Փարիզն ու Բրյուսելը հրաժարվում են Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք (տեսանյութ)

Dec 12, 2017 Comments Off on Փարիզն ու Բրյուսելը հրաժարվում են Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք (տեսանյութ)

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այցելել է Բրյուսել և Փարիզ՝ Եվրամիության առաջնորդների հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին քննարկելու համար:

Բրյուսելում Նեթանյահուն հույս է հայտնել, որ եվրոպական երկրները կտեղափոխեն իրենց դեսպանությունները Երուսաղեմ՝ ճանաչելով այն որպես իր երկրի մայրաքաղաք: Նա նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի նախագահը շուտով հանդես կգա խաղաղության ծրագրի նոր առաջարկով:

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, սակայն, հայտարարեց, որ հակամարտության կարգավորման միակ իրական տարբերակը «երկու պետություններ» մոտեցումն է, որտեղ Երուսաղեմը պետք է լինի Իսրայելի և Պաղեստինի մայրաքաղաք 1967 թվականի բաժանարար գծի հիման վրա:

Եվրամիության մայրաքաղաք այցելելուց առաջ Իսրայելի վարչապետը հանդիպում ունեցավ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի հետ: Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Նեթանյահուն կրկին հայտարարեց, որ Երուսաղեմը միշտ եղել է Իսրայելի մայրաքաղաքը:

«Փարիզը Ֆրանսիայի մայրաքաղաքն է : Երուսաղեմը՝ Իսրայելինը: Այն Իսրայելի մայրաքաղաքն է շուրջ 3000 տարի, իսկ հրեական պետության մայրաքաղաքը՝ 70 տարի»,- հայտարարել է Նեթանյահուն:

Սակայն նախագահ Մաքրոնի ու եվրոպական այլ առաջնորդների մոտեցումներն այս խնդրի վերաբերյալ տարբերվում են ԱՄՆ-ի ու Իսրայելի ղեկավարների մոտեցումներից: Եվրոպական առաջնորդները քննադատում են նախագահ Թրամփի որոշումը՝ ընդգծելով, որ նման կարևոր հիմնահարց պետք է որոշվի Իսրայելի և պաղեստինցիների միջև բանակցությունների միջոցով: Մաքրոնը ևս սատարում է «երկու պետություն» սկզբունքով կարգավորման տարբերակը, որտեղ արևելյան Երուսաղեմը դիտարկվում է որպես ապագա պաղեստինյան պետության մայրաքաղաք:

«Ֆրանսիան ցանկանում է, որ երկու պետություններն ապրեն խաղաղմիջազգայնորեն ճանաչված սահմաններում: Այս տեսանկյունից ես բացատրել եմ վարչապետ Նեթանյահուին, որ դեմ եմ ԱՄՆ-ի նախագահի՝ Երուսաղեմի մասին հայտարարությանը որը Ֆրանսիան համարում է հակասող միջազգային օրենքին և վտանգավոր՝ խաղաղության համար»,- ասել է նախագահ Մաքրոնը:

Ֆրանսիայի նախագահը խնդրել է Իսրայելի վարչապետին խաղաղության բարի կամք դրսևորել պաղեստինցիների հանդեպ:

«Ինչ վերաբերում է խաղաղության դրսևորմանը, կարծում եմ՝ նոր թաղամասերի կառուցման սառեցումն ու փոխվստահության մեծացման միջոցների իրականացումը պաղեստինյան ինքնավարության նկատմամբ նոր սկիզբ կարող են դառանլ, հարցեր, որոնք քննարկել ենք վարչապետ Նեթանյահուի հետ»,- նշել է Մաքրոնը:

Վերջին տարիներին Իսրայելը հրեական բազմաթիվ բնակավայրեր է կառուցում պաղեստինյան գրավյալ տարածքներում, ներառյալ արևելյան Երուսաղեմում, որն անօրինական է միջազգային օրենքի տեսանկյունից: Նեթանյահուն ասել է, որ իր կառավարությունը բաց է խաղաղ բանակցությունների համար, ինչը, սակայն, մերժել է պաղեստինյան կողմը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: