«Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթը հետագա գործակցության շատ լավ ճանապարհ է կանխանշում». Էդգարս Ռինկևիչս

Nov 24, 2017 Comments Off on «Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթը հետագա գործակցության շատ լավ ճանապարհ է կանխանշում». Էդգարս Ռինկևիչս

Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը ողջունում է Հայաստանի կողմից Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումը և ընդգծում՝ Հայաստանի ընտրությունն է՝ որքան հեռու գնալ Եվրամիության հետ հարաբերություններում:

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ նոր համաձայնագիրը, որը պետք է ստորագրվի նոյեմբերի 24-ին, կապահովի կառուցվածքային և լավ շրջանակ՝ ավելի ակտիվ գործունեության այն ոլորտներում, որոնք ընտրել են Հայաստանն ու Եվրամիությունը խորը գործակցության համար:

«Ողջունում եմ, որ համաձայնագիրն ապահովում է հետագա գործակցության շատ լավ ճանապարհ: Հայաստանն ինքն է որոշում՝ որքան հեռու գնալ այս համագործակցության մեջ՝ հաշվի առնելով, որ երկիրը նաև Եվրասիական տնտեսական համագործակցության անդամ է»,-ասաց Ռինչևիչսը:

Նախատեսվում է, որ Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում Հայաստանն ու Եվրամիությունը կստորագրեն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Դրանով կողմերը հաստատակամ են ամրապնդել համապարփակ քաղաքական եւ տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին եւ գործակալությունների աշխատանքներին:

Համաձայնագրով նպատակ է հետապնդվում խթանել, պահպանել եւ ամրապնդել խաղաղությունը եւ կայունությունը եւ՛ տարածաշրջանային, եւ՛ միջազգային մակարդակներով, այդ թվում` լարվածության աղբյուրները վերացնելու համար ջանքերը համախմբելու, սահմանային անվտանգությունը ուժեղացնելու միջոցով, ինչպես նաեւ միջսահմանային համագործակցությունն ու բարիդրացիական հարաբերությունները խթանելով կընդլայնվի նաև շարժունակությունը եւ տարբեր երկրների մարդկանց միջեւ շփումը:

Համաձայնագրում շեշտվում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ տևական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարեւորությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների եւ սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների եւ սկզբունքների, որոնք առնչվում են ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից խուսափելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը եւ ժողովուրդների իրավահավասարությանը ու ինքնորոշման իրավունքին եւ արտացոլված են ԵԱՀԿ 2008 թվականի նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արված բոլոր հայտարարություններում` նշելով նաեւ կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության հայտարարված հանձնառությունը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: