Մաքսային նոր օրենսգիրք. թանկացումներն անխուսափելի են

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

Ազգային ժողովում քննարկվել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի պայմանագիրը, որն  ստորագրվել է 2017 թվականի ապրիլի 17-ին և ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից: Պայմանագիրն ունի 3 հավելված. առաջինը բուն մաքսային օրենսգիրքն է, երկրորդը սահմանում է, որ ուժը կորցրած են ճանաչվում մաքսային ոլորտի այլ միջազգային պայմանագրերն ու օրենսգրքերը և երրորդը վերաբերում է ԵԱՏՄ իրավունքի մաս կազմող որոշ միջազգային պայմանագրերի առանձին դրույթների ուժը կորցրած ճանաչելուն:

Հարցը ներկայացնող ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը վստահեցրել է, որ մաքսային օրենսգրքով նախատեսվում է մաքսային ընթացակարգերի էական բարելավում, կրճատվում են թե՛ ապրանքների մաքսային հայտարարագրման, թե՛ տեղափոխման ժամկետները, նվազում են տնտեսվարողների եւ մաքսային մարմինների միջեւ եղած շփումները: Ենթադրվում է, որ կրճատվում է նաեւ ապրանքների հայտարարագրման ժամկետը, նախկին 2 ժամի փոխարեն՝ դառնում է 1 ժամ:
Մաքսային մարմինները մաքսային հայտարարագրերում անճշտություններ գտնելու դեպքում ոչ թե միանգամից մերժելու են մաքսային հայտարարագիրը, ինչպես այժմ, այլ տեղեկացնելու են տնտեսվարող սուբյեկտներին՝ նրանց հնարավորություն տալով ուղղել մաքսային հայտարարագիրը: Բոլոր ապրանքների ներմուծման համար նախատեսվում է մաքսատուրքի տարաժամկետման հնարավորություն, որը նորություն է: Տնտեսվարողի ցանկությամբ՝ մաքսատուրքի վճարումը կարող է հետաձգվել մինչեւ 1 ամիս՝ տոկոսների վճարմամբ, իսկ տոկոսները հաշվարկվում են Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքից ելնելով:

Օրենսգիրքը թույլ է տալիս մաքսային հայտարարագիր ներկայացնել՝ առանց ուղեկցող փաստաթղթերի՝ կանաչ, դեղին, կարմիր ուղիներ ընտրելով: Կանաչ ուղի ընտրելու դեպքում ուղեկցող փաստաթղթերի անհրաժեշտություն չկա,  եթե կընտրվի դեղին կամ կարմիր ուղի, ուրեմն ուղեկցող փաստաթղթեր պետք է ներկայացնել:

Մաքսային արժեքի որոշման համար 6 մեթոդ է սահմանվել, ինչպես ներկայումս է, գերակայությունը գործարքի գնի մեթոդին է վերապահված: Ֆիզիկական անձանց կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման դեպքում 6 ամսվա ժամկետը երկարացվել է մինչեւ 1 տարի ժամկետով: ԵԱՏՄ բոլոր քաղաքացիները հնարավորություն են ստացել, որ կարողանանք օգտվել անմաքս առեւտրի խանութներից: Հայաստանը ստացել է տարածքային ազատ գոտի ստեղծելու հնարավորություն, սա լրացուցիչ հնարավորություն է՝ արտոնություններով: Նախատեսվում է նաեւ մաքսային վճարների գծով համաներում: Խոսքը վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծում ընթացակարգով ապրանքների ներմուծման նախկին դեպքերին, որի ժամանակ տեղի է ունեցել մաքսային ընթացակարգերի խախտում: Եթե ֆիզիկական անձինք ներմուծել են տրանսպորտային միջոցներ և արձանագրվել են մաքսային վճարներ, տույժեր, տուգանքներ, ապա օրենսգրքի ուժի մեջ մտնելու կապակցությամբ թե՛ մայր գումարները, թե՛ տույժերն ու տուգանքները ամբողջությամբ զրոյացվում են:

Արտոնություններն և ընթացակարգերը, սակայն, Մաքսային օրենսգրքի ամենամեծ առավելությունն ու հմայքը չեն: Մաքսային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո երրորդ երկրից ներմուծվող ավելի քան 700 անուն ապրանքների մաքսատուրքը ավելանում է: Այն ապրանքները, որոնք արտադրվում են ԵԱՏՄ տարածքում, երրորդ երկրներից ներմուծվելու են ավելի բարձր տարիֆներով: Ճիշտ է, ԵԱՏՄ երկրներից դրանք ներմուծելու դեպքում մաքսատուրք չի գանձվելու, բայց հաշվի առնելով անմիջական սահմանների բացակայությունն ու Վրաստանով անցնող տրանզիտը, այդ նույն ապրանքների թանկացումն անխուսափելի է:

 

 Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Մաքսային նոր օրենսգիրք. թանկացումներն անխուսափելի են”

Մեկնաբանել