարոզչական դասընթացների և հանդիպումների կազմակերպիչների գործուղման ծախսերի նպատակով:

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով՝ 800.0 հազ. դրամ: Գումարը նախատեսվում է ծախսել քարոզչական նյութերի, մասնավորապես գունավոր բուկլետների տպագրման համար:

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով՝ 2670.0 հազ. դրամ: Գումարը նախատեսվում է ծախսել թվով 6 համակարգիչների և թվով 3 բազմաֆունկցիոնալ տպիչների գնման համար, որը պետք է տրամադրվի դպրոցների միջև «աղբի տեսակավորում» մրցույթի կազմակերպման արդյունքներով առաջին երեք տեղերը զբաղեցնող դպրոցներին, որպես մրցանակներ»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

Իհարկե դժվար է ասել, թե այս մրցույթի անցկացման գործընթացում ինչ դերակատարում է ունենալու Արմավիրի մարզպետարանը, հատկապես մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, սակայն բոլոր նախադրյալները կան, որ նա մրցույթն իրականացնի նույն ոճով, ինչ ոճով որ դպրոցների տնօրենների մրցույթներն են անցկացվում: Օրինակ՝ մեկ էլ տեսար լավագույն աղբ տեսակավորողներ հռչակվեցին այն դպրոցները, որոնց տնօրենները մարզպետի Նոր տարվա սեղանին գառ կամ խոզի բուդ են ապահովում: Ի վերջո, դպրոցների տնօրնների մրցույթները մարզպետն անցկացնում է այդ ոճով, մեկ էլ տեսար այստեղ էլ գայթակղությանը չդիմացավ: Ինչ վերաբերում է վարչապետին, որը տարատեսակ դասընթացների հայտնի սիրահար է, ապա նա չեխ գործընկերներին հանգիստ կարող է փորձի փոխանակում առաջարկել և մարզպետ Աշոտ Ղահրամանյանին գործուղել Չեխիա՝ դպրոցներում տնօրենների ընտրությունները տապալելու և հետո իր ուզած մարդուն այնտեղ նշանակելու մաստեր կլասների: Զոռբայության և օրենքների ոտնահարման բացառիկ փորձը, որ Ղարհրամանյանը կուտակել է դեռ ոստիկան եղած տարիներին, իսկապես կարող է ուսանելի լինել Չեխիայի և այլ եվրոպական երկրների համար:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա կոռումպացված մարզպետների համար զվարճանք հարուցող այս կարգի դրամաշնորհները իսկական նվեր են, որոնց կառավարությունը և վարչապետը սիրով համաձայնվում են:

 

Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: