ՊԵԿ-ի բլեֆը

Dec 14, 2017 Comments Off on ՊԵԿ-ի բլեֆը

Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը սահմանափակումներ չի նախատեսի քաղաքացիների կողմից ապրանքների ներմուծման ժամանակ: Լրագրողների հետ զրույցում նման հավաստիացում է տվել ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: 

«Հիմա մամուլում կարծես թե ապատեղեկատվություն է շրջանառվում` կապված երրորդ երկրներից ապրանքների ներմուծման, մասնավորապես, զուգահեռ ներմուծման մասով: Դրանցում ասվում է, որ 2018 թվականից մասնավորապես ֆիզիկական անձինք չեն կարողանա մեքենա ներմուծել երրորդ երկրներից: Ես ուզում եմ նշել, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում օրենսդրության դրույթներին, որը չի վերաբերում ընդհանրապես ֆիզիկական անձանց կողմից կատարվող ներմուծումներին: Բնականաբար, եթե քաղաքացին 2018 հունվարի 1-ից Ճապոնիայից որևէ մակնիշի մեքենա է ներմուծում, ապա նա կարող է ազատ ներմուծել, ինչպես ներկայում», ասաց Վախթանգ Միրումյանը:

Նա նշեց, որ 2015-ի հունվարի 1-ին ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ի թիվս այլ բացառությունների Հայաստանը զուգահեռ ներմուծման արգելքի մասով ստացավ երեք տարի անցումային ժամանակահատված: Այսինքն` հաջորդ տարվանից վերոնշյալ սահմանափակումը վերաբերելու է բիզնես նպատակներով կատարվող ներմուծումներին:

«Դա նշանակում է, որ երեք տարի հետո, եթե որևէ ապրանքատեսակի ներմուծման մասով իրավատերը իր իրավունքները գրանցել է իրավունքների գրանցման ռեեստրում, ապա այլ հավասար պայմաններում բիզնես նպատակով ապրանքներ ներմուծող անձինք պետք է ստանան իրավատիրոջ համաձայնությունը»,-ավելացրել է նա:

Միրումյանի բացատրությունը մամուլում շրջանառվող հարցերն ու կասկածները ամենևին չի ղրում.  ի վերջո, ի՞նչ ասել է ֆիզիկական անձինք կարող են նախկինի նման ներկրել ավտոմեքենա, իսկ բիզնեսով զբաղվողների համար լինելու են սահմանափակումներ:

Կոնկրետ ավտոմեքենայի ներկրմամբ ղբաղվողների հիմնական մասը ֆիզիկական անձինք են՝ հատկապես նրանք, ովքեր  մեքենաների ներկրումը կատարում են երկրորդային շուկայից: Ավտոմեքենաների վաճառքով զբաղվող իրավաբանական անձիք շատ քիչ են:

Բերենք մի պարզ օրինակ. ենթադրենք Հայաստանում աշխատող դիլլերը Ճապոնիայից ինչ-որ մեքենա է պատվիրում, որը վաճառքի է դրված կամ աճուրդով, կամ էլ ուղղակի օնլայն տոնավաճառում: Այդ մեքենան մտնում է Հայաստան վաճառելու նպատակով: ՊԵԿ-ում շատ լավ տեսնում են շարժը և հրաշալի գիտեն, թե նույն մարդը տարվա կամ ամսվա կտրվածքով քանի անգամ է մեքենա ներմուծում: Եթե հավատանք Վախթանգ Միրումյանի ասածին, ապա առքուվաճառքով զբաղվող ֆիզիկական անձինք 2018 թվականի հունվարի 1-ից պետք է որևէ խնդիր չունենան, թեպետ ակնհայտ է, որ նրանք ծավալում են բիզնես-գործունեություն:  Ամբողջ բլեֆն թաքնված է հենց այստեղ: Հունվարի 1-ից հետո ՊԵԿ-ը շատ հանգիստ կարող է հայտարարել, որ ֆիզիկական անձը առանց  իրավատիրոջ համաձայնության տարվա մեջ երրորդ երկրից ընդամենը մեկ անգամ կարող է ներմուծել մեքենա, դրանից ավելը կդիտվի բիզնես և համապատասխանաբար կսահմանափակվի:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: