Կամ՝ բանակցային սեղան, կամ՝ «կամուրջների այրում»

Dec 12, 2017 Comments Off on Կամ՝ բանակցային սեղան, կամ՝ «կամուրջների այրում»

Անցյալ շաբաթվա վերջին Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի նիստից կարևոր մեսիջներ հնչեցին ԼՂ խնդրի առնչությամբ: Նախ՝ նիստի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք քննարկել էին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձել երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղությունների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել էին ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։

Այնուհետև  հրապարակվեց Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի ուշագրավ հայտարարությունը: ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը ձգտում է համաձայնեցնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի դիտորդների ավելացման պարամետրերը, Վիեննայում` ԵԱՀԿ նախարարական հավաքի շրջանակում հրավիրած մամուլի ասուլիսում ասել էր Լավրովը. «Լեռնային Ղարաբաղի շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման թեման քննարկվել է 2016թ. Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որին ներկա էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները: Այնուհետև արդեն հարցը բարձրացվել է Սանկտ Պետերբուրգում հունիսին՝ արդեն նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Դրանից հետո սկզբունքային համաձայնությունը փոխանցվել է ԵԱՀԿ-ին ,և գիտեմ, որ ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը ձգտում է համաձայնեցնել դրա իրականացման պարամետրերը»:

Ավելի վաղ խոսելով ԼՂ խնդրի կարգավորման մասին՝ նա ընդգծել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև 2017թ. տեղի ունեցած հանդիպումը դրական քայլ է համարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

Վիեննայում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսում Լավրովը կարգավորման գործընթացին անդրադառնալով նաև հավելեց. «Ցավոք, առայժմ այն լուրջ առաջընթացի չի հանգեցնում, բայց մեզ դրական է թվում այն փաստը, որ այս տարի տեղի է ունեցել երկխոսություն նախագահների և մի քանի անգամ՝ արտգործնախարարների մակարդակով: Կշարունակենք աշխատել այն ուղղությամբ, որով ընթանում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների ընդհանուր մոտեցումը: Այս նստաշրջանում մենք այն վերահաստատել ենք: Դրանում ներառված են կարգավորման այն սկզբունքները, որոնք կողմերն ընդունել են, բայց դեռ չեն վերածել գործնական քայլերի: Դա հեշտ գործ չէ, բայց մենք շարունակում ենք դրանով զբաղվել»:

Հիշեցնենք, օրերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարները հանդես եկան կարևոր հայտարարությամբ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լականը իրենց հայտարարությունում նշեցին, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման միջնորդության հարցում միասնաբար հանձնառու են մնում՝ հակամարտությունը Հելսինկիի Եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների հիման վրա (այդ թվում՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում) կարգավորելու հարցում:

Այսինքն՝ ի հակադրություն Բաքվի պահանջների `նշեցին կարգավորման հիմնական սկզբունքները:

Բացի այդ՝ Բաքվի համար ևս մի ոչ դուրեկան պահանջ. նրանք հստակ շեշտեցին, որ 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ընդունված մյուս որոշումները ևս պետք է իրականացվեն: Իսկ սա Ալիևի համար ապտակին համարժեք արձանագրում է:

Լավրովը կրկին արձանագրում է, որ կարգավորման գործընթացում առաջընթաց չկա: Միևնույն ժամանակ, Մոսկվան վերջին օրերի ընթացքում արդեն մի քանի անգամ շեշտում է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ընդհանուր մոտեցումը, կարծես հատուկ ընդգծում է, որ Մոսկվան առանձին խաղ չի տանում:

Ավելին՝ Լավրովը, կարծես, հիշեցնում է Բաքվին, որ կարգավորման սկզբունքները կողմերն ընդունել են, բայց՝ «դեռ չեն վերածել գործնական քայլերի լեզվի» և որ դա հեշտ գործ չէ ու իրենք շարունակելու են դրանով զբաղվել:

Ըստ ամենայնի, Մոսկվան  Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ որոշել է համերաշխություն ցույց տալ՝ դրանով իսկ Արևմուտքի հետ ղարաբաղյան հարթակում կառուցողական մթնոլորտ պահպանելու իր պատրաստակամությունը հայտնելով:

Մյուս կողմից նաև ուշագրավ է, որ Մոսկվան՝ Լավրովի բերանով ակնարկներ է ուղղում Բաքվին, որտեղ հույսեր էին կապում հենց Մոսկվային նկատմամբ, որպեսզի ՌԴ-ն ճնշումներ գործադրեր հայկական կողմի ուղղությամբ:

Ի՞նչ են նշանակում Մոսկվայի ակնարկները, կամ ավելի ճիշտ՝ ի՞նչ կհետևեն այդ ակնարկներին… Բաքուն այս իրավիճակում կամ պետք է հստակ որոշում կայացնի՝ մասնակցել բանակցություններին և համաձայնություն տա նախկին պայմանավորվածություններին, կամ էլ՝ «այրի կամուրջները»:

Ադրբեջանը կարո՞ղ է որոշում կայացնել սրելու իրավիճակը սահմաններում, կամ ռազմական գործողություններ վերսկսել… Այս փուլում՝ հազիվ թե:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: