Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը միանգամից «փուռը տվեց» յուրայիններին  

Dec 12, 2017 1 Comment

Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին մասնակցել է Դիլիջանում  հրավիրված  համայնքների խորհրդաժողովին, որտեղ հանդես է եկել խիստ ելույթով: Նա ընդգծված դժգոհություն է արտահայտել համայնքապետերի աշխատանքից՝ նրանց մեղադրելով համայնքների  վատթար սոցիալ-տնտեսական պայմանների համար: Սերժ Սարգսյանը համայնքապետերից պահանջել է զարգացման ծրագրեր՝ հիշեցնելով, որ մարզի զարգացման պատասխանատուն մարզպետն է, համայնքինը՝ համայնքապետը:

Իսկ համայնքապետերը, ինչպես պարզվել է Սերժ Սարգսյանի խոսքից, իրական ծրագրեր չեն նախաձեռնում, անգամ նրանք, ովքեր կարողացել են հաջողված ծրագիր  մշակել, ինքնակամ հրաժարվել են դրանցից. «Վարչապետը հանդես է եկել կոչով, որպեսզի համայնքները զարգացման ծրագրեր ներկայացնեն: Շատ ողջունելի և բոլորիս համար անհրաժեշտ առաջարկություն է, բայց ներկայացվեցին ընդհանուր թվով 180 ծրագրեր, որոնցից միայն 108-ը հասան քննարկման փուլ: Դրանցից 58-ն են արժանացել կառավարության հավանությանը, բայց հետագայում ներկայացնողները հրաժարվել են իրենց իսկ մշակած 44 ծրագրերից: Սա ի՞նչ է նշանակում. նշանակում է, որ կառավարությունը ձեզ հնարավորություն է տվել աշխատելու, օժանդակություն ստանալու, բայց պայմանով, որպեսզի դուք ունենաք ծրագրեր, որպեսզի ձեր համայնքները կարողանան օգտվել ծրագրեր կազմելու և իրականացնելու ձեր ունակություններից: Բայց արդյունքում ի՞նչ դարձավ` այդքան խոսեցինք, այդքան աշխատեցիք և ընդամենը 14 ծրագիր: Համաձայնեք, որ դա առաջին հերթին ձեր մեղքն է և ոչ կառավարության»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ մայրաքաղաքից հեռու գտնվող տարածաշրջանների բնակավայրերի սոցիալ-տնտեսական վիճակը դեռևս հեռու է բավարար լինելուց: Դա գլխավորապես պայմանավորված է գործարար ակտիվության ցածր մակարդակով, աշխատատեղերի սակավությամբ, ենթակառուցվածքների անբավարար վիճակով: Այս բոլոր հարցերում  իրենց ծանրակշիռ պատասխանատվությունն ունեն համայանքների ղեկավարները:

«Ինչպե՞ս է ստացվում, որ գնում ենք համայնքներ, գյուղեր և տեսնում ենք, որ նույն աշխատուժը ունեցող տարբեր ընտանիքներ տարբեր սոցիալական վիճակ ունեն: Նայում ես, օրինակ, այս տանն էլ կա մի տղամարդ, երկու հասուն երեխա, մյուս տանն էլ, այդ համայնքում կարծես հողը գրեթե նույնն է, ոռոգման վիճակը նույնն է, նույն կարկուտն է գալիս, չգիտեմ, նույն չորային եղանակներն են լինում, բայց մեկը ապրում է շատ լավ տան մեջ, իսկ մյուսի վիճակը ուղղակի խղճահարություն է հարուցում: Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել: Արդեն բավական է, հասկանում եք, պետությունը ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել: Մարդ եթե ուզում է լավ ապրել` պետք է աշխատի: Եթե առավոտից երեկո նա պատրաստ չէ աշխատելու, ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքները առաջին տեղն է դնելու և իրեն թվալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են, ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում»,- ասել է նա:

Խոսքի վերջում Սերժ Սարգսյանը լավ աշխատելու պահանջ է դրել համայնքապետերի առաջ և նախատել նրանց . «Մենք պատրաստ չենք տեսնել, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն, ամո՛թ ,- ասել է նա և հավելել, որ նրանք, ովքեր  լավ չեն աշխատի, ներման չեն արժանանա, ներողամիտ լինելու ժամանկաներն անցել են.

«Ով չի ուզում նոքար լինի, թող գնա աղա դառնա, գնա ուրիշ գործի: Եվ խնդրում եմ, որևէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում: Նորից եմ կրկնում` մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար և այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլևս հանդուրժել: Երևի առաջին անգամ եք ինձնից լսում այսպիսի խոսքեր, բայց իմ մոտեցումը միշտ այդպիսին է եղել: Մենք արդեն հասունացել ենք և պետք է գիտակցենք մեր պատասխանատվությունը մեր համայնքի յուրաքանչյուր բնակչի համար»,- շեշտել է Սերժ Սարգսյանը:

Հետաքրքիր է, թե ինչու Սերժ Սարգսյանը այսպես միանգամից որեշեց «փուռը տալ» յուրայիններին՝ նրանց աղայից դարձնելով նոքար: Այն, որ համայնքապետերի մեծ մասը գեղական կարգով ընտրված քյոխվաներ են և խոշոր հաշվով տարիներ շարունակ զբաղվել են համայնքի միջոցները մսխելով, հայտնի ճշմարտություն է: Բայց նրանք բոլորը Սերժ Սարգսյանի կուսակից ընկերներն են և տարիներ շարունակ հանուն Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ձայներ են ապահովել՝ դիմելով ամենավերջին կեղծիքների,  ճնշումների: Նրանք տարիներ շարունակ, եթե հավատանք Սերժ Սարգսյանին, մեր բնակչության փողերը տարել են իրենց տուն, բայց մնացել են անպատիժ, չնայած որ դրանք բոլորը քրեական օրեսնգքում համապատասխան հոդվածներով բնորոշվող արարքներ են: Բայց նախկինում Սերժ Սարգսյանը նրանց ոչ միայն ներում էր, այլ անգամ ամոթանք չէր տալիս: Գնահատաման միակ չափանիշն այն ժամանակ գյուղապետի կամ քաղաքապետի բերած ձայներն էին՝ ինչքան շատ, այնքան ավելի սիրելի ու հարգելի:

Ինչ է պատահել հիմա, ձայներ բերող համայնքապետերի կարիք Սերժ Սարգսյանն այլևս չունի՞:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը միանգամից «փուռը տվեց» յուրայիններին  ” հրապարակմանը

  1. Արամ says:

    Եա կարծում եմ, որ նախագահ, վարչապետ բացարձակ տեղյակ չեն երկրի կառավարման համակարգից: Իրենք չեն գնահատողը համայնքապետերի աշխատանքը: Համայնքապետերի աշխատանքը գնահատում են համայնքի բնակիչները: Մինչև չհասկանակք այս հասարակ ճշմարտությունը, երկրում կառավարում չի լինի: