Աղքատության խայտառակ թվերն ու իշխանության ապահով Հայաստանը

Dec 11, 2017 Չի մեկնաբանվել

Աղքատության վերին գիծ է սահմանված ամսական 40 հազար 867դրամը,  ստորին գիծը՝   33 հազար 418 դրամ, պարենային աղքատության գիծն է ամսական 23 հազար  313 դրամը:

Ազգային վիճակագրական ծառայության սահմանմամբ, աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից, շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից, իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից:

Հայաստանում ամենաաղքատ մարզը Շիրակն է: Այստեղ գրանցվել է հանրապետության կտրվածքով ամենաբարձր աղքատության մակարդակը: Պաշտոնական տվյալների համաձայն, Շիրակում աղքատության գծից ցածր է բնակչության մոտ 46%-ը: Ծայրահեղ աղքատ է 3.7 տոկոսը: Շիրակում  են ապրում նաև աղքատ երեխաների  50.9%-ը. ամեն երկրորդ երեխան Շիրակում ապրում է աղքատության մեջ:

Համաձայան Տվյալները՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2017» զեկույցի՝ միջին հանրապետական ցուցանիշից բարձր են նաև Լոռու, Կոտայքի, Տավուշի և Արմավիրի մարզերի աղքատության ցուցանիշները: Երևանում ըստ տարածաշրջանների աղքատության մակարդակն ամենացածրն է (24.9%).  1.3 անգամ ցածր է, քան Երևանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում:

Ավելի արագ տեմպերով աղքատության  ցուցանիշի աճ գրանցվել է Տավուշում ` 1.5 անգամ, քաղաք Երևանում, Արմավիրում և Սյունիքում ՝ 1.2 անգամ: Նույն ժամանակահատվածում աճել է նաև ծայրահեղ աղքատության մակարդակը, ինչպես երկրի մակարդակով, այնպես էլ քաղաք Երևանում և որոշ մարզերում` բացի Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից: Այդուհանդերձ, ծայրահեղ աղքատության մակարդակը Շիրակից հետո  առավել բարձր է Լոռու (2.7%), ինչպես նաև Տավուշի մարզում և քաղաք Երևանում (1.9%):

Ամենավտանգավորը մանկական աղքատությունն է. մինչև 18 տարեկան երեխաների 2.0%-ը ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 34.2%-ն` աղքատության մեջ:  Ընտանեկան նպաստը  հանելու դեպքում, ծայրահեղ աղքատ չհամարվող երեխաների 16%-ը կհամարվի ծայրահեղ աղքատ:, իսկ  աղքատ չհամարվող երեխաների 13%-ը կհամարվի աղքատ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 44.6%-ը կամ բոլոր երեխաների 34.2%-ը, իսկ մեծ ընտանիքներում ծայրահեղ աղքատ է երեխաների 3.8%-ը կամ բոլոր երեխաների 2.0 %-ը:

Տարիքով ավելի փոքր երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է: Աղքատության ռիսկն ավելի մեծ է այն ընտանիքների երեխաների շրջանում, որոնցում կրտսեր երեխան հինգ տարեկան է կամ ավելի փոքր:
Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում երեխաների աղքատ լինելու հավանականությունը բարձր է: Երեխաների ընդհանուր թվաքանակի մոտ մեկ քառորդը (24.3%) ապրում է կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում, որոնց 41.6%-ն աղքատ է, իսկ տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսություններում ապրող երեխաների շրջանում այն կազմում է 31.8%:

Մանկական աղքատության վրա ազդող կարևոր գործոններից է նաև տնային տնտեսության գլխավորի ամուսնական կարգավիճակը: Ամուրի (չամուսնացած), այրի կամ ամուսնալուծված գլխավորով տնային տնտեսություններում ապրող երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է (40.8%), քան ամուսնացած կամ համատեղ բնակվողներինը (32.5%):
Աղքատության ռիսկը նվազում է, երբ երեխան ապրում է այնպիսի տնային տնտեսությունում, որտեղ գլխավորի կրթական մակարդակը բարձր է:

Աղքատ տնային տնտեսությունների երեխաներն ավելի հաճախ բնակվում են կարևոր հարմարություններից զուրկ` հոսող տաք ջուր, կենտրոնացված գազամատակարարում, ստացիոնար հեռախոս, լոգարան կամ ցնցուղ  չունեցող կացարաններում): Ծայրահեղ աղքատ երեխաներն ավելի հաճախ, քան աղքատ երեխաները, զրկված են անգամ  կացարանային հարմարություններից:

Աղքատ երեխաների 56 տոկոսը և ծայրահեղ աղքատ երեխաների 48 տոկոսն ապրում են անբավարար ջեռուցմաբ տնային տնտեսություններում:  Խոնավ տնային տնտեսություններում է բնակվում աղքատ երեխաների 36 և ծայրահեղ աղքատ երեխաների 42%-ը:  Այսինքն, Հայաստանում ամեն երրորդ երեխան ապրում է խոնավ պայմաններում:

Այս խայտառակ թվերն այն հիմնական արդյունքն են, որ ապահովել են ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը՝ իրենց պաշտոնավարման 10 տարիների ընթացքում:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Աղքատության խայտառակ թվերն ու իշխանության ապահով Հայաստանը”

Մեկնաբանել