Պուտինի չորրորդ ժամկետն ու Սերժ Սարգսյանի ոգեշնչման աղբյուրը

Dec 09, 2017 Չի մեկնաբանվել

Ռուսաստանում 2018թ. մարտի 18-ին նախագահական ընտրություններ են տեղի ունենալու, և երեկ հնչեց բոլորի համար սպասելի, բայց՝ «սկանդալային» հայտարարությունը…

«Ես առաջադրելու եմ իմ թեկնածությունը Ռուսաստանի նախագահի ընտրություններում», – Նիժնի Նովգորոդ քաղաքում՝ երեկ ԳԱԶ ավտոգործարանի 85-ամյա հոբելյանին նվիրված հավաք-համերգին ասել է Պուտինը՝ հավելելով. – «Ավելի լավ վայր և առիթ նման հայտարարության համար երևի չկա»։ Գործարանի բանվորները Ռուսաստանի նախագահի այս հայտարարությունն ընդունել են ծափերով։ Ավելի վաղ ռուսական մամուլը գրել էր, որ նախագահական ընտրություններում մասնակցելու մասին իր որոշումը Պուտինը կհայտարարի բանվորների հետ հանդիպմանը, քանի որ հենց բանվորներն են նախևառաջ Պուտինի ընտրազանգվածը։

Ռուսաստանում ընտրությունները 2018թ. մարտին կայանալիք ընտրություններում ռուսաստանցիները նախագահ են ընտրելու վեց տարի ժամկետով։ Երրորդ անգամ Պուտինը ընտրվել է 2012-ին: Սա Պուտինի արդեն չորրորդ ժամկետն է։ Որ Պուտինը վերընտրվելու է այս պաշտոնում, ոչ ոք չի կասկածում։ Վերջին հարցումները վկայում են, որ մեկ այլ նախագահ երկրում ուզում է տեսնել ռուսաստանցիների 25 տոկոսը միայն։

Նախագահական ընտրություններին իրենց մասնակցության մասին արդեն հայտարարել են դեմոկրատական ճակատը ներկայացնող Ռուսաստանի բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը, Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը, «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին, հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը, սկանդալային գործարար Սերգեյ Պոլոնսկին, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին:

Փորձագետների կարծիքով՝ միակ ռեալ ընդդիմադիր գործիչը, ով կարող է մրցակցել Պուտինի հետ, Ալեքսեյ Նավալնին է, ով, սակայն, չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ դատապարտված է հինգ տարվա պայմանական ազատազրկման՝ «Կիրովլես» հայտնի գործով։ Նավալնին, սակայն, հայտարարում է, որ Ռուսաստանի իշխանությունները նրան ընտրություններին չթողնելու որևէ իրավական հիմք չունեն և ակտիվ քարոզարշավ է անցկացնում ու բազմահազարանոց ցույցեր անում Ռուսաստանի տարբեր մարզերում։

Նավալնին, չնայած քաղաքային իշխանությունների՝ հանրահավաքը տապալելու ջանքերին՝ նախօրեին Սամարա քաղաքում բազմահազարանոց հանրահավաք անցկացրեց։ Ոստիկանները հանրահավաքից առաջ փակել էին հավաքի վայր տանող մուտքը, իսկ հարևանությամբ տեղակայված մշակույթի տանը քաղաքային իշխանությունները հանրահավաքին զուգահեռ արևելյան պարերի մրցույթ էին կազմակերպել և այնտեղից բարձր երաժշտություն էր հնչում։ Հանրահավաքի վայրում «Նավալնիի կազմակերպած հավաքը արտոնված չէ» գրությամբ մեծ պաստառ էր փակցված։ Հանրահավաքից առաջ՝ գիշերը ոստիկանները բերման էին ենթարկել տեղի ակտիվիստներին, իսկ բեմը, որտեղ պետք է ելույթ ունենար Նավալնին, ապամոնտաժել էին։ Չնայած այս ամենին, Նավալնին չի չեղարկել իր ելույթը և խոսել է բարձրախոսով։ Ընդդիմադիր գործչի շտաբը հայտարարեց, որ քաղաքային իշխանությունների դեմ հայց է ներկայացնելու դատարան, ընդ որում՝ Նավալնիի շտաբն արդեն ուներ դատարանի որոշում, որը պարտադրում էր քաղաքապետարանին հավաքի նոր վայր առաջարկել։ Նավալնին շարունակում է իր ակտիվ նախընտրական քարոզարշավը։ Դեկտեմբերի 1-ին Նիժնի Նովգորոդ քաղաքում 3 օրով ձերբակալվել էր նրա շտաբի ղեկավարը։

Ինչևէ, տարվա «ինտրիգն», այսպիսով, բացահայտված է. Պուտինն առաջադրվեց:

Ի՞նչ է սպասում Ռուսաստանին ու նրա հետ հարաբերվող պետություններին… Սա կարևոր հարցադրում է, եթե հաշվի առնենք այն, թե ինչ դիրքերից է հանդես գալու չորրորդ ժամկետի գնացող Պուտինը:

Ի՞նչ է նշանակում Պուտինի առաջադրումը նրա գործընկեր պետությունների ու ռազմավարական դաշնակիցների առաջնորդների համար…

Սերժ Սարգսյանը նույնպես 2018-ին իշխանության ստանձնման, կամ, ավելի ճիշտ՝ «ի՞նչ ձևով» ստանձնելու որոշման առջև է կանգնած: Նա ևս պահում է ինտրիգը, նշելով, թե առայժմ չի պատկերացնում, թե ինչ ձևով է մասնակցություն ունենալու իշխանավարմանը:

Բայց Հայաստանում, մտքում, թերևս, ոչ ոք չի կասկածում, որ նրա իշխանավարումը շարունակվելու է 2018-ից հետո նույնպես:

Ահա, հետխորհրդային պետությունների նմանությունը, նրանց առաջնորդների ոգեշնչման աղբյուրը՝ Պուտինի պարգևը դաշնակից առաջնորդներին:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Պուտինի չորրորդ ժամկետն ու Սերժ Սարգսյանի ոգեշնչման աղբյուրը”

Մեկնաբանել