Ջրի գնի թանկացումը վերջնական չէ՝ կլինի նոր թանկացում

Nov 25, 2017 Comments Off on Ջրի գնի թանկացումը վերջնական չէ՝ կլինի նոր թանկացում

 

Խմելու ջրի սակագինը հունվարի 1-ից բարձրանում է 11 դրամ 41 լումայով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ խմելու ջրի սակագինը՝ գործող 180 դրամը, դարձել է 191.4 դրամ, սակայն սպառողներն այդ թանկացումը չեն զգալու: Համենայն դեպս, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նման հավաստիացում է տվել: Նա վստահեցրել է,  որ մինչեւ այս տարվա դեկտեմբերի վերջը կառավարության նիստերից մեկում կընդունվի համապատասխան որոշում, որով սակագնի 11.4 դրամով թանկացումը կսուբսիդավորվի, հետևաբար սպառողների համար սակագինը կմնա նույնը:

Հիշեցնենք, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանձնաժողով հայտ էր ներկայացրել, ըստ որի՝ առաջարկում էր խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագներ սահմանել 194.3 դրամ` գործող 180 դրամի փոխարեն: Հայտը փաստորեն բավարարվել է: Իրականում այն, ինչ ասվել և կատարվել է, շատ լավ մտածված բլեֆ է, որովհետև եթե թանկացման դիմաց գումարններ են վճարվելու պետական բյուջեից, դա նույն բանն է, որ վճարումներն անուղղակիորեն կատարվում են քաղաքացիների կողմից:

Հայտնի է, որ ջրային համակարգում կորուստների տոկոսը բավականին մեծ է, և դրա դեմն առնել ոչ չի հաջողվում: Տարբեր հաշվարկներով՝ կորուստների չափը հասնում է մինչև 40 տոկոսի: Ջրի սակագնի պարբերական բարձրացումները որևէ կերպ չեն ազդում կորուստների նվազման վրա. վերջին անգամ ջրի սակագինը բարձրացրել էր մեկ տարի առաջ՝ բարձրացված նոր սակագինը ուժի մեջ էր մտել 2017 թվականի հունվարի 1-ից: Այն ժամանակ ջրի սակագինը սահմանվել էր 180 դրամ: Չնվազող կորուստներից բացի՝ ջրային համակարգն ունի նաև վարկեր, որոնց վճարման արտոնյալ ժամկետը ավարտվել է 2015 թվականին: Համաձայն «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին տրամադրված լիցենզիայի պայմանագրի՝ ջրի իրական սակագնի հաշվարկը կատարվելու է 2019 թ·-ից, ինչը նշանակում է, որ գալիք տարի նույնպես ջրի գինը կարող է բարձրանալ:

Ջրային ոլորտի խնդիրներով զբաղվողները առաջիկա 5 տարիներին խմելու ջրի սակագնի շարունակական աճ են կանխատեսում: Պետությունը հազիվ թե կարողանա ամեն անգամ թանկացման տարբերությունը իր վրա վերցնել՝ դա իրատեսական չէ:  ի վերջո անհասկանալի է նաև, թե ինչու պիտի կորստի համար պետությունը կամ քաղաքացին վճարեն: Կոնկրետ դեպքում անհասկանալի է՝ սուբսիդիան, որ տրվելու է ջրի օպերատորին, հաշվարկվելու է նաև ջրի գերկորուստների՞, թե՞ բացառապես սպառողների հաշվիչների վրա արձանագրված ցուցմունքների համար:

 

Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: