Ազնավուր. Մեռնելն ատում եմ

Nov 27, 2017 Comments Off on Ազնավուր. Մեռնելն ատում եմ

«Քույրս ու ես գետնին էինք քնում, ներքնակները զիջել էինք մեր տանը պատսպարված հրեաներին»

Ավստրիական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ լեգենդար Ազնավուրը համերգային շրջագայություն է սկսել նոյեմբերից. նա 13- ին երգել է Միլանում, 30-ին ելույթ կունենա Սոֆիայում, դեկտեմբերի 9- ին երգելու է Վիեննայում (Stadthalle), իսկ դրանից հետոՙ ֆրանսիական մի շարք քաղաքներում, այնուհետ 2018- ինՙ Ամստերդամում, Սանկտ Պետերբուրգում, Տոկիոյում: KURIER- ի հետ ծավալուն հարցազրույցում Թել Ավիվին նոր հրաժեշտ տված 93- ամյա Ազնավուրը պատմել է նաեւ, թե ելույթ է ունեցել 7000 հանդիսատեսի առջեւ: Հրեաներն իմ արվեստն ընդունած առաջին հանդիսատեսն էին, ասել է Ազնավուրը, բայց արաբական աշխարհում էլ նա աստղ է համարվում, հավելում է ավստրիական լրատունՙ ներկայացնելով երգչի խոսքըՙ «Դուստրերիցս առաջինը հրեայի հետ էր ամուսնացել, երկրորդնՙ արաբի, երկուսին էլ սիրում եմ, հրաշալի մարդիկ են»: KURIER-ը գրում էՙ նա մերժում է համերգային իր շոուները «հրաժեշտի» անվան տակ մատուցել: «Դա ուրիշների համար է, ոչ իմ, ասում է, դադարեցնելը մահ է, դրան դեռ պատրաստ չեմ»:

«Ազգ»-ի նոյեմբերի 3-ի համարում ներկայացրել էինք Շառլ Ազնավուրի Գերմանիայում լույս տեսնող «Յուդիշե ալգեմայնե» գերմաներեն շաբաթաթերթի հետ զրույցից այն հատվածը միայն, որ վերաբերում էր Իսրայելիՙ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: «Նա ամենաճանչված ֆրանսիացիներից մեկն է, մեծագույն շանսոնիեներից, որ 93 տարեկանում էլ համաշխարհային աստղ է մնումՙ ամեն օր գրելով, մեղեդի ստեղծելով, անգամՙ համերգային շրջագայությունների մեկնելով», այսպես է բնութագրում Ազնավուրին հեղինակ Իգալ Ավիդանը, այդուհետ անդրադառնում Թել Ավիվ մեկնելու առիթին. ի հարգանս ծնողներիՙ Միշա եւ Քնար Ազնավուրյանների Շոյայի ժամանակ ցուցաբերած սխրանքի, Իսրայելի նախագահ Ռիվլին Ռաուլ Վալլենբերգ շքանշանով է պարգեւատրում երգչին ու քրոջըՙ Սեդային, որ Փարիզի իրենց բնակարանում Գեստապոյի տեսադաշտից թաքցել են հրեաներին: «Հենց Հայոց ցեղասպանության վերապրող լինելու հանգամանքով է պայմանավորված Ազնավուրյաններիՙ հետապնդվող հրեաների, ընդդիմացող մարտիկների, Վեհրմախթի դասալիքների հանդեպ ցուցաբերած համերաշխությունը», գրում է Ավիդանը «Յուդիշե ալգեմայնե»-ի հիշյալ հարցազրույցի նախաբանում:

Ազնավուրի հետ հանդիպումը կայացել է Փարիզում, Իսրայել մեկնելու նախօրեին: Նոյեմբերի 2- ին հիշյալ շաբաթաթերթում առցանց տեղադրված հարցազրույցը նկատելի շատ ընթերցող է ունեցել: Միգուցե դա էր պատճառը, որ նույն հեղինակի ստորագրությամբ մի քիչ այլ մանրամասներով ու շեշտադրմամբ այդ զրույցը նոյեմբերի 6- ին հետաքրքրել էր նաեւ գերմանական ռադիոյին («Դոյչլանդֆունկին»):

Ստորեւ այդ զրույցի հետաքրքրական դրվագներըՙ մասնակի կրճատումներով:

Ազնավուրը եբրայերեն ողջունելով ասացՙ Bruchim Habaim ( բարի գալուստ, գեղարվեստականՙ օրհնյալ են նրանք, որ գալիս են- Ան. Հ.) այնուհետ Schma Israel աղոթքի սկիզբը հիշեց:

– Մեծ մասը մոռացել եմ, առաջին տողերն եմ հիշում միայն: Հաճախ էի իմ լավ ընկերներից մեկինՙ նորաձեւության ճանաչված դիզայներ Թեդ Լափիդուսին սինագոգ ուղեկցում, այլապես նա չէր գնա: Այդ էր պատճառը, որ Ֆրանսիայում բոլոր հրեաները կարծեցին, թե հրեա եմ: Ֆիլմերում միայն 2 անգամ եմ հայի դեր տարել, 7 անգամՙ հրեայի: Սիրածս դերակատարումը խաղալիքներ վաճառող հրեա Զիգիզմունդ Մարկուսի դերն է «Թիթեղյա թմբուկ» ֆիլմում: Այնտեղ պիտի կադդիշն ( հրեաների սրբազան աղոթքներից, որ արամեերեն է նաեւ- Ան. Հ.) արտասանեի, դժվար էր:

– Իդիշը որտեղի՞ց գիտեք:

– Մի քիչ սովորել եմ հրեա ընկերոջիցս, որ հորս հետ այդ լեզվով էր խոսում: Երբ հայրս երիտասարդ էր, Վրաստանում երեխաները հարեւանների բոլոր լեզուները խառնում էին իրարՙ ռուսերենը, հայերենը, վրացերենը ու նաեւՙ իդիշը: Ինքս ինձ անվանում եմ աշքենազյան միակ Goi- ը ( ոչ հրեա,օտար- Ան. Հ.), մանկության տարիներին, նաեւ ավելի ուշՙ բոլոր ընկերներս հրեաներ էին: Նրանց ծնողները հայերի նման ներգաղթյալներ էին, ապրում էին նույն մասում, դեպի Ֆրանսիա փախուստի նույն ուղին էին բռնելՙ Թեսալոնիկի վրայով: Փարիզի հյուսիսային մասում Marche՛ aux Puces de Saint-Ouen շուկայում (անտիկ տարատեսակ ապրանքի աշխարհի ամենամեծ շուկան է մինչ այսօր- Ան. Հ.) աշխատում էին միասին: Երբ հրեաները, գերմանացիների ներխուժումից առաջ, հասցրեցին փախչել Ֆրանսիայից, շուկայում իրենց տաղավարները հանձնեցին տեղաբնակ հայերին: Նրանց վստահում էին, հավատալով, որ պատերազմի ավարտից հետո իրենց տաղավարները հայերն առանց խնդիրների կվերադարձնեն: Նրանք սերտորեն համագործակցում էին, իրար լավ էին ճանաչում:

– Այն ժամանակվա խիզախ գործողությունները դեռ կարո՞ղ եք հիշել:

– Հրեաներից մեկի անունը Սիմոն էր, մեզ մոտ եկավ իր հայուհի կնոջՙ Կարմենի միջոցով, մյուսն Ադրբեջանից էր: (Ազնավուրի քույրըՙ Աիդան իր գրքում նշում է մի ռումինացի հրեայի մասին, որ նացիստական Գերմանիայից էր փախել- «ՅԱ» թերթի խմբ): Ծնողներիս տանը քույրս ու ես քնում էինք գետնին, քանի որ մեր ներքնակները զիջել էինք նրանց:

– Վեհրմախթի դասալիքների՞ն էլ էիք օգնում:

– Գերմանացիներն այդ մարդկանց հարկադրաբար էին զինակոչել, համազգեստ էին տվել, ուղարկել Վեհրմախթ (նացիստական Գերմանիայի զինված ուժեր – Ան. Հ.): Իմ պարտականությունը դասալիքների համազգեստը դեն շպրտելն էր: Ես դրանք կոյուղին էի նետում, անշուշտՙ նույնի մեջ չէ: Նրանք մեր տնից դուրս էին գալիս քաղաքացիական հագուստով: Մեր տան առաջին հարկում հրեա նույնասեռ մի զույգ էր ապրում: Քույրս նրանց ինքնությունը հայտնաբերելուց հետո երբեմն դաշնամուրով նրանց ազգային օրհներգն էր նվագումՙ «Հաթիկվան»: Պատերազմի ավարտից հետո երբ հանդիպել էին, քրոջս ասել էինՙ «Գիտեինք, որ դա մեզ համար էիր նվագում»:

– Ձեր կյանքի մասին 5 գիրք եք գրել, փրկելու մասինՙ միայն հպանցիկ հիշատակումով: Ինչո՞ւ:

– Չեմ սիրում ինքնահավան մարդկանց: Արդյո՞ք ես համեստ եմ: Որպես երգահան բնավ էլ համեստ չեմ, որպես երգիչՙ նույնպես, միայն կյանքում եմ համեստ: Շատ հետաքրքրական է, որ հենց իսրայելցինՙ պատմաբան Յաիր Աուրոնը, որ տասնամյակներ ի վեր հետազոտում եւ ուսուցանում է Հայոց ցեղասպանության մասին, այս պատմությունը գրառեց: Այդ նպատակով 2015- ին նա զրուցեց քրոջսՙ Աիդայի եւ ինձ հետՙ իր «Փրկարարներ եւ մարտիկներ» գրքի համար, որ լույս տեսավ անգլերեն, եբրայերեն, հայերեն, ֆրանսերեն:

– Վալլենբերգ շքանշանի հետ մեկտեղ Ձեր ծնողներին մեծարելու են նաեւ հրեա-արաբական Նեվե Շալոմ գյուղում: Ի՞նչ նշանակություն ունի դա Ձեզ համար:

– Շատ հպարտ եմ, որ հիմա ծնողներիս արարքն արժեւորում են, կարեւոր է նաեւ այն, որ իսրայելցիներին ցույց տանք, թե ժամանակին ողջ աշխարհը հակասեմական չէր: Այս այցիս ժամանակ պաղեստինցիներն էլ են ուզում ինձ հետ հանդիպել: Հոյակապ կլիներ, որ կողմնակի մեկը, որ ոչ հրեա, ոչ էլ պաղեստինցի է, նպաստի կողմերի երկխոսությանը:

– Նեվե Շալոմի «Աշխարհի արդարակյացների այգում» հարգում են ոչ միայն հրեաների կյանքը փրկողներին, դրանով այն Երուսաղեմի ազգային Յադ Վաշեմ հուշահամալիրից տարբերվում է: Յադ Վաշեմը գիտե՞ք:

– Իհարկե, եղել եմ այնտեղ: Մի քանի տարի առաջ արդեն խրախուսում էի, որ Հայոց կոտորածների հուշահամալիրներից մեկը Յադ Վաշեմի օրինակով կառուցվի: Աշխարհի որ երկրում ասես, եթե մի հրեայի փողոցում կանգնեցնեք ու Իսրայելի մասին հարցնեք, ինչ- որ բան կկարողանա ասել: Բայց բոլոր հայերը չէ, որ իրենց պատմությունը գիտեն, թեեւ նախկինում ավելի նվազ էր նրանց թիվը: Մարդը պիտի իր արմատները ճանաչի, ծնողներն էլ պիտի զավակներին իրենց կրոնն ու մայրենի լեզուն սովորեցնեն: Շատ կարեւոր է. կրոնը երեխային ճիշտ ուղին է ցույց տալիս, իսկ լեզուն բովանդակ աշխարհն է բաց անում:

Կրոնը միայն հաշտեցման առաքելությունն ունի: Ով նրա անունից պատերազմ է վարում, Աստծո եւ աշխարհի մասին ոչինչ չի հասկացել: Արարիչը արվեստագետի նման տարբեր անուններ ունիՙ Աստված, Ալլահ, Շիվա: Աստծո անունից կռվելը մեղք է: Անհնար է պատկերացնել, որ մարդասպան աստված ունենք: Ես մի երգ էի սկսելՙ «Մզկիթն ու եկեղեցին», բայց բոլոր ընկերներսՙ հրեաներ եւ ոչ հրեաներ, զգուշացրեցին այն չհրապարակելՙ խնդիրներ կունենաս: Ֆրանսիայում իսլամիստների ահաբեկչական գործողությունների խորապատկերին այսպիսի ներդաշնակ վերնագիրը կարող է սադրիչ ընկալվել: Այնինչ հավատում եմՙ կրոններն ավելի շատ միավորում, քան բաժանում են:

– Ձեր ընտանիքը կրոնապա՞շտ էր:

– Հայրսՙ հազիվ թե, մայրսՙ մի քիչ: Ես եկեղեցի եմ գնում մկրտությունների, պսակի եւ թաղման առիթներին: Երկու դուստրերիս էլ Փարիզում եմ մկրտել, երկու որդիներիսՙ Հայաստանում: Մկրտությունն ինձ համար կարեւոր է: 1967- ին վերջին ամուսնությունս հայկական եկեղեցում է կայացել. բողոքական շվեդուհին երկիր ուներ, հայսՙ չուներ: Թոռներիցս Հակոբն է մեր ընտանիքի միակ հրեան: Նրա հայրը մահացավ այն ժամանակ, երբ տղան իր Barmizwa-ն ( հրեաների օրենքովՙ տղաների 13 տարեկան 1 օրական եւ աղջիկների 12 տարեկան 1 օրական դառնալը նշվում էՙ որպես կրոնական հասունության տարիք- Ան. Հ.) պիտի տոներ, ուստի արարողությունը չեղարկվեց: 2014- ին Իսրայել մեկնելիս նրան հետս տարա: Նախապես հայտնի րաբբիներից մեկի որդու հետ էի ծանոթացել, որ օգնել էր ուզում: Իրականում նմանատիպ մի բան կազմակերպեց մի սինագոգում, որ Երուսաղեմի Լացի պատին է սահմանակցում: Այդ արարողությունը Հակոբի համար շատ հուզիչ էր, դրանից հետո հրեական պատվիրաններին հետեւում է, օրինակՙ սնունդ ընդունելու կարգին:

Կրտսեր որդիսՙ Նիկոլան, հայերեն է սովորում, հայուհու հետ է ամուսնացել: Շատ ուրախ եմ նրա համար:

– Հենց նոր թաղման մասին էիք խոսում: Արարողակարգի մասին արդեն խորհե՞լ եք:

– Ոչ, քանի որ մեռնելն ատում եմ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Azg.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: