Անփոխարինելի մարդիկ չկան. Արմեն Ռոստամյանը Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման մասին

Dec 07, 2017 Comments Off on Անփոխարինելի մարդիկ չկան. Արմեն Ռոստամյանը Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման մասին

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը անդրադառնալով Gallup International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի անցկացրած հարցումների արդյունքներին, ըստ որի՝ Նախագահի վարկանիշը բարձրացել է, իսկ վարչապետինը՝ ընկել, ասաց, որ թերահավատորեն է մոտենում այդ հարցումներին:

«Այդ ցուցանիշները, բնականաբար, պետք է իրենց ազդեցությունն ունենան հետագա բոլոր անելիքների վրա, բայց հանրային ընկալմամբ կարող է չերևալ, որովհետև տեմպերը դեռևս գոհացուցիչ չեն, բայց փոփոխությունների ուղղությունը, բազմիցս ասել ենք, որ ճիշտ է ընտրված։ Բայց որպեսզի հանրային ընկալումն էլ դրան նպաստի, պետք է տեմպերն ավելացնել»,- շարունակեց Արմեն Ռուստամյանը:

Տեղեկացնենք, որ այդ հարցումների տվյալների՝ հարցվածների 26.7 տոկոսը դրական է գնահատում ՀՀ նախագահի աշխատանքը, 26.2 տոկոսը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի: Հարցումներից նաև պարզ է դարձել, որ Կարապետյանի վարկանիշը 85 տոկոսից նվազել է մինչեւ 57-ի: Դիտարկմանը, թե թերեւս հող են նախապատրաստում, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը ստանձնի կառավարության ղեկավարի պաշտոնը՝ այդպիսով նաեւ երկրի ղեկավարումը, Ռուստամյանը չհամաձայնեց. «Որևէ հող նախապատրաստելու խնդիր չեմ տեսնում, ի՞նչ է հարցումներով են հող նախապատրաստում: Հող նախապատրաստում են գործողություններով, որոնք իրենց տրամաբանությամբ ընթանում են»:

Հարցին` արտաքին քաղաքականությամբ զբաղվելու համար ՀՀԿ-ում կա՞ այնպիսի մարդ, որ կկարողանա փոխարինել Սերժ Սարգսյանին, Ռուստամյանը պատասխանեց. «Անփոխարինելի մարդիկ չկան, իսկ արտաքին քաղաքականությունը պետք է նոր որակով ու մակարդակով իրականացվի: Խորհրդարանական համակարգը ենթադրում է այդ առումով թիմային աշխատանք: Ես կարծում եմ` դրան համապատասխան պետք է վերադասավորվի արտաքին քաղաքականությունը»,- ընդգծեց պատգամավորը:

Կարեն Կարապետյանը կկարողանա՞ փոխարինել Սերժ Սարգսյանին, Ռուստամյանը պատասխանեց. «Ինչո՞ւ չէ, Կարեն Կարապետյանը ցույց է տվել, որ չի՞ կարող, իհարկե, կարող է»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: