Ի՞նչ դեր է խաղում փողը վարչապետի կյանքում.Մեդիամաքսի հարցազրույցը Կարեն Կարապետյանի հետ

Nov 27, 2017 Comments Off on Ի՞նչ դեր է խաղում փողը վարչապետի կյանքում.Մեդիամաքսի հարցազրույցը Կարեն Կարապետյանի հետ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին 

– Պարոն վարչապետ, Դուք կարծես մի «սահման» եք գծել, որը չեք հատում, երբ խոսքը գնում է Ձեր անձնական կյանքի, ընտանիքի մասին: Կարծո՞ւմ եք, որ այդ հարցերի մասին խոսելուց կարող եք ավելի խոցելի դառնալ:

– Ոչ, պարզապես կան բաներ, որոնք համարում եմ խիստ անձնական: Կարծում եմ, իրավունք ունեմ չխոսել այն թեմաների մասին, որոնք վերաբերում են բացառապես իմ ընտանիքին:

– Հանրության ուշադրության կենտրոնում լինելը Ձեզ անհարմարություն  պատճառո՞ւմ է:

– Այո:

– Իսկ որո՞նք են նման պաշտոնում աշխատելու ամենամեծ դրական ու բացասական կողմերը Ձեր համար: 

– Այսպես ձեւակերպեմ՝ երբեմն դիսկոմֆորտի պատճառը ազատ ժամանակի բացակայությունն է: Դրա հետեւանքով հիմա շատ քիչ եմ կարդում, չնայած միշտ փորձել եմ շատ կարդալ, համերգների չեմ գնում, սպորտով քիչ եմ զբաղվում, թոռնիկիս կարող է օրերով չտեսնում՝ գործի գնալուց նա դեռ չի հասցնում արթնանալ, իսկ երբ վերադառնում եմ աշխատանքից՝ հիմնականում արդեն քնած է լինում: (Զրույցը կայացել էր նոյեմբերի 18-ին, երբ վարչապետի զույգ թոռնիկները դեռ չէին ծնվել-հեղ.): Իհարկե, սա ոչ միայն ինձ է բնորոշ, այլեւ բոլոր նրանց, ովքեր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում կառավարման համակարգում:

Սա չափազանց հետաքրքիր ու պատասխանատու աշխատանք է: Ասել եմ եւ կարող եմ կրկնել՝ ցանկացած կառավարչի համար գերագույն հաճույք է ծառայել սեփական ժողովրդին ու երկրին:

– Դուք հաջողակ մարդու համբավ ունեք: Մի մարդու, ում մոտ միշտ ամեն ինչ ստացվել է: Դժվարություններ երբեւէ ունեցե՞լ եք:

– Իհարկե, բազմաթիվ նման պահեր են եղել իմ կյանքում: Ես ապրել եմ այնպես, ինչպես Խորհրդային Հայաստանում ապրում էին բոլորը: Ամեն ինչ սահուն ու հարթ չի կարող լինել, անգամ եթե կողքից նման տպավորություն կա:

– Իսկ հիմա փողը ի՞նչ դեր է խաղում ձեր կյանքում:

– Փողն ընկալում եմ որպես ֆինանսական անկախություն ապահովելու միջոց, որը բերում է մարդու անկախությանը: Երբ այն ապահովված է, նյութական բարիքների չափը ինձ համար նշանակություն չունի:

– Ոմանք պնդում են, որ Դուք այդ ֆինանսական անկախությունը ձեռք եք բերել տարբեր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում:

– Իրականությունն այն է, որ ես ֆինանսական անկախությունս ապահովել եմ պետական ոլորտում աշխատանքի անցնելուց շատ առաջ: Առհասարակ, նման պաշտոններ զբաղեցրել եմ երեք անգամ՝ 2001թ. կես տարի եղել եմ էներգետիկայի փոխնախարար, 2010-ից 11 ամիս աշխատել եմ որպես Երեւանի քաղաքապետ, եւ մեկ տարուց ավելի է, ինչ զբաղեցնում եմ վարչապետի պաշտոնը:

Երբ ԽՍՀՄ-ում սկսվեց կոոպերատիվ շարժումը, մենք մի քանի մաթեմատիկոսներով ընկերություն հիմնեցինք, որն առաջիններից էր Հայաստանում: Իսկ 1988 թվականին չինացի գործընկերների հետ մեր ստեղծած համատեղ ձեռնարկությունը թվով 14-րդ էր ԽՍՀՄ-ում:

Սկսել էինք մաթեմատիկական խնդիրներ լուծելուց` հավաքել էինք մեր լավագույն ծրագրավորողներին: Երբ հաճախորդներին առաջարկում էինք մեր լուծումները, շատերը ասում էին, որ ավելի լավ է իրենց համակարգիչ վաճառենք: Մենք էլ հպարտ կեցվածք էինք ընդունում եւ ասում, որ առեւտրական չենք: Բայց հետո այնպես ստացվեց, որ համակարգիչ վաճառելը շատ ավելի շահութաբեր էր, քան ծրագրեր գրելը (ծիծաղում է-հեղ.):

Ժամանակի ընթացքում ընկերությունը մեծացավ եւ ծավալվեց: Գրասենյակներ ունեինք Մոսկվայում, Եկատերինբուրգում, Մինսկում, Աշխաբադում, Բեյրութում: Շատ դիվերսիֆիկացված բիզնես էր, ստեղծել էինք բանկ, ավիաընկերություն, զբաղվում էինք գունավոր մետաղներով, ավիափոխադրումներով, տուրիզմով, սեփական արտադրություններ ունեինք եւ այլն:

Այնպես որ, իմ եկամուտների աղբյուրները միշտ պարզ ու հստակ են եղել: Այդ առումով, ինքս ինձ հետ միշտ շատ ներդաշնակ եմ եղել:

– Հարվածային գործիքներ նվագելիս Ձեզ տեսել ենք երկու անգամ: Մեկ անգամ, երբ տարածվեց մի ձայնագրություն, որտեղ նվագում եք Արցախում, երեխաների խմբի հետ: Այս տարի էլ Ձեզ հարվածային գործիքներ նվագելիս տեսանք ՀՀԿ նախընտրական հոլովակներից մեկում: Հաճա՞խ եք նվագում:

– Պրոֆեսիոնալ երբեք չեմ զբաղվել: Ուսանողական տարիներին նվագել եմ մի խմբում՝ ոչ շատ երկար ժամանակ: Հիմա շատ հազվադեպ եմ նվագում: Ավելի ճիշտ կլինի ասել` եզակի դեպքերում:

Կարեն Կարապետյանը՝ ՀՀԿ նախընտրական հոլովակումԿարեն Կարապետյանը՝ ՀՀԿ նախընտրական հոլովակումԼուսանկարը` ՀՀԿ

– Իսկ ռոքի սիրահար ինչպե՞ս դարձաք: 

– Իմ ընտրությունն է եղել՝ մեր տանը ռոք լսողներ չկային: Բայց ես միայն ռոք չեմ լսում, սիրում եմ նաեւ ֆանք, ջազ-ռոք, ֆոլք: Հաճույքով լսում եմ հայկական ժողովրդական երաժշտություն:

– Երբ վարչապետ չէիք, Արցախ շատ էիք այցելում: Ամռանը արձակուրդը եւս Արցախում անցկացրեցիք: Կարելի՞ է պնդել, որ Արցախը հատուկ նշանակություն ունի Ձեր կյանքում:

– Կարծում եմ, որ Արցախը յուրաքանչյուր հայ մարդու համար շատ հատուկ նշանակություն ունի: Այնտեղ է անցնում այն սահմանագիծը, որտեղ որոշվում է մեր ազգային արժանապատվությունը, ինքնասիրությունն ու ինքնությունը: Իրականում այսօր էլ առիթը բաց չեմ թողնում Արցախում լինել, որտեղ ինձ չափազանց լավ եմ զգում: Դա ասում եմ ոչ այն պատճառով, որ ծագումով արցախցի եմ: Ես, իհարկե, հպարտ եմ իմ արցախյան արմատներով, սակայն իմ էությամբ ես երեւանցի եմ, քանի որ մեծացել եւ ապրել եմ Երեւանում:

– Ո՞րն է Ձեր ամենամեծ բացահայտումը վարչապետի պաշտոնում:

– Ես կցանկանայի, որ մեզանում պրագմատիզմն ու ռացիոնալ մտածողությունը ավելի լայն տարածում ունենան։ Թվում է, որ ելնելով այն դժվարություններից, որ տեսել է մեր ազգը պատմության ընթացքում՝ մենք պետք է չափազանց պրագմատիկ ազգ լինեինք: Որոշ հարցերում այդպես է, սակայն շատ հաճախ իլյուզիաներով ենք ապրում:

Կարեն Կարապետյանը ԱրցախումԿարեն Կարապետյանը Արցախում

Այս պաշտոնում ինձ ամենաշատը զարմացրել է այն, որ պոպուլիզմը դարձել է ուժեղ գործոն: Շատ են մարդիկ, որոնք տեսախցիկի առջեւ մի բան են ասում, տեսախցիկից դուրս՝ այլ բան, իսկ իրականում մտածում՝ լրիվ այլ բան: Ինքս երբեւէ տեսախցիկի առջեւ չեմ ասել որեւէ բան, որին չեմ հավատացել: Չեմ փորձում որեւէ մեկին արհեստական դուր գալ, սուտ խոսելը սկզբունքորեն չեմ ընդունում: Լինում են դեպքեր, երբ ճիշտն ասել չես կարող, բայց, կարծում եմ, չկան դեպքեր, երբ պետք է սուտ խոսել:

– Բայց ճիշտը չասելը սուտ խոսելուն հավասարազո՞ր չէ:

– Ոչ: Սուտ խոսելը վատ բան է, բայց, ցավոք, դրա հետ մեր առօրյա կյանքում մշտապես առնչվում ենք:

– Ի՞նչ եք ասում սուտ խոսող մարդկանց, երբ հանդիպում եք նրանց:

– Իրենց որեւէ բան չեմ ասում, ինքս ինձ համար համապատասխան եզրակացություններ եմ անում:

– Այդ դեպքում մեր զրույցն ավարտենք այս հարցով՝ աշխարհում ավելի շատ են բարի՞, թե՞ չար մարդիկ:

– Իհարկե, բարի մարդիկ ավելի շատ են, ինձ համար դա միանշանակ է: Չար մարդիկ պարզապես ավելի շատ ուշադրություն են գրավում ու ավելի բարձր են խոսում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամենուր:

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: