Ռուս-ամերիկյան «լրտեսական» կրքեր

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

Ռուս-ամերիկյան հարաբերությունները նորանոր դրսևորումներ են ստանում: Դրանք վաղուց արդեն առնչվում էին ԶԼՄ-ների գործունեությանն, այժմ արդեն կողմերն անցնում կոնկրետ գործողությունների, ավելի ճիշտ՝ ոչ ստանդարտ լուծումների:

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ զանգվածային լրատվամիջոցների մասին նոր օրենքի համաձայն՝ «Ազատ Եվրոպա /Ազատություն» ռադիոկայանը, «Ամերիկայի ձայնը», «Настоящее время» հեռուստաալիքը, «Ազատություն» ռ/կ թաթար-բաշկիրական ծառայությունը, ռադիոկայանի «Սիբիր ռեալի», «Իդել ռեալի», «Ֆակտոգրաֆ», «Կավկազ ռեալի» և «Ղրիմ ռեալի» մեդիա-ծրագրերը ճանաչվում են օտարերկրյա գործակալություններ:

Այս մասին հայտնելով պաշտոնական կայքում տեղադրած մեկ նախադասությամբ՝ ՌԴ արդարադատության նախարարությունը չի պարզաբանում, թե ինչ հնարավոր սահմանափակումների կարող են հանդիպել նշված լրատվամիջոցներն ու ծրագրերը: Սակայն ռուս օրենսդիրները նշել են, որ նշված ԶԼՄ-ներից կարող են պահանջվել ֆինանսական մանրամասն հաշվետվություններ, վերջիններս նաև իրենց նյութերը պետք է պիտակավորեն որպես օտարերկրյա գործակալների կողմից հրապարակված նյութեր:

«Ազատ Եվորպա/ Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթն ասել է, որ ՌԴ արդարադատության նախարարության որոշման մասին ընկերությունն իրազեկված է, սակայն որևէ մանրամասներ չեն ստացվել, թե ինչ սահմանափակումներ է այն ենթադրում: «Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ այդ որոշման արդյունքում մեր ընկերության գործունեությունը կարող է ավելի շատ սահմանափակումների ենթարկվել: Կոնկրետ տեղեկատվություն այդ սահմանափակումների մասին դեռ չկա»,- նշել է Թոմաս Քենթը:

Նա ասել է նաև, որ ուշադրությամբ կհետևեն ընկերությանը վերաբերող՝ ՌԴ արդարադատության նախարարության և Ռուսաստանի իշխանությունների մյուս մարմինների հաղորդագրություններին, միաժամանակ ընդգծելով. «Մենք կպահպանենք մեր լրագրողական գործունեությունը շարունակելու հանձնառությունը՝ ճշգրիտ և անաչառ տեղեկատվության տրամադրումը մեր ռուսալեզու լսարանին»:

Օրինագիծը, որը Ռուսաստանի կառավարությանը հնարավորություն պետք է տար օտարերկրյա ցանկացած լրատվամիջոցի «օտարերկրյա գործակալ» ճանաչել, արագորեն ընդունվեց ՌԴ խորհրդարանում և նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրվեց նոյեմբերի 25-ին: Ռուս պաշտոնյաները պնդում են, որ այդ օրենքը համարժեք արձագանքն է ամերիկյան կողմի գործողություններին: Օրենքն ընդունվեց այն բանից հետո, երբ պետական «Russia Today» հեռուստաընկերությունից, որը մեղադրվում է հակաամերիկյան քարոզչություն տարածելու մեջ, ԱՄՆ-ում պահանջեցին իր գործունեությունը գրանցել օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքին (FARA) համապատասխան:

Ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ երկու կողմերի գործողությունները համարժեք չեն, հիմնավորելով, որ Ռուսաստանն օտարերկրյա գործակալի մասին օրենքն օգտագործում է այլախոհությունը լռեցնելու և գաղափարների ազատ փոխանակմանը խոչընդոտելու նպատակով: Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հանթսմանն ավելի վաղ Մոսկվայում այցելելով «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակ, ասել էր, որ ԱՄՆ-ում օտարերկյա գործակալներին գրանցելու օրենքն ապահվում է օտարերկրյա կառավարությունների ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը, որպեսզի նաև լսարանը տեղեկացված լինի, թե որտեղից է ֆինանսավորվում տվյալ կազմակերպությունը և ըստ այդմ՝ ինչ դիրքորոշում է հայտնում: «Այն ազդեցություն չի ունենում լրատվամիջոցի գործունեության, նյութերի բովանդակության ու տարածվող գաղափարների վրա»,- ասել էր դեսպանը, ընդգծելով, որ ռուսաստանյան օրենքը «արմատապես» տարբերվում է ամերիկյան օրենքից:

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան դեկտեմբերի 4-ին ասել էր, թե «օտարերկրյա գործակալներ» համարվող լրատվամիջոցները նախարարության հավատարմագրից չեն զրկվի և կարող են հանգիստ ու առանց խոչընդոտների իրականացնել իրենց լրագրողական գործունեությունը: Սակայն ակնկալվում է, որ այս շաբաթվա ընթացքում ՌԴ պետդուման կընդունի մեկ այլ օրենք, որով կարգելվի «օտարերկրյա գործակալ» ճանաչված ամերիկյան լրատվամիջոցների լրագրողների մուտքը Դումա: ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի բարձրաստիճան օրենսդիրներից մեկն ասել է, որ վերին պալատը նույնպես քննարկելու է մուտքն արգելելու հարցը:

Եվրամիությունն արդեն հայտարարել է, որ ռուսական օրենքը հակասում է մարդու իրավունքների պաշտպանության հարցում Ռուսաստանի ստանձնած պարտավորություններին և հանձնառությանը, ընդգծելով, որ այն սպառնալիք է տեղեկատվություն ստանալու մատչելիությանը և ազատ ու անկախ մամուլին: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը ևս դատապարտել է ռուսական օրենքը, այն համարելով «խեղդող գրոհ մամուլի ազատության վրա» և հայտարարել, որ դա միտված է՝ լռեցնելու Ռուսաստանի ժողովրդին ուղղված, սակայն իշխանությունների համար անցանկալի ձայները:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ռուս-ամերիկյան «լրտեսական» կրքեր”

Մեկնաբանել