Սերժ Սարգսյանին այլեւս նշանակեցին վարչապետ, իսկ ուր են ուղարկում Կարեն Կարապետյանին

Dec 10, 2017 Չի մեկնաբանվել

Տխրահռչակ «Գելափ Ինթերնեյշնլ» հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը, որ տարիներ ի վեր ձեռք է բերել պատվիրված հարցումներ անցկացնող և մարդկանց մոլորեցնող կազմակերպության համբավ կրկին ներկայացնում է իր հարցումների արդյունքները: Այսպիսով՝ վերջին մեկ եւ ավելի տարվա ընթացքում սույն կազմակերպության բոլոր հարցումները հօգուտ վարչապետ Կարեն Կարապետյանի են եղել, սակայն նոյեմբերի 10-22-ն ընկած ժամանակահատվածում անցկացրած վերջին հարցումները, որոնց արդյունքները ներկայացվել են այսօր, Սերժ Սարգսյանի վարկանիշի աճ է գրանցել:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Գելափ-ի նախորդ հարցման համաձայն ՀՀԿ-ին մոտ 30 տոկոս քաղաքացի էր վստահություն տվել:Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի վարկանիշի աճի պոտենցիալին. հարցման հեղինակները այս հանգամանքը վարչապետ Կարեն Կարապետյանի անձով  պայմանավորեցին, ասելով, որ վարչապետի անձնական վարկանիշը շարունակում է անհամեմատ բարձր մնալ կուսակցության վարկանիշից: «Կարեն Կարապետյանի գործելաոճին դրական է վերաբերվում քաղաքացիների 81%-ը, հարցվածների 82,8%-ն էլ ցանկանում է 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանին կրկին տեսնել վարչապետի պաշտոնում:Նոր ձևավորված կառավարության կատարած աշխատանքը վերջին 6 ամիսների ընթացքում քաղաքացիների 59,4%-ը դրական էր  գնահատել: Հայաստանի հանրապետական կուսակցության քարոզարշավին  Կարեն Կարապետյանի մասնակցությանը դրական էր վերաբերվում հարցվածների 61,7%-ը:

Իսկ այսօր  Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ասել է. «Մենք 5 անգամ իրականացրել ենք հետազոտություն Կարեն Կարապետյանի հետ կապված, և եթե հիշում եք, ուղիղ մեկ տարի առաջ՝ նոյեմբերին, պատասխանելով այն հարցին, թե ինչպես ենք գնահատում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը, դրական, ավելի շատ դրական գնահատականների ընդհանուր գումարը կազմել է 85,1 տոկոս, որը շատ բարձր ցուցանիշ է, և մենք այդ ժամանակ ասել էինք, որ այդպիսի բարձր ցուցանիշ չի էլ եղել, արդեն հուլիսին ունեցանք 71,6 տոկոս, որի վերաբերյալ շատ լրատվամիջոցներ ասում էին, որ անկում կա։ Այս չափումները, որը մենք կատարեցինք, ցույց են տալիս, որ իրականում Կարեն Կարապետյանը գրանցել է ռեյթինգի բավական մեծ անկում, և այսօր նա գրանցել է դրական պատասխանների 57,3 տոկոսը, որը եթե իր նախորդ տարվա ցուցանիշի հետ ենք համեմատում՝ գրեթե 30 տոկոս անկում է»։ Գելափի հայաստանյան ներկայացուցչության տնօրենը ասել է նաեւ, որ նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշը, ոչ շատ բարձր, անցել է կառավարության դրական գնահատականների վարկանիշից, այդ էյֆորիան, որ կար վարչապետի նոր դեմքի հետ կապված, կամաց-կամաց նվազում է, և գրանցվում են ստաբիլ արդյունքները։

Իհարկե, հետաքրքիր կլիներ լսել, թե այդ ինչի հաշվին է Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացել, հատկապես, որ եթե ուշադրություն ենք դարձնում հարցումների անցկացման ժամանակահատվածը, ապա Սերժ Սարգսյանը չէր հասցրել ստորագրել ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը, որի առիթով նրա հասցեին դրվատանքի խոսքերի պակաս չզգացվեց, նույնիսկ ընդդիմության դաշտից հերոսական քայլ գնահատեցին: Իրականությունն այն է, որ այս կազմակերպությունը արտացոլում է այն պատկերը, որը պատվիրում է իշխանությունը: Եթե նախկինում պետք է, որ Կարեն Կարապետյանին բարձր վարկանիշ տալ, քանի որ առջեւում ընտրություններն էին, վերարտադրության ժամանակահատված, ապա հիմա եկել է քարերը հաշվելու ժամանակը ու կարելի է պնդել, որ 2018-ն վարչապետի պաշտոնին հավակնում է հենց Սերժ Սարգսյանը, որին Գելափն արդեն նշանակեց այդ պաշտոնում: Մնում է պարզել, թե որտեղ կուղարկեն Կարապետյանին:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Սերժ Սարգսյանին այլեւս նշանակեցին վարչապետ, իսկ ուր են ուղարկում Կարեն Կարապետյանին”

Մեկնաբանել