Ինչու ՀԱՊԿ-ը չդավաճանեց ու շահեց Հայաստանի սիրտը

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

Անցյալ շաբաթ ուշագրավ, կարելի է ասել նույնիսկ սենսացիոն իրադարձություն տեղի ունեցավ: Մինսկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում նաև քաղաքական հայտարարություններ ընդունվեցին, այդ թվում՝ Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ խորհրդի նեղ կազմով նիստին հաջորդած լիագումար նիստում կազմակերպության անդամ երկրների նախագահները քննարկել են ավելի քան երկու տասնյակ հարցեր, ստորագրել մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության առաջիկա տարիների ռազմավարության իրագործմանը, կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, պաշտպանության, արտաքին քաղաքականության և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությանը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությանը, ապա դրանում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները վերահաստատել են իրենց աջակցությունը Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որը Մինսկում մասնակցում էր ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին, Հայաստանի համար «շատ կարևոր» է որակել այս հայտարարությունը: «Անշուշտ, քաղաքական մեծ նշանակություն ունի [հայտարարությունը] և վերահաստատում է հիմնական սկզբունքները, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահության բացառիկ կարգավիճակը այդ հակամարտության կարգավորման տեսանկյունից: Ինչպես միշտ, այս համաձայնագրերը հիմք են հետագա աշխատանքի համար, և ես բազմիցս ասել եմ, որ մեր կազմակերպությունը կլինի այն, ինչ մենք բոլորս ներդնենք որպես ջանք և ստանանք այդ կազմակերպության ամրապնդման տեսակետից», – ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը:

Այն, որ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը ու շեշտել են խնդրի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքները, սա առավել քան կարևոր է, եթե չասենք՝ սենսացիոն արձանագրում՝ ՀԱՊԿ-ականների կողմից:

Ընդ որում, խոսքը մի կազմակերպության մասին է, որը մի քանի առիթներով, երբ Հայաստան-Ադրբեջան սահմանին սադրանքներ էին գրանցվում, խաղաղ բնակիչներ էին վիրավորվում՝ ծպտուն անգամ չէին հանում:

Հիմա, ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական մեդիայում բարձրացած հիստերիայից հետո, ինչպես նաև՝ Կիևում վերջերս հակահայկական հայտարարության ընդունումից հետո, կարծես, Մոսկվան փորձում է մեղքերը քավել, Հայաստանի սիրտը շահել:

Իհարկե, ՀԱՊԿ-ից մշտապես նման հայտարարություններ ակնկալել չարժե: Անդամ որոշ երկրների՝ Ալիևի հետ ունեցած հարաբերություններն, այնուամենայնիվ, կայուն են:

Պետք է միայն արձանագրել, որ Մոսկվան, երբ ցանկանում է՝ հասնում է այնպիսի հայտարարությունների ընդունման, որոնք բխում են հայկական կողմի շահերից:

Հուսանք ապագայում ևս այս դրական տենդենցը կպահպանվի:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ինչու ՀԱՊԿ-ը չդավաճանեց ու շահեց Հայաստանի սիրտը”

Մեկնաբանել