Իշխանության փափուկ բարձն ու ուսանողների մեծ ակնկալիքները

Nov 23, 2017 Comments Off on Իշխանության փափուկ բարձն ու ուսանողների մեծ ակնկալիքները
Ազգային ժողովում կայացավ իշխանություններ-ուսանողական շարժում բանակցությունները՝ «5+5» ձևաչափով, որն անվանեցին կլոր սեղան։ Իսկզբանե տարակուսելի էր՝ ինչ իմաստ ունի կլոր սեղանի շուրջ նստել, քննարկել, առաջարկներ ներկայացնել, եթե օրենքն արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից: Այսինքն՝ քննարկելու թեմա, ըստ էության  չկա, մանավանդ, որ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի հետկանչման մտադրություն չունեն: Պաշտոնապես ասվում է, թե իբր քննարկման թեմա են դառնալու այն տասնյակ ենթաօրենսդրական ակտերը, որոնք բխում են այս օրենքից և առաջիկայում ընդունվելու են կառավարության կողմից: Սա, մեղմ ասած, զավեշտալի է, որովհետև տարկետման իրավունքն օրենսդրորեն վերացված է: Այսպիսով, քննարկման ընթացքից պարզ դարձավ, որ ուսանողները երկու առաջարկ ունեն, սակայն ոչ թե օրենքը կասեցնելու վերաբերյալ, այլ այլընտրանքային տարկետման իրավունքի հարցով։ 
Նրանք կառավարությանն առաջարկեցին մշակել տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն, որը հնարավորություն կտա ապահովել գիտական և կրթական համակարգի զարգացումը, ինչպես նաև ուսումնառության անընդհատությունը և կբացառի կոռուպցիան։Երկրորդ կետով նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն առաջարկեց ոչ թե բուհը տանել բանակ, այլ բանակը բերել բուհ, մասնավորապես՝ բակալավրիատի ընթացքում զինվորական ծառայություն անցնել։
«Չորս տարվա բակալավրիատի ընթացքում մեկուկես տարվա ծառայությունը մենք բաշխում ենք այդ չորս տարվա մեջ, այսինքն՝ տարվա ընթացքում, սա կարելի է իհարկե քննարկել, մոտ չորս ամիս ծառայություն՝ երկու-երկու ամիս կտրվածքով, սա հնարավորություն է տալիս, որպեսզի ոչ թե մենք բուհը տանենք բանակ, այլ բանակը բերենք բուհ։ Ուսանողի կրթության անընդհատության սկզբունքը չի խախտվում և միևնույն ժամանակ նա անցնում է ծառայություն։ Այսինքն՝ չորս տարի ուսանողը լինում է ծառայության մեջ, միևնույն ժամանակ նա համալսարանում շարունակում է իր կրթությունը», – ասաց Պետրոսյանը։
Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց, որ առաջարկվում է ծառայության մի նոր տեսակ, որն առկա է Շվեյցարիայում, որտեղ պատերազմի վտանգ չկա: «Դուք ծառայության մի տեսակ եք առաջարկում, որ միայն Շվեյցարիայում կա` անհատական գրաֆիկով ծառայություն, այսինքն, օրինակ, ձմռանը մի քիչ ժամանակ ունեմ, կգամ ծառայության։ Ասենք, Մելիք Ադամյան 1 հասցեում ավելի լավ է ծառայել գիտությանը օգտակար լինելու համար, քան Բագրեւանդո՞ւմ»,- ասաց Զաքարյանը՝ նշելով, որ ընդունելի չէ դա։
Ինչ վերաբերում է մագիստրատուրային, ապա ուսանողներն առաջարկեցին, որ վեց ամիս էլ մագիստրատուրայի ընթացքում ծառայությունը շարունակվի։«Երբ որ չորս տարին զինվորի բակալավրիատում արդեն անցնում է, լավ ծառայության դեպքում ու նաև կրթության ոլորտում լավ ցուցանիշներ գրանցելու դեպքում, նա ստանում է սերժանտի կամ ավագ սերժանտի աստիճան, սա պետք է կանոնակարգվի, ու արդեն մագիստրատուրա ընդունվելու դեպքում նա էլի տարկետում է ստանում, բայց մինչ այդ վեց ամիս էլի անցնում է ծառայություն, ստեղ կա երեք տարբերակ՝ կամ վեց ամիս ծառայությունն անցնում է մինչև մագիստրատուրան, կամ վեց ամիսը մենք երեք-երեք ամսով բաշխում ենք մագիստրատուրայի ընթացքում, կամ էլ մագիստրատուրան ավարտում է և վեց ամիս զորակոչվում է բանակ, ստեղ նա արդեն ստանում է լեյտենանտի աստիճան», – ասաց Դավիթ Պետրոսյանը։
Նշենք, որ ընդհանուր առմամբ, կառավարության ներկայացուցիչների մոտեցումը հետևյալն է, որ խնդիրն օրենքի հետ կապված չէ, զինծառայության մասին օրենքն արդեն ընդունվել է, և բոլոր հարցերը պետք է կարգավորվեն կառավարության որոշումներով և ենթաօրենսդրական ակտերով։«Գնդակը կառավարության դաշտում է», հայտարարեց Էդուարդ Շարմազանովը, ապա առաջարկեց երշաբաթյա ժամկետում հավաքագրել բոլոր առաջարկները, աշխատանքային խումբ ձեւավորել եւ հաջորդ քննարկումը կազմակերպել կառավարությունում․«Մենք ֆիքսում են, որ կա խնդիր, քննարկումը ստացվել է, որովհետև լսում ենք՝ երկու կողմից կան ընդհանուր մոտեցումներ և ցանկություն՝ խնդրին ավելի համապարփակ և ամբողջական լուծում տալու, այդ լուծման մեխանիզմներն այսօր դրված են կառավարության որոշումների և ենթաօրենսդրական ակտերի մեջ։ Սկսենք միասին կառավարության հետ աշխատել, որպեսզի ձեր առաջարկությունները կառավարության մեր գործընկերների առաջարկների հետ միասին փաստաթղթավորվեն և տեղ գտնեն կառավարության որոշումներում և ենթաօրենսդրական ակտերում։ Սա է իմ առաջարկը։ Գնդակը կառավարության դաշտում է»։

Ակնհայտ է, որ իշխանությունը, երկարաձգելով քննարկումների ժամկետը, փորձելու է ընդամենը լիցքաթափել ուսանողության շրջանում առաջացած բողոքը եւ իրականություն կոչի իր պլանները։

 

Անի Սահակյան
Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: