Ռեֆորմիստական միֆ,թե՞ անձնական հաշվեհարդար

Dec 09, 2017 Չի մեկնաբանվել

Երբ Կարեն Կարապետյանի օրհնված ոտքը մտավ Հայաստան, նրա առաջին քայլերից մեկը տխրահռչակ Լիսկայի ազատումն էր: Հայտարարվեց, թե մեր մոդեռն վարչապետը հեչ չի սիրում Լիսկայանմաններին ու պատրաստվում է նրաց դեմ պատերազմ սանձազերծել: Սյունիքի նախկին մարզպետի հարցում ասածն իրականություն դարձավ, Սուրիկ Խաչատրյանը հրաժեշտ տվեց պաշտոնին ու քիչ էր մնում Կարեն Կարապետյանի ֆան-ակումբներ բացվեր, երկրպագության ծեսեր կազմակերպվեին, բայց ժողովուրդը կարճ ժամանակում գլխի ընկավ ինչն ինչոց է:

Հայաստանի դիցուկ միայն մարզպետների շարքում Լիսկակերպների պակաս չի զգացվում, մի տարբերությամբ, եթե Լիսկան բոլոր հարցերը լուծում էր զենքի միջոցով, կոշտ ու կոպիտ, մյուսները դա անում են մի փոքր քաղաքակիրթ մթնոլորտում: Օրինակ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը գործում է իսկ եւ իսկ ֆեոդալի պես, նա անձամբ է հարկահավաք կազմակերպում, մեկից ցորեն, մյուսից ընտանի կենդանի, երրորդից էլ փող պահանջում ստացված եկամուտի եւ այլնի համար, նրա անմիջական հրամանով են մարզի պետական հաստատություններում կամ մարզպետարանի ենթակայության տակ գործող օբյեկտներում անգամ հավաքարարի աշխատանք տրամադրում: Կամ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, որը հանցավոր կլանի հովանավորչություն է ստանձնել եւ տարիներ շարունակ Ալավերդիում վենդետաներ են իրականացվում: Կամ Տավուշի բդեշխ Հովիկ Աբովյանը, որն իրեն սրբադասել է ու կախ եկել մարզի եկեղեցիներից մեկի պատի նկարին, պատկերացնել կարելի է , թե այդ մարդը ինչպիսի պաշտամունք կկազմակերպի իր ղեկավարած մարզի տարածքում: Բայց նրանք մնացին անառիկ եւ շարքերը լքեց բացառապես ամենատխրահռչակը, որը հայտնվել էր բոլորի ուշադրության կենտրոնում:

Իրականում խնդիրը ոչ Կարեն Կարապետյանն էր, ոչ էլ նրա նախասիրությունները, խնդիրը Սերժ Սարգսյանն ու իշխանության վերարտադրության հարցն էր, առջեւում ընտրություններ, հետեւում մինչեւ վերջ մսխած հեղինակություն եւ Կարեն Կարապետյանի ռեֆորմիստական կերպարի ներքո պետք է փոփոխությունների նոր ալիքի պատրանք ստեղծել, որն, ինչ որ կերպ հաջողվեց:

Հիմա նույն գործընթացը ծավալվում է հայոց բանակում, մի տարբերությամբ, որ գլխավոր դերում Վիգեն Սարգսյանն է, որը հայտարարեց, թե իր հորդորով ԳՇ տեղակալ Հայկազ Բաղմանյանը ազատման դիմում է գրել: Պաշտպանության նախարարը պարզաբանեց, թե Բաղմանյանը թերացել է իր պարտականությունների մեջ: Մեծ հաշվով Բաղմանյանի հեռացումը լավագույն ապացույցն է այն ճշմարտության, որ հրեշավոր համակարգն ի վերջո կուլ է տալիս նաև սեփական զավակներին: Իհարկե բանակից նրա հեռացումն ինքնին դրական երևույթ է, քանի որ այդ մարդը պրոֆեսիոնալ հանցագործ է: Բանակում ծառայած յուրաքանչյուր ոք կհաստատի, որ գեներալն իր ծառայության ողջ ընթացքում առաջնորդվել էոչ մարդկային բնազնդերով, խոշտանգել ու ծեծել է բազմաթիվ զինվորների:

Այս ամենի հետ միասին Բաղմանյանը անխնա կերպով տարիներ շարունակ թալանել է բանակը:Այսքանից հետո Հայկազ Բաղմանյանին պետք է բանտ ուղարկեին: Բայց ի՞նչ բանտ, նրան ուղարկում են ընդամենը թոշակի, իսկ ամենասարսափելին՝ հեռացումը ներկայացնում որպես Սերժ և Վիգեն Սարգսյանների նախաձեռնած ռեֆորմիստական գործունեության հերթական նվաճում: Իրականում մեր տեղեկություններով Բաղմանյանը տարիներ շարունակ խնդիրներ է ունեցել ԳՇ պետ Մովսես Հակոբյանի հետ, նրանք խորը տարաձայնությունների մասին գիտեն բոլորը ու Հակոբյանն է հետեւողական պայքարել Բաղմանյանի հեռացման համար: Բայց քանի որ առջեւում 2018-ի ապրիլն է, ապա նման նվաճումներ դեռ շատ կներկայացնեն:

Անի Սահակյան

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ռեֆորմիստական միֆ,թե՞ անձնական հաշվեհարդար”

Մեկնաբանել