Լավրով, Կարո Փայլան, Դոն Պիպո․ շքեղ հյուրընկալության թշվառ կողմերը

Nov 25, 2017 Comments Off on Լավրով, Կարո Փայլան, Դոն Պիպո․ շքեղ հյուրընկալության թշվառ կողմերը

Մի քանի օր առաջ մամուլը գրեց, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայաստանյան այցի ընթացքում այցելել է Էջմիածին՝ հյուրընկալելով Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբորը՝ Լալային: Ըստ տեղեկությունների՝ Լավրովին պատրաստվում էին հյուրասիրել որսի մսով, մասնավորապես՝ եղնիկի մսից պատրաստված ուտեստներով:Սերգեյ Լավրովը բավական ջերմ հարաբերություններ ունի Մոսկվայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ եւ պաշտոնական հարաբերություններին զուգահեռ՝ չի խուսափում մարդկային ու անձնական մտերմությունից:

Ուշագրավ է, որ արդեն մի քանի օր է ոչ Հայաստանից, ոչ Մոսկվայից պաշտոնապես լուրը չի հերքվում, ինչը ողբերգական է դարձնում իրավիճակը։ Խնդիրն այն է, որ Դոն Պիպոյին Հայաստանում գիտեն որպես հարուստ հայ, քրեական հեղինակություն, Էջմիածնի ամենահարուստ դղյակի տեր։ Մականվան «դոն» մասնիկը ավելացրել են , քանի որ Պիպոն ապրում է Իտալիայում։ Ասում են, այդ երկրում Պիպոյին հարգում են,իսկ Էջմիածնից տարիներ առաջ նա փախել է Գեներալ Մանվելի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, սկզբում ապաստանել է Մոսկվայում, որտեղից էլ գողական Կանեւսկոյի հետ ծագած խնդրի պատճառով է ստիպված եղել հեռանալ։ Նա որոշ ժամանակ Ռուսաստան մտնելու իրավունք չուներ։Միայն Դեդ Հասանի մահից հետո, Պիպոն կարողացել է վերադառնալ Մոսկվա՝ այն էլ միջնորդությամբ: Միջնորդողը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դատախազության ներկայացուցիչ մեծահարուստ Կամո Ավակումյանը: Դոն Պիպոն խոշոր ձեռնարկատեր է, ունի հյուրանոցների և սրճարանների մեծ ցանց Մոսկվայում, Իտալիայում և Եվրոպայում: Հայաստանում էլ նրա հետ աղմկահարույց միջադեպեր են կապվում, վերջինները դեռ թարմ են, Կանեւսկո եղբայրներից մեկի հետ բախումը, որը շղթայական ռազբորկաներով է արտահայտվում։ Արթուր Ասատրյանն ամենաշատ «ինտերվյու» տվող հեղինակությունն է։

Նա լրատվամիջոցների աստղը դարձավ այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը դարձավ վարչապետ,Պիպոն հարցազրույց տվեց, գովերգեց նոր վարչապետին, մեծ հույսեր կապեց նրա հետ, բայց դրանով չբավարարվեց ․նա առաջատար հեռուստաընկերություններից մեկին պատվիրեց իր մասին պատմող ֆիլմ նկարել ու ցույց տալ, թե ինչպիսի հարգված ու սիրված, հարուստ, աչքը կուշտ մարդ է Պիպոն, որը Կարեն Կարապետյանի շրջապատն է ձեւավորում։ Հետո նա երեւաց Կարեն եւ Սամվել Կարապետյանների հիմնադրած ներդրողների ակումբում՝ որպես անդամ, բայց նրա ներդրումների մասին դեռ ձայն-ծպտուն չի լսվում՝ ակնհայտ դարձնելով, որ «բռատվայի» խնդիրն ընդամենը իրենց «լավ ախպոր»՝ վարչապետի դիրքերի ամրապնդման իմիտացիա ստեղծելն է։ Պիպոյի եղբոր մասին առանձնապես շատ բան հայտնի չէ, նա Էջմիածնի գողականներից է, բնականաբար, եղբորից ոչնչով չտարբերվող։ Այն, որ Հայաստանում գողականն ու իշխանությունը միմյանց սերտաճած են ու փոխլրացնում են արդեն տարիներ ի վեր, գիտեն բոլորը, այս Պիպոն հենց առաջին օրից ի լուր աշխարհի հայտարարեց, որ ինքը Կարեն Կարապետյանի թիմից է։ Նույն փոխգործակցությունն է նաեւ մեր բարեկամ Ռուսաստանում, եթե այնտեղ քրեական տարրերի ու իշխանությունների կապը այդքան ցցուն չի դրսեւորվում, մեզ մոտ այդ հարաբերությունները գավառական մակարդակից դուրս չեն եկել եւ նման տարրերի հետ առնչությունը շատերին պարծենալու առիթ է տալիս։ Ինչեւէ, Լավրովի հյուրընկալության մասին լուրերը մնում են չհերքված,ինչից կարելի է ենթադրել, որ Կարապետյանների թիմը նման շփումներով փորձ է անում ծանրակշռել իր ազդեցությունը։ Հատկանշական է, որ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ, երբ սփյուռքի մեր հայտնի հայրենակիցների շատերին հայրենիք բերելու գործընթացը կազմակերպել էր Դոն Պիպոն ու այդ միջոցառումների ավարտից հետո վերջինս ճաշկերույթ էր կազմակերպել, Կարո Փալյանը իմանալով Պիպոյի համբավը կարելի է ասել բոյկոտել էր ճաշը, նա մի 10 րոպե մասնակցելուց հետո արագ հեռացել էր։ Առնվազն զարմանալի է, որ գերտերության արտգործնախարարի համար սեփական համբավը այնքան կարեւոր չէ, որքան անձնական հարաբերությունները։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: