ՀԷՑ-ը, ԲԷՑ-ը և ողջ էներգետիկ համակարգը Սամվել Կարապետյանի ցանցում

Nov 26, 2017 Comments Off on ՀԷՑ-ը, ԲԷՑ-ը և ողջ էներգետիկ համակարգը Սամվել Կարապետյանի ցանցում

Հայաստանի էներգետիկ շուկան խոշոր քայլերով գնում է դեպի մոնոպոլացում: Այս ոլորտի պետական քաղաքականությունը միտված է նրան, որ էներգետիկ շուկան ամբողջությամբ կախված է լինելու ռուսաստանահայ հայտնի միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Կապիտալ» ընկերությունից: Երկու տարի առաջ ռուսաստանյան Интер РАО-ից Սամվել Կարապետյանը գնեց ՀԷՑ-ը: Այս տարվա ամռանը արդեն հայտարարվեց 100 տոկոսով պետական սեփականություն հանդիսացող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը 5 տարով հավատարմագրային կառավարման հանձնելու մասին: Մեր տեղեկություններով՝ այժմ ակտիվ բանակցություններ են տարվում «Բարձրավոլտ էլեկտրացանցերը» հավատարմագրային կառավարման ժամկետի ավարտից հետո որպես սեփականություն Տաշիրին հանձնելու ուղղությամբ:

Նախօրեին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀԷՑ-ի ղեկավարությունը հայտարարեց, որ ցանցում կորուստները նվազել են՝ 13.3 տոկոսից հասնելով 8.7 տոկոսի: «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը տեղեկացրել է, որ կորուստների յուրաքանչյուր տոկոսային կետի նվազումը ընկերության մոտ 4-5 միլիոն դոլարի տնտեսում է ապահովել: ՀԷՑ-ի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջեւ հաստատված մեթոդիկայի համաձայն՝ 2028 թվականին կորուստների մակարդակը հասնելու է 6,4 տոկոսի: Սակայն մինչ այդ ընկերությունը ծրագրել է 2021-ին ունենալ 8% կորուստ, 2025-ին՝ 7%: Համեմատության համար Դարբինյանը նշել է, որ Մեծ Բրիտանիայում էլեկտրական ցանցերի կորուստները կազմում են 6.8 տոկոս, Ֆրանսիայում՝ 7.1 տոկոս: «Տաշիր»-ի փոխնախագահը ներկայացրել է նաև հանձնաժողովի հետ քննարկման արդյունքում հաստատված 872 միլիոն դոլար արժեքով 10-ամյա ներդրումային ծրագիրը: ՀԷՑ-ի ներդրած գումարները, ըստ Կարեն Դարբինյանի, որեւէ ազդեցություն չեն ունենալու սակագնային մարժայի վրա. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ մշակել ենք մեթոդիկա, որը մեզ թույլ է տալիս ներդրումներ կատարել, եւ դա մարժայի վրա ոչ մի ազդեցություն չի ունենա: Խոսքը սակագնի մասին չէ, խոսքը ՀԷՑ-ին տրամադրված մարժայի մասին է, ՀԷՑ-ը չի կարող սակագնի համար որեւէ պատասխանատվություն կրել»,- պարզաբանել է Կարեն Դարբինյանը:
Հենց այստեղ էլ թաքնված է շան գլուխը. ՀԷՑ-ը սակագնի հետ կապ չունի, բայց սակագնի հետ շատ ուղղակի կապ ունի Բարձրավոլտ էլցանցը, որը նույնպես  գտնվում է Սամվել Կարապետյանի վերահսկողությոն տակ: Հայաստանի էներգահամակարգը բաղկացած է արտադրող, տեղափոխող և բաշխող համակարգերից:
Ներկայումս էլեկտրաէներգիայի տեղափոխման գործառույթն իրականացնում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ կամ վաճառքով: ՀԷՑ-ի եկամուտները գոյանում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված կայուն մարժայից /միջնորդավճար, որի մասին նախօրեին ասուլիսում խոսել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը:
Արտադրողները` ՀԷԿ-եր, ՋԷԿ-եր, Ատոմակայան, փոքր ՀԷԿ-եր, արևային կայաններ, իրենց արտադրանքը պարտավոր են վաճառել և փոխանցել ԲԷՑ-ի միջոցով: Այս փոխանցման արդյունքում որոշակի տեխնիկական կորուստներ են լինում: Կազմվում է ընդհանուր էներգետիկ բալանսը՝ հաշվի առնելով, որ տարբեր արտադրողներ տարբեր գներով են վաճառում իրենց էլեներգիան: Էներգետիկ բալանսը կազմելու գարծընթացն իրականում շատ ուղղակի կապված է սակագնի հետ, որովհետև եթե երկրում ավելի շատ սպառվի էժան ինքնարժեքով հոսանք, ապա սակագինը կարող է նաև նվազել: ԲԷՑ-ի տեղափոխման տեխնիկական կորուստը, ըստ մասնագետների, կազմում է 2 տոկոս, բայց ենթադրվում է, որ այս ընկերությունը ևս պետք է որոշակի շահույթ ստանա, թե որքան, չի որոշակիացվում: Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով տարբեր արտադրողներից ստացված էներգիան, հաշվարկվում է միջին գին, որի վրա ավելացվում է նաև ՀԷՑ-ի մարժան, և արդյունքում ստանում ենք սպառողական սակագինը: Արտադրողները ուզեն, թե չուզեն՝ իրենց ապրանքի իրացումը պիտի կազմակերպեն բացառապես Սամվել Կարապետյանի ընկերությունների միջոցով, իսկ թե ինչքան է Տաշիրը հաշվարկում էլեկտրաէներգիայի տեղափոխման ծախսը, որը կատարում է ԲԷՑ-ը, ոչ ոք չգիտի:
Մինչդեռ իրականում էլեկտրաէներգիայի սակագինը կարող էր անգամ նվազել՝ հաշվի առնելով, որ պետական քաղաքականությունը միտված է ավելի էժան արտադրողների` ՀԷԿ-երի, Ատոմակայանի և արևային ու վերականգնվող էներգետիկայի խթանմանը: Ըստ էության, եթե գնալով ավելի ու ավելի շատ արտադրվի հիդրո կամ արևային էներգիա, ապա ներկա սակագնի պարագայում ՀԷՑ-ի ու ԲԷՑ-ի եկամուտները շեշտակի կավելանան, որը կապահովի ոչ միայն ներդրումների վերադարձը, այլ նաև լրացուցիչ գերշահույթներ սեփականատիրոջը:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: