Վաճառվում է Նորքի հոգեբուժարանը, գնորդը հայտնի է

Dec 09, 2017 Չի մեկնաբանվել

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է դիմել «Հին Նորք բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենը՝ տեղեկացնելով, որ ընկերությունը ցանկանում է ձեռք բերել «Նորք հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցում գտնվող 6843.3քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.8 հեկտար մակերեսով հողամասը՝ բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն կառուցելու նպատակով:

Կառավարությունը համաձայնվել է օտարել «Նորք հոգեբուժական կենտրոնը»՝ ուղղակի վաճառքի ձևովով: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում: Ըստ այդմ՝ գործադիրը մտադիր է Երևան, Նորք Մարաշ, Գ. Հովսեփյան փողոց 32/6 հասցեում գտնվող 6843.3 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկմանհամար անհրաժեշտ 2.8 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Հին Նորք» բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ գույքի վաճառքի գին սահմանելով 868 մլն ՀՀ դրամը:

Գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.8 հեկտար մակերեսով հողամասը՝ 455 մլն դրամ կադաստրային արժեքով:

Այս նպատակով կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից իրականացվել է վերոնշյալ անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում՝ համաձայն որի 2017 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմել է 868 մլն 330 հազար ՀՀ դրամ, իսկ հողամասի կադաստրային արժեքը՝ 455 մլն 726 հազար  ՀՀ դրամ: Ըստ պաշտոնական փաստաթղթի՝ հողամասը գտնվում է տարածագնահատման 4-րդ գոտում և հողամասի 1 քառ.մետրի կադաստրային արժեքը կազմում է 16 476 ՀՀ դրամ: Արձանգրենք, որ Նորք Մարաշում նման գնով հող առնել շուկայական եղանակով անհնար է. Շուկայական գինը բարձր է առնվազն 10 անգամ:

Որպես հիմնավորում, թե ինչու է Երևանի բարձրադիր գոտում գտնվող այս յուղոտ տարածքն ու հսկայական գույքը օտարվում առանց աճուրդի՝ կառավարությունը նշում է մոտ 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրման և 1000 նոր աշխատատեղի ստեղծման ակնկալիքը: Ընդունելով հնադերձ ներդրումների կարևորությունը՝ անընդունելի է հատուկ ուղղվածության բուժհիմնարկից, ինչպիսին «Նորք հոգեբուժական կենտրոնն» է տարածք վերցնել՝ բիզնեսի նպատակով: Այսօր Հայաստանի բոլոր հոգեբուժարաններն ու խնամքի կենտրոններն աշխատում են գերբեռնված և կարիք ունեն ընդլայնման և նոր ծառայությունների ներդրման: Շատ լուրջ է հատկապես մեծահասակների խնամքի կենտրոնների հարցը. այդպիսիք ուղղակի շատ քիչ են և աշխատում են գերծանրաբեռնված: Եվ պետությունը, փոխանակ մտածի այդ ծառայությունների բարելավման մասին, ոչ ավել ոչ պակաս վաճառում է հոգեբուժարանի տարածքը:

Բացի այս՝ գնորդները, պարզվում է, ոչ թե մեկ, այլ միմյանց փոխկապակցված երկու կազմակերպություն են:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Հին Նորք» բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական և «Սոֆթ Կոնստրակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները հիմնադիրների մասով փոխկապակցված են: «Ք. Երևան, Նորք Մարաշ, Գ. Հովսեփյան փողոց 32/6 հասցեում գտնվող անշարժ գույքը ձեռք բերելու դեպքում <<Հին Նորք>> բիզնես կենտրոն>> ՓԲԸ-ն պատրաստվում է վճարել 2 մլն 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ գույքի վաճառքի գինը, պայմանագրի կնքման պահից 3 տարվա ընթացքում «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ի հետ համատեղ կատարել ներդրում՝ 3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով, իսկ «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ն իր հերթին կտրամադրի նաև համակարգչային տեխնիկա, գրասենյակային կահույք և կստեղծի 1000 աշխատատեղ: «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ-ն և վերջինիս հետ հիմնադիրների մասով փոխկապակցված ընկերությունները մասնագիտացված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:»,- նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ:

Հիշեցնենք, որ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N1165-Ա որոշմամբ «Նորք» հոգեբուժական կենտրոն» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ները միավորվել էին՝ ստեղծելով «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ: Նշված միաձուլման գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ, որից անմիջապես հետո «Նորք» հայտնի հոգեբուժարանը կվաճառվի: Հիմա թերևս պարզ է, թե որն էր այդ միաձուլման և օպտիմալացման իրական նպատակը:

 

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Վաճառվում է Նորքի հոգեբուժարանը, գնորդը հայտնի է”

Մեկնաբանել