Փող տվողն ու վերցնողն իրար հետ համաձայնության են եկել. Էդմոն Մարուքյան

Dec 12, 2017 Comments Off on Փող տվողն ու վերցնողն իրար հետ համաձայնության են եկել. Էդմոն Մարուքյան

«Ազատություն» ռադիոկայանի եթերում  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին, որը վերաբերում էր «Ելք»-ի կողմից ընտրությունների լեգիտիմությունը ճանաչելուն, ասել է, որ այդ հարցն արդեն իրեն համար անհասկանալի է, որովհետև ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներով ձևավորվել է խորհրդարանը, և ունեցել ենք իրավիճակ, երբ ընտրությունների ժամանակ չեն եղել տվյալների փոփոխություններ, լցոնումներ, պարկերի փոփոխություն, տեղամասերում գողություններ։ 
Նրա խոսքով՝ ընտրություններին հիմնականում եղել է ընտրակաշառքի զանգվածային բաժանում, ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում: Երկուսն էլ, ըստ ԱԺ պատգամավորի, անօրինական են, երկուսն էլ՝ դատապարտելի:

«Ընտրակաշառքների մասով քաղաքացիներից չենք կարողացել ստանալ ահազանգեր, այսինքն՝ վկայություններ, որոնց հիման վրա կպնդեինք, որ քրեական գործ հարուցվեր: Ունեցել ենք մի իրավիճակ, որ քաղաքացիներն իրար մեջ մի կոնսենսուսի արդյունքում, լուռ կոնսենսուսի արդյունքում գնացել և քվեարկել են ՀՀԿ-ի օգտին, որքան որ քվեարկել են, չնայած, որ բոլորը դժգոհ են, բոլորը դեմ են այս իշխանությանը։ Այդպիսի տպավորություն կա ինձ մոտ: Բայց, եթե նայենք օրինականությանը, ապա ընտրությունները եղել են շատ լավ կազմակերպված, ԵԱՀԿ դիտորդներն էլ են նշել, բայց փող բաժանելն օրինական չի կարող համարվել: Փող բաժանելու արդյունքում ձևավորված իշխանությունն էլ ունի խնդիրներ օրինականության հետ կապված, բայց դու այդ խնդիրները կարող ես վիճարկել, եթե չկա կոնսենսուս դրա հետ կապված։ Քանի որ կա կոնսենսուս, չկան մարդիկ, որ գալիս, ասում են՝ մենք դեմ ենք փող վերցնելուն, ես հաղորդում եմ տալիս իմ հարևան այսինչի դեմ, որ ինձ փող էր առաջարկում, այդ առումով փող տվողն ու վերցնողն իրար հետ համաձայնության են եկել, մեր աշխատանքն ուղղված է նրան, որ կոտրենք այդ համաձայնությունը: Քաղաքացիները պետք է հասկանան, որ 5 տարին մեկ իրենց մեկ ձայնը, երկրի կառավարման համար մեկ ձայնը շատ կարևոր է»,-ասել է Մարուքյանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: