Կռիվ արել եմ,գործել եմ «մեղքեր».Կարեն Կարապետյան

Nov 28, 2017 Comments Off on Կռիվ արել եմ,գործել եմ «մեղքեր».Կարեն Կարապետյան

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին 

– Պարոն վարչապետ, Ձեր կենսագրությունը, բնականաբար, հրապարակված է կառավարության կայքում, սակայն դրանում կան կետեր եւ դրվագներ, որոնց մասին մենք քիչ բան գիտենք կամ առհասարակ չգիտենք: Կցանկանայի այսօր փորձենք մի փոքր «բացել» ձեր կենսագրությունը: Դրանում կարդում ենք, որ Ձեր առաջին աշխատավայրը եղել է Հայկական ԽՍՀ Պետպլանի հաշվողական կենտրոնը։ Ինչո՞վ էիք այնտեղ զբաղվում։

– Պետպլանի հաշվողական կենտրոնում աշխատել եմ չորս տարի։ Չափազանց լավ ու հետաքրքիր հիմնարկ էր, որտեղ աշխատում էին շատ տաղանդավոր մարդիկ, եւ ձեւավորված էր իսկական գիտական միջավայր։

Մենք զբաղվում էինք Հայաստանի ժողտնտեսության համար կանխատեսումներով՝ կիրառելով հետաքրքիր մաթեմատիկական մեթոդներ եւ մոդելներ: Կենտրոնում աշխատելու ընթացքում պաշտպանել եմ թեկնածուական թեզս:

Ժողտնտեսության ճյուղային եւ ռեգիոնալ զարգացման միջեւ հաճախ ի հայտ էին գալիս անհամաչափություններ, եւ ես փորձում էի գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտային ապահովել տնտեսության այս կամ այն ճյուղի եւ ռեգիոնի զարգացումը:

– Այն տարիների աշխատանքը Ձեր այսօրվա գործունեությանն ինչ-որ կերպ նպաստո՞ւմ է:

– Ցանկացած գիտելիք եւ փորձ երբեւէ պետք է գալիս: Սովորելով կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում՝ ես չէի պատկերացնում, որ տարիներ անց հնարավորություն կունենամ որոշակի գիտելիքներ կիրառել էներգետիկայի ոլորտում: Օրինակ, պահեստի հայտնի խնդիրը կիրառել եմ «Հայէներգոյում»` դիսպետչերիզացիայի խնդիրների կարգավորման ժամանակ:

Կարեն Կարապետյանը ԱրցախումԿարեն Կարապետյանը ԱրցախումԼուսանկարը` Հրայր Բադալյան

Մեր դիսպետչերները համարվում էին ԽՍՀՄ լավագույն մասնագետները, ինչը իրականում այդպես էլ կար, եւ սկզբնական շրջանում որոշակի վերապահմամբ էին նայում մաթեմատիկոսին, որը եկել է էներգետիկայի ոլորտ: «Պահեստի» աշխատանքի կազմակերպման մոդելը, մասնավորապես, օգտագործել ենք ջրամբարներում ջրի օպտիմալ քանակ պահելու խնդիրը լուծելու համար:

– Այսինքն, կառավարչի համար ցանկալի կամ, նույնիսկ, պարտադի՞ր է որոշակի մաթեմատիկական գիտելիքներ ունենալ:

– Պարտադիր չէ (ժպտում է – հեղ.): Ես մաթեմատիկոսներին, իհարկե, շատ եմ հարգում եւ գնահատում ու կողմնակալ վերաբերմունք ունեմ իրենց հանդեպ, բայց կարծում եմ, որ կառավարիչ լինելու համար պետք է զուգորդվեն տարբեր որակներ եւ հմտություններ: Երբեմն մաթեմատիկոսները խնդիրներին չափազանց նեղ են նայում: Բայց եթե մաթեմատիկոսը օժտված է տեսլականով, ապա, իհարկե, դա հետաքրքիր կարող է լինել:

– Դուք սիրում եք թուղթ ու գրիչով հարցերը քննարկել, տեղում հաշվարկներ անել:

– Դա միայն մաթեմատիկոսներին բնորոշ սովորություն չէ (ծիծաղում է-հեղ.:)

– Այսինքն, Ձեզ հոգու խորքում մաթեմատիկոս չե՞ք համարում:

– Ոչ, համարում եմ: Ինձ համար շատ կարեւոր է տեսնել պատճառա-հետեւանքային կապը՝ եթե ինչ-որ բան ենք անում՝ ինչո՞ւ ենք դա անում, ի՞նչ արդյունք է տալու, ինչպե՞ս է անդրադառնալու այլ խնդիրների վրա:

– Խորհրդային տարիներին հայկական մաթեմատիկական դպրոցը լավ համբավ ու մեծ հեղինակություն ուներ: Այսօրվա վիճակի մասին ի՞նչ կասեք:

– Այսօր էլ լավ դպրոց ունենք, մտադիր ենք մի շարք միջոցառումներ իրականացնել, որպեսզի եղած ավանդույթները ամրացնենք եւ առաջ տանենք: Մտածում ենք դպրոցներում հատուկ ուշադրություն դարձնել բնագիտական առարկաներին: Բայց դա չի նշանակում, որ այլ ուղղություններին ուշադրություն չենք դարձնելու: Շատ եմ կարեւորում նաեւ օտար լեզուների, ֆիզկուլտուրայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների ու բիզնես հմտությունների դասավանդումը մեր դպրոցներում:

– Պետպլանում աշխատելուն զուգահեռ դասավանդել եք Երեւանի պետական համալսարանում: Ի՞նչ առարկա եք դասավանդել:

– Երկու տարի դասավանդել եմ «Գծային ծրագրավորում» եւ «Օպտիմիզացիոն մեթոդներ» առարկաների գործնական մասը: Ձեզ մի «գաղտնիք» բացեմ`իմ ուսանողների թվում է եղել նաեւ Վաչե Գաբրիելյանը:

– ԵՊՀ-ում դասավանդում էիք բուհը ավարտելուց անմիջապես հետո: Երիտասարդ դասախոս լինելով՝ հե՞շտ էիք լեզու գտնում ուսանողների հետ:

– Մի «գաղտնիք» էլ բացեմ (ծիծաղում է-հեղ.): Այն կուրսում, որին դասավանդում էի, սովորում էր կրտսեր եղբայրս, եւ նա լավ «կապող օղակ» էր իմ եւ ուսանողների միջեւ:

– Ի դեպ, Դուք միշտ ընդգծված ջերմությամբ եք խոսում ուսանողների մասին: Վերջերս էլ նրանց հորդորեցիք «սիրել, սիրահարվել, քեֆ անել»:

– Իսկապես շատ ջերմ եմ վերաբերվում: Շատերը իմ ելույթում միայն այդ հատվածը նկատեցին, ոմանք էլ չգիտես թե ինչու դրանում «ցինիզմ» տեսան: Ուսանողական տարիները մարդու կյանքում հիմնականում ամենաանհոգ ու երջանիկ տարիներն են լինում, որոնցից պետք է առավելագույն օգուտ քաղել եւ, այո՛, նաեւ սիրել, սիրահարվել ու քեֆ անել:

Կարեն Կարապետյանը ԳյումրիումԿարեն Կարապետյանը ԳյումրիումԼուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Ուսանողներին նաեւ կոչ էի արել ծառայել մեր երկրին: Համոզված եմ, որ լիարժեք կյանքով ապրում ես միայն այն դեպքում, երբ հաճույք ես ստանում քո աշխատանքից: Եթե մարդն իր ընտանիքին, ընկերությանը, շրջապատին, հասարակությանը եւ երկրին պետքական լինելու ցանկությունը իրացնել չի կարողանում, դժվար թե հաճույք ստանա այլ բաներից՝ երաժշտությունից, համեղ ուտելիքից եւ այլն:

– Մենք խոսեցինք ձեր առաջին աշխատավայրի եւ համալսարանի մասին, բայց դպրոցական տարիները բաց թողեցինք: Դուք դպրոցը ոսկե՞ մեդալով եք ավարտել:

– Ոչ: Դպրոցում գերազանց եմ սովորել, բայց ավարտել եմ առանց մեդալի:

– Իսկ վարքն ինչպիսի՞ն էր:

– Երեւի՝ լավը (ժպտում է – հեղ.):

– Այսինքն, կռվարար չե՞ք եղել:

– Երբ կարիքը եղել է, կռիվ արել եմ: Բայց դա շատ հաճախ չի պատահել: Դասերից փախել եմ, ինչպես նաեւ գործել եմ բոլոր այն «մեղքերը», որոնք հատուկ են դպրոցականներին:

– Եթե չեմ սխալվում, դպրոցական տարիքում մեկ տարի անցկացրել եք Կուբայում, որտեղ աշխատել է Ձեր հայրը:

– Դպրոցական տարիներին երեք տարի Հայաստանից դուրս եմ սովորել` 2-րդ դասարանում մեկ տարի՝ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում եւ 5-րդ ու 6-րդ դասարաններում՝ երկու տարի Կուբայում, որտեղ հայրս աշխատում էր որպես ԽՍՀՄ էներգետիկների խմբի ղեկավար:

– Համադասարանցիս եւս երկու տարի ապրել է Կուբայում՝ դպրոցական տարիքում, եւ մինչ այժմ շատ վառ տպավորություններ ունի:

– Ես էլ ջերմ հիշողություններ ունեմ: Ընդհանրապես, շատ ջերմ վերաբերմունք ունեմ բոլոր այն երկրների նկատմամբ, որտեղ ապրել եմ: Այդ փորձը կարեւոր էր նաեւ այն առումով, որ ամեն օր տարբեր ազգերի ներկայացուցիչների շփվելու հնարավորություն ունեի, իսկ դա նպաստում է աշխարհընկալման ընդլայնմանն ու հանդուրժողականության ձեւավորմանը:

Կուբայի մեր դպրոցում երեխաներ էին սովորում ոչ միայն ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններից, այլեւ Չեխոսլովակիայից, Հունգարիայից, ԳԴՀ-ից, Ռումինիայից, Վիետնամից, Մոնղոլիայից: Տասնամյակներ անց, Արգենտինայում գազի կոնֆերանսի ժամանակ հանդիպեցի Կուբայի համադասարանցիներիցս մեկին։

– Երբեւէ վերադարձե՞լ եք Կուբա:

– Ոչ, բայց մի օր անպայման գնալու եմ:

– Պարոն վարչապետ, մարդիկ հաճախ մանկության հետ կապված հուշեր են ունենում, որոնք կարծես «տպվում են» հիշողության մեջ: Դուք այդպիսիք ունե՞ք:

– Հիշողությունը դիսկրետային երեւույթ է՝ կարող եք ամենայն մանրամասնությամբ հիշել որեւէ իրադարձություն՝ առանց հասկանալու՝ ինչո՞ւ հատկապես այդ մեկը: Ես էլ, բոլոր մարդկանց նման, հիշողությանս մեջ նման դրվագներ ունեմ:

Կարեն ԿարապետյանըԿարեն ԿարապետյանըԼուսանկարը` անձնական արխիվից

– Պարոն վարչապետ, Դուք կարծես մի «սահման» եք գծել, որը չեք հատում, երբ խոսքը գնում է Ձեր անձնական կյանքի, ընտանիքի մասին: Կարծո՞ւմ եք, որ այդ հարցերի մասին խոսելուց կարող եք ավելի խոցելի դառնալ:

– Ոչ, պարզապես կան բաներ, որոնք համարում եմ խիստ անձնական: Կարծում եմ, իրավունք ունեմ չխոսել այն թեմաների մասին, որոնք վերաբերում են բացառապես իմ ընտանիքին:

– Հանրության ուշադրության կենտրոնում լինելը Ձեզ անհարմարություն  պատճառո՞ւմ է:

– Այո:

– Իսկ որո՞նք են նման պաշտոնում աշխատելու ամենամեծ դրական ու բացասական կողմերը Ձեր համար: 

– Այսպես ձեւակերպեմ՝ երբեմն դիսկոմֆորտի պատճառը ազատ ժամանակի բացակայությունն է: Դրա հետեւանքով հիմա շատ քիչ եմ կարդում, չնայած միշտ փորձել եմ շատ կարդալ, համերգների չեմ գնում, սպորտով քիչ եմ զբաղվում, թոռնիկիս կարող է օրերով չտեսնում՝ գործի գնալուց նա դեռ չի հասցնում արթնանալ, իսկ երբ վերադառնում եմ աշխատանքից՝ հիմնականում արդեն քնած է լինում: (Զրույցը կայացել էր նոյեմբերի 18-ին, երբ վարչապետի զույգ թոռնիկները դեռ չէին ծնվել-հեղ.): Իհարկե, սա ոչ միայն ինձ է բնորոշ, այլեւ բոլոր նրանց, ովքեր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում կառավարման համակարգում:

Սա չափազանց հետաքրքիր ու պատասխանատու աշխատանք է: Ասել եմ եւ կարող եմ կրկնել՝ ցանկացած կառավարչի համար գերագույն հաճույք է ծառայել սեփական ժողովրդին ու երկրին:

Մանրամասները՝ mediamax.am -ում

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: