Վիգեն Սարգսյանն ընդդեմ կաթողիկոսի

Nov 24, 2017 Comments Off on Վիգեն Սարգսյանն ընդդեմ կաթողիկոսի

Շաբաթներ առաջ  Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, երբ Ելք խմբակցության պատգամավորներից մեկը ճեմարանի սաների օրինակը վկայակոչելով հակադարձեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այն փաստարկին, թե ակադեմիական տարկետման իրավունքի վերացումով գլխավոր նպատակ է հետապնդվում  սոցիալական արդարություն հաստատել, որպեսզի կես բալ ավել հավաքած ուսանողը առավելություն չունենա նույնքան բալ պակաս հավաքածից եւ բոլորն անցնեն պարտադիր ծառայություն, նախարարին ասելով, որ եթե բոլորը պետք է ծառայեն, ապա ինչու նախեւառաջ կառավարությունը չի վերանայում իր որոշումը ճեմարանի սաներին բանակ չզորակոչելու վերաբերյալ, Վիգեն Սարգսյանը այնքան էր վրդովվել, որ մոռացավ հավասարության մասին իր թմբկահարած մտքերը եւ վրդովված հակադարձեց. «Ընկել եք հոգևոր ճեմարանում ծառայող 18 հոգու հետևից, կարծես էս երկրում Առաքելական եկեղեցուց առավել առաջամարտիկ է եղել մեր ազգային ինքնության պահպանման ու սահմանների անձեռնմխելիության պաշտպանության համար»:

Իհարկե, նա ակամայից այդ հարցն օգտագործեց իր դեմ, քանի որ, ինքն էլ , փաստորեն, ընկել է այն 100 երիտասարդների հետեւից, հենց այդքան ուսանող է կառավարության որոշումով օգտվում տարկետման իրավունքից: Ավելորդ է ասել, որ մեր ազգային ինքնությունը դարեր ի վեր պահել ենք մեր հավատի ու մեր գրի, ասել է թե գիտության ու կրթության, մեր մշակույթի միջոցով ու որքան ճեմարանի սաներն են ազգապահպան առաքելություն իրականացնում, նույնքան էլ գիտնականներն ու մտավորականներն ու արվեստագետները: Ինչեւէ, պարզվում է  պաշտպանության նախարարը հետ է կանգնել իր այդ մտածողությունից, նրա համար այդ 18 հոգին ոչ ազգապահպաններ են, ոչ էլ նման առաքելությամբ օժտված այլ առաքյալներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ իրավաբանական վարչությունից, հոգևոր ճեմարաններ ընդունվածներն այլևս տարկետման հնարավորություն չեն ունենա: Նախարարությունից վստահեցնում են, որ ճեմարաններում սովորողները չեն կարողանա բանակ զորակոչվել որպես հոգևոր ծառայություններ իրականացնող անձինք, նրանք մյուսների նման սովորական զինակոչիկներ են: Նախկինում հոգևոր կրթարանների ուսանողները տարկետման իրավունք էին ստացել կառավարության 2000 թվականի հունվարի որոշումներից մեկով: 2018-ի հունվարի 1-ից այդ որոշումը ճանաչվում է ուժը կորցրած:

«Որպեսզի որեւէ այլ կառավարության որոշում լինի, համաձայն որի որեւէ անձ կամ կատեգորիա օգտվում է տարկետման իրավունքից, դրա բոլոր սահմանները, կամ էսպես չափանիշները ներառվել են գործող օրենքում, գործող օրենքում կառավարության որոշումով տարկետում նախատեսվում է բացառապես գիտության, կրթության, մշակույթի եւ արվեստի, սպորտի բնագավառում նշանակալի հաջողություններ ունեցողների համար», a1 պլյուսի հետ զրույցում ասել է  ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը:

Նախարարության ներկայացուցիչը վստահեցնում է, որ ճեմարաններում սովորողները չեն կարողանա բանակ զորակոչվել որպես հոգեւոր ծառայություններ իրականացնող անձինք. «Հոգեւոր ծառայություն իրականացնում են այն անձինք, որոնք ունեն հոգեւոր սան, իսկ 18 տարեկանը չունի»:

Կասկած չկա, որ այս որոշումը կազդի ճեմարան դիմողների քանակի վրա, Վիգեն Սարգսյանն ըստ էության դուրս է գալիս նաեւ կաթողիկոսի դեմ, սակայն դեռ ժամանակից շուտ պետք չէ ոգեւորվել: Հնարավոր է սա ընդամենը հայտարարություն է, որը կյանքի չի կոչվի, պարզապես իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է տարկետման դեմ պայքարի ելած ուսանողների բողոքը չեզոքացնել: Այսօր կլոր սեղանի քննարկումից հետո նրանք չբացառեցին նորից զանգվածային ակցիաների անցնել:

Անի Սսահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: