Ֆլեշի բիզնեսին «խփում են»

Dec 11, 2017 Չի մեկնաբանվել

 Գործադիրն այսօր ընդունել է որոշում, որով առաջարկվում է պետական աջակցության ծրագրերի շրջանակում 2011-2016 թթ.աշնանացան ցորենի էլիտա ու առաջին վերարտադրության, գարնանացան գարու, առվույտի, կորնգանի սերմացու և 2015-2016 թթ. պարարտանյութեր ստացած ու բնական աղետներից (կարկտահարություն, ցրտահարություն, սելավ) տուժած հողօգտագործողների 642 մլն դրամի սերմացուի և 165 մլն դրամի պարարտանյութերի դիմաց ձևավորված պարտավորությունները ներել: 
Հիմնավորման համաձայն՝ մարզերում բնական աղետներից տուժել են մի շարք մարզերի համայնքներ և հողօգտագործողները հայտնվել են ծանր կացության մեջ։
Ըստ այդմ, կառավարության որոշմամբ, համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ ֆինանսների նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ու «Հրաշք այգի» ՍՊԸ-ների  միջև կնքված վարկային պայմանագրերում, որոնք  փաստացի պետական բյուջեից ստացել են համապատասխանաբար 642 մլն դրամ 165 մլն դրամի հատուցում:
Անդրադառնալով հարցին՝ վարչապետը նշել է. «Այսուհետ մաքուր էջից ենք սկսում: Կարծում եմ՝ ճիշտ բան ենք անում, բայց հետագայում էլ կուտակումներ չլինեն: Բացառվում է, որ գանք մի վիճակի, որ նորից զիջենք, քանի որ այժմ այդ հարցում բանաձևը փոխել ենք»,- հայտարարել է վարչապետը:

Նիստից հետո գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտարարել է, որ կառավարությունը հաջորդ տարի չի իրականացնի նաև գյուղացներին մատչելի գնով դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը: Ըստ նախարարի՝ փորձում են գյուղացիներին մատչելի գներով ապահովել տեղական սերմացուով, ուստի հույս կա, որ ներմուծման խնդիր այլևս չի լինի: Այս տարի աշնանացան սերմը չի սուբսիդավորվել կառավարության կողմից, տեղական արտադրողը մատչելի գնով  այն հատկացրել է գյուղացիներին՝ նախապես կատարված վճարի դիմաց:

«Այս տարի, նախորդ տարվա համեմատ, պարարտանյութի ծավալների նվազեցում չի եղել, վճարվել է, ապրանքը գնվել է: Դիզվառելիքի առումով պահանջարկի մոտ 30 տոկոսի չափով նվազեցում է եղել, բայց պետական բյուջեից սուբսիդավորվում էր դիզվառելիքը: Սերմերի առումով աշնանացան սերմ չենք բերել, իսկ գարնանացան սերմը բերել ենք ըստ մարզպետարանների կողմից հաստատված վճարման պահանջարկի: Հետո այդ վճարունակ պահանջարկի տերը չի եկել ներկայացել, որ գնի սերմը»,- պարզաբանել է նախարարը՝ անդրադառնալով կառավարության կայացրած որոշմանը:

Գյուղատնտեսության ոլորտին ցուցաբերվող սուբսիդիայի խնդրին Hayeli.am-ը նախկինում բազմիցս անդրադարձել է: Դա ըստ էության պետական մակարդակով իրականացվող կոռուպցիա էր, որի շահառուն կոնկրետ օլիգարխ էր:

Ե՛վ «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորումը», և՛ «Հրաշք այգի» ՍՊԸ-ն,  համաձայն ԶԼՄ հրապարակումների, պատկանում են հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին: Գյուղացիներին պետական դոտացիայի շրջանակում  մատակարարվող դիզվառելիքի ծրագիրը ևս իրականացվում էր Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերության միջոցով: Ամեն տարի պետական բյուջեից, առանց մրցույթի, ուղղակի պայմանագրային եղանակով գրեթե անտոկոս փոխառություն էր տրամադրվում «Ֆլեշ» ընկերությանը, որպեսզի նա գյուղացիների համար ներկրի և մատակարարի դիզվառելիք՝ մատչելի գնով: Բայց այս մատչելի գինը իրականում այնքան էլ մատչելի չէր լինում, իսկ մեծագույն աբսուրդն այն էր, որ այսպես կոչված մատչելի գինը, որով դիզվառելիքը «Ֆլեշ»-ի կողմից վաճառվում էր գյուղացիներին, ֆիքսվում էր կառավարության կողմից: Չկար որևէ վերլուծություն, որ կփաստեր, որ «Ֆլեշ»-ը ամենաէժան գնով էր վառելիք ներմուծում և վաճառում գյուղացիներին: Սա էլ դեռ բավարար չի, գյուղացիների կուտակած պարտքերը ժամանակ առ ժամանակ կառավարությունը ներում էր, որի արդյունքում բյուջեն տուժում էր, օլիգարխի բիզնեսը՝ շահում:

Այս տեսանկյունից պետական սուբսիդիայի այդ մոդելը, որը հիմնադրել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հանուն Ֆլեշի Բարսեղի բիզնեսի, պետական կոռուպցիա էր, որից հրաժարվելը միանգամայն ճիշտ և տեղին քայլ է:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ֆլեշի բիզնեսին «խփում են»”

Մեկնաբանել