Բանակից «պլստալու» ճանապարհը փակելու որոշում

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու մասին օրենքը երկարաձգվում է վերջին անգամ: Օրենքը գործելու է մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը: 

Ազգային ժողովում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նշել է, որ օրենքը դիտվում է բանակ գնալու ցանկություն չունեցող և բանակից խուսափել ցանկացող մարդկանց մասին օրենք: «Մենք կարծում ենք, որ այս օրենքը կարողացել է հանդիսանալ բանակից խուսափել ցանկացողների համար հնարավորություն: Դրա համար մենք առաջարկում ենք, որ այն դուրս գա իրավական համակարգից: Մենք հեղինակների հետ քննարկումների արդյունքում եկել ենք համաձայնության այդ հարցում, նաև որոշակիորեն բարձրացրել ենք վճարի շեմը նշել է Ա. Զաքարյանը:

Փաստորեն, սա վերջին հնարավորությունն է, և բոլոր այն անձինք, ովքեր ժամանակին զինվորական ծառայությունից խուսափել են, և լրացել է նրանց 27 տարին, կարող են 3 մլն 600 հազար դրամ վճարում կատարել և ազատվել քրեական հետապնդումից:

2019թ. դեկտեմբերի 31-ից հետո արդեն զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ կիրառվելու է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, նրանք այլևս գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատվելու հիմք չեն ունենա:

Նշենք, որ այս օրենքն ընդունվել է 2003 թվականին և երկարաձգվում է արդեն 9-րդ անգամ: Այս ընթացքում հազարավոր մարդիկ օգտվել է օրենքի ընձեռած հնարավորությունից: Նախկինում յուրաքանչյուր զորակոչի համար բանակից խուսափած անձը վճարում էր 100 հազար դրամ, որը մինչև 27 տարին լրանալը՝ 18 զորակոչի համար կազմում էր 1 մլն 800 հազար դրամ: Այժմ վճարի չափը կրկնակի ավելացվել է և նշվել, որ փողով բանակից ազատվելու այս ճանապարհը փակվում է: Պետք է նկատել, որ արդարության տեսանկյունից սա միանգամայն ճիշտ մոտեցում է: Հատկապես տարկետման իրավունքի վերացումից հետո արտասահմանում 9 տարի թաքնվելուց հետո փողով բանակից ազատվելու հնարավորությունը, մեղմ ասած, բարոյական չէր, առավել ևս որ սահմանված գումարն էլ կարելի է ասել չնչին  էր: Իհարկե, սա ամենևին էլ չի նշանակում, թե բանակից խուսափողները այս օրենքի մասին լսելուց հետո անմիջապես կվերադառնան ու կանցնեն ծառայության: Խուսափողներ վստահաբար էլի կլինեն: Նրանց նկատմամբ, սակայն, պետք է կիրառել ոչ միայն քրեական պատիժ, այլ վարչական շատ բարձր տույժ, օրինակ՝ յուրաքանչյուր խուսափած զորակոչի համար 5 մլն դրամ, որը 18 զորակոչի համար մինչև 27 տարին լրանալը կկազմի 90 մլն դրամ: Այսպես թե այնպես, կան մարդիկ, ովքեր չեն ծառայում կամ էլ ծառայում են առանձնահատուկ արտոնյալ պայմաններում: Այս մարդկանց համար ավելի ճիշտ է սահմանել բարձր վճարներ, որը հնարավորություն կտա բանակում ներգրավել պայմանագրային ծառայողների: Ի վերջո, եթե բանակից խուսափած մեկ անձը պետությանը վճարի երկու պայմանագրային զինծառոյողի աշխատավարձ՝ ըստ տարիների, ապա նրա չծառայելը տնտեսական առումով կարելի է հիմնավորված համարել: Ամեն դեպքում, բանակից պլստալու մատչելի կամ հասանելի ճանապարհը վերացնելը ճիշտ որոշում է:

 

Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Բանակից «պլստալու» ճանապարհը փակելու որոշում”

Մեկնաբանել