Եվրախորհրդարանի նախագահի նոր հայտարարությունը

Nov 24, 2017 Comments Off on Եվրախորհրդարանի նախագահի նոր հայտարարությունը

Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում ունեցած իր  այսօրվա ելույթում հայտարարել , որ  կստորագրվի Հայաստանի հետ նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Տայանին նշել է, որ երկու տարի առաջ Ռիգայում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքները պետք է հուշեն նոր հավատով և լավատեսությամբ մտածել այս կարևոր գործընկերությունն ուժեղացնելու համար հետագա քայլերի ուղղությամբ:

«Երկու խոսքով՝ մենք ընթանում ենք ճիշտ ուղղությամբ. ուժի մեջ է մտել երեք նոր ասոցացման համաձայնագիր՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ, սահմանվել է երկու նոր առանց վիզայի ռեժիմ՝ Վրաստանի և Ուկրաինայի հետ, այսօր կստորագրվի Հայաստանի հետ նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ հետևելով Մոլդովայի հետ արդեն ստորագրված համաձայնագրին, մենք սկսել ենք Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները, և վերջում, մենք նախաձեռնել ենք Բելառուսի հետ քննադատական ներգրավվածության քաղաքականություն՝ նախևառաջ երկրի քաղաքացիների և քաղաքացիական հասարակության շահերը պաշտպանելու նպատակով:

Այս բոլոր ձեռքբերումները հիանալի հիմք են տալիս այսօր գագաթնաժողովի ընթացքում քննարկումների համար և պետք է նաև խրախուսեն ավելի հավակնոտ մոտեցում ընդունել ապագա համագործակցության վերաբերյալ: Եվրամիությունը պետք է հստակ դիրքորոշում ստանձնի «Արևելյան գործընկերության» քաղաքական ապագայի առնչությամբ: Եկել է մեզ համար «Արևելյան գործընկերության» ապագայի հստակ քաղաքական տեսլական ունենալու ժամանակը՝ հիմնվելով ժողովրդավարական բազմազանության հիմնարար արժեքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, իրավունքի գերակայության և առողջ կառավարման, կոռուպցիայի և դեմ պայքարի, թափանցիկության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ամրապնդման վրա: Այդ ուղղությամբ վերջին ձեռքբերումները «Արևելյան գործընկերության» ապագայի վերաբերյալ նոր և լեգիտիմ սպասումներ» են ծնում:
Չափազանց կարևոր է երաշխավորել, որ այդ ընդհանուր քաղաքականությունը բերի կոնկրետ շահեր «Արևելյան գործընկերության» և ԵՄ-ի երկրների յուրաքանչյուր քաղաքացու համար»,- ասել է Եվրախորհրդարանի նախագահը:

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի մասնակիցներին նիստի մեկնարկից առաջ ողջունել են ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և ԵՄ խորհրդի նախագահող երկրի` Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը: Գագաթնաժողովին մասնակցում է նաև Նախագահ Սերժ Սարգսյանը և նախատեսվում է, որ գագաթնաժողովի ընթացքում պետք է ստորագրվի Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության իրավական շրջանակային նոր համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել էր այս տարվա մարտին:

Նախաստորագրված համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո՝ փորձագիտական շրջանակների կողմից փաստաթուղթը բավականին լավ ընդունվեց: Ընդհանրական կարծիքը հետևյալն էր՝ թեև այն զիջում է Ասոցացման համաձայնագրին, այնուամենայնիվ բավականին լուրջ բարեփոխումների սկիզբ է դնելու Հայաստանում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: