Սերժ Սարգսյանի հրամանագիրը իր բոլոր «նոքարներին»

Dec 15, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանի հրամանագիրը իր բոլոր «նոքարներին»

Սերժ Սարգսյանի՝ համայնքապետերին ուղղված նախորդ շաբաթվա ելույթը, որտեղ նա բոլորից պահանջեց այլևս չգողանալ և աղա լինելու մտքից հրաժարվել ու հարմարվել նոքարի կարգավիճակին, անհարմար վիճակի մեջ է դրել համայնքապետերին: Նրանցից ոմանք Սերժ Սարգսյանի հորդորներն ու նախատինքները խիստ ուղղակի են հասկացել: Օրինակ՝ ուշագրավ մեկնաբանություններ են տվել: Օրինակ՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Lragir.am-ի հետ զրույցում ասել է, որ շատ լավ է գնահատում Սերժ Սարգսյանի՝ համայնքապետերին տրված հանձնարարականը և հավատացրել, որ ինքը 5 տարի շարունակ աշխատավարձը չի ստանում, ծառայողական մեքենա չունի, նույնիսկ վառելանյութ չի ստանում, փոխարենը ամեն ինչ անում է, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքար լինի: Ինքն ապրում է ընտանեկան բիզնեսվ, որը վարում են իր որդիները. «Հենց դրա համար էլ Գյումրին այսօր զարգանում է»,- համոզմունք է հայտնել Սամվել Բալասանյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ղեկավար Արմեն Ավետիսյանը նշել է, որ Սերժ Սարգսյանը ինչ ասում է, ճիշտ է ասում. Անդրադառնալով նախագահի՝ ով չի ուզում նոքար լինի, թող գնա աղա դառնա խոսքին՝ հաստատում է. «Այո՛, շատ ճիշտ է Նախագահը, այն մարդիկ, ովքեր չեն աշխատում և միայն պահանջում են, թող գնան ուրիշից պահանջեն: Ես իմ շրջապատում այն մարդկանց, ովքեր բողոքում են՝ հարց եմ ուղղում՝ «բա դուք ի՞նչ եք արել այս երկրի համար»: Այո՛, շատ ճիշտ է ասում Նախագահը: Համայնքները հավաքած սեփական եկամուտների, չտված աշխատանքի դիմաց պետք է ստանան պետական աջակցություն»,- ասել է Արմեն Ավետիսյանը:

Վայոց ձորի նախկին մարզպետ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անկեղծորեն խոստովանել է, որ ժամանակին 3 անգամ դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին` 3  համայնքապետերի  համար, որպեսզի Սերժ Սարգսյանը նրանց ների, քանի որ նրանք, իր համոզմամբ, մեղավոր չեն եղել, թալանով չեն զբաղվել. «Ես միջնորդել եմ, որ Արենի համայնքի ղեկավարին ների, որովհետև նա անմեղ էր: Փորձում էին գործ հարուցել այդ գյուղապետի վրա, իբրև թե Արենի վարչական տարածքում գտնվող քարանձավը տրամադրել է սննդի ապօրինի օբյեկտի կառուցմանը,- ասել է նախկին մարզպետը և շարունակել,- Նախագահն էլ միջնորդել է, անարդարությունը վերացվել է, մարդը չի պատժվել չարած գործի համար»:

Հայտնի մուլտֆիլմի հերս Լեոպոլդ կատուն կասեր՝ այ-այ-այ, տղանե՛ր, ախր էսպես չի կարելի:

Պարոն Բալասանյանը աշխատավարձ չի ստանում,  ծառայողական մեքենա չունի, բայց պայքարում է կոռուպցիայի դեմ: Ստացվում է, որ նա բարեգործական հիմունքներով է աշխատում քաղաքապետ և էն գլխից նոքար է եղել՝ Սայաթ-Նովայի պես: Բալասանյանի աչքին Գյումրին մի այլ կարգի զարգանում է, միայն թե գյումրեցիները գնալով ավելի վատ են ապրում, Շիրակը Հայաստանի ամենաաղքատ մարզն է, այստեղ բարձր է հատկապես մանկական աղքատությունը՝ 50 տոկոս: Թերևս արժե հետազոտել, թե ինչ կապ կա Գյումրու քաղաքապետի չստացած աշխատավարձերի և մանկական աղքատության միջև:

Մարտունու քաղաքապետը վստահաբար հոգեկան ցնծությունէ ապրել « Այո՛, շատ ճիշտ է ասում Նախագահը » նախադասությունն արտաբերելիս: Մի հարցնող լինի՝ ա՛յ Ավետիսյան, բա որ նախագահը ճիշտ է ասում, Դուք էլ շատ լավ քաղաքապետ եք, ինչո՞ւ են մարտունեցիները մի գլուխ խոպան գնում ու գնում: Լավից բեխաբա՞ր են մարդիկ:

Դե իսկ Վայոց ձորի նախկին մարզպետը ուղղակի հրաշք է. նա հաստատել է, որ նախագահը ոչ մի բան էլ ճիշտ չի աում, որովհետև եթե մարդուն ներելն ու  չներելը որոշել է ոչ թե օրենքը կամ դատարանը, ոչ թե իրավապահ համակարգը, այլ նախագահը, ընդ որում մարզպետի միջնորդությամբ, ուրեմն էլ ի՜նչ նոքար, էլ ի՜նչ աղա, էլ ի՜նչ արդարություն ու չգողանալ: Իրականում այս ամենը մեծագույն աբսուրդ է, ինչպե՞ս կարող է նորմալ մարդը 5 տարի շարունակ աշխատել առանց աշխատավարձի և չգողանալ: Նման բան ուղղակի չի լինում: Եվ հիմա հասունացել է պահը՝ խնդրանքով դիմելու Սերժ Սարգսյանին, որ հրահանգի իր բոլոր «նոքարներին»՝          պարտաճանաչորեն ստանալ իրենց աշխատավարձերը, պատշաճ կարգով օգտվել իրենց ծառայողականներից ու կարգին աշխատել: Պետք է կատեգորիկ արգելել՝ ներման միջնորդությունները՝ դրա համար կան համախատասխան ատյաններ: Եվ վերջապես այս բոլորը ոչ միայն ամոթալի է, այլև զավեշտալի:

 

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: