Ինչ կեփի Պուտինը կրկին Սոչիում

Nov 23, 2017 Comments Off on Ինչ կեփի Պուտինը կրկին Սոչիում

Այսօր Սոչիում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպելու են՝ սիրիական ճգնաժամ քննարկելու և տարածաշրջանի ապագան: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև մի շարք տարաձայնություններին՝ այսօր այդ երկու երկրները հանդես են գալիս նույն դիրքորոշմամբ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում: Էրդողանն ասել է, որ Իրանը նույնպես կարևոր գործընկեր է սիրիական ճգնաժամի կարգավորման համար:

Թուրքիան շարունակում է ինտենսիվ շփումները Իրանի ու Ռուսաստանի հետ՝ միաժամանակ չթուլացնելով քննադատությունն արևմուտքի ուղղությամբ: Եկել է ժամանակը՝ վերանայելու ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցության հարցը, ասել է Թուրքիայի նախագահի խորհրդական Յալչըն Թոփչուն։

Թուրքիայի խորհրդարանը շուտափույթ ժամկետներում պետք է քննարկի այդ կազմակերպությանն Անկարայի անդամակցության հարցը, ասել է նա։ Թոփչուի խոսքով՝ ՆԱՏՕ-ն է մեղավոր, որ Թուրքիան պաշտպանական ոլորտում կախված է այլ երկրներից։ «ՆԱՏՕ-ն, ցավոք սրտի, թշնամաբար է տրամադրված Թուրքիայի դեմ»,-ասել է նախագահի խորհրդականը։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-Թուրքիա վերջին սկանդալը ծագեց նոյեմբերի 17-ին, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնեց Նորվեգիայում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններից թուրք զինծառայողներին հետ կանչելու որոշման մասին այն բանից հետո, որվ նախագահ Էրդողանն և Աթաթուրքը դասվել էին պայմանական հակառակորդների թվին։

Ընդամենը 3 օր առաջ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Սիրիայի հարցով բանակցում են Անթալիայում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անթալիայում հանդիպել է իր թուրք և իրանցի գործընկերներ Մևլյութ Չավուշօղլուի և Ջավադ Զարիֆի հետ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել էին Սիրիայում իրավիճակի կարգավորումը։ Հանդիպումն անցկացվել էր ռուս-իրանա-թուրքական գագաթնաժողովին ընդառաջ, որը ծրագրված է այսօր Սոչիում։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումն Անթալիայում արդյունավետ է եղել, կողմերը պայմանավորվել են բոլոր հարցերի շուրջ. «Մենք հավաքվել էինք, որպեսզի կարծիքներ փոխանակեինք նոյեմբերի 22-ին Սոչիում կայանալիք մեր երկրների նախագահների գագաթնաժողովի նախապատրաստման հստակ մանրամասների վերաբերյալ։ Աշխատանքը շատ արդյունավետ էր, մենք պայմանավորվել ենք բոլոր առանցքային հարցերի շուրջ և կտեղեկացնենք նախագահին մեր գնահատականի մասին, թե ինչպես առաջ շարժվել, ինչպես ամրապնդել Աստանայի գործընթացը, որը պետք է առավել բարենպաստ պայմաններ ստեղծի այն բանի համար, որպեսզի Ժնևի գործընթացը վերջապես ձեռք բերի որոշ արդյունավետ գործիքներ՝ ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևի հանձնարարությունների կատարման համար»։

Արևմուտքն էլ իր հերթին շարունակում է խայթոցները Թուրքիայի ուղղությամբ: ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը համեմատել է Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններն ամուսինների կյանքի հետ՝ մեկնաբանելով թուրքական իշխանությունների հայտարարությունը, ըստ որի՝ ձեռնարկատեր Ռեզա Զարաբի դեմ քրեական գործը քաղաքական դավադրություն է ընդդեմ Թուրքիայի։ «Վերջերս նրանք (Թուրքիա) մեզ մեղադրել են հեղաշրջման նման երևույթ հրահրելու մեջ։ Կասեմ՝ դա ծիծաղաշարժ է»,-նշել է ամերիկացի դիվանագետը ճեպազրույցի ժամանակ։

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ը մասնակից չի եղել Թուրքիայում 2016-ին տեղի ունեցած իրադարձություններին, երբ զինվորականները ձեռնարկել էին երկրում իշխանության զավթման փորձ։ «Մեր հարաբերություններն այս կամ այլ պետությունների հետ ժամանակ առ ժամանակ կարող են տատանվել, ինչպես ամուսնության մեջ. լինում են լավ օրեր, երբեմն պատահում են նաև վատ օրեր։ Երբեմն ինչ-որ մեկն ասում է ինչ-որ բան, ինչի համար այնուհետև զղջում է»,-նշել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը։ Նաուերթը նաև ընդգծել է, որ Թուրքիան հանդիսանում է ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցը։ Հիշեցնենք, որ գործարար Ռեզա Զարաբին մեղադրում են Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները խախտելու մեջ։ Անկարայում այդ գործը համարում են քաղաքականապես մոտիվացված։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի հանդեպ վստահության հարցը։ Նա նշել է, որ Սիրիայի տարածքից եկող առավելագույն սպառնալիքի ժամանակաշրջանում ՆԱՏՕ-ի ղեկավարությունը 2015-ին որոշում է ընդունել Թուրքիայից զենիթա-հրթիռային համակարգերը հետ կանչելու մասին, և Թուրքիայի նախագահի կարծիքով՝ հասկացնել տվել, որ աջակցություն չի ցուցաբերի Անկարային հարձակման դեպքում։ «Երբ Թուրքիան սկսեց բանակցությունները ՀՕՊ համակարգի ամրապնդման նպատակով ռուսական С-400 համալիրների գնման հարցով, ՆԱՏՕ-ի մի շարք առաջատար երկրներ սկսեցին քննադատել Անկարային»,-հավելել է նա՝ նշելով, որ այդ ամենը հաստատում է ՆԱՏՕ-ի ներսում խնդիրների առկայությունը։

Թուրքիայի նախագահը սպառնացել է, որ Անկարան ունի ազգային անվտանգության սպառնալիքների կանխման լիարժեք իրավունք, որը, նրա կարծիքով՝ գալիս է, մասնավորապես քրդական PYD և PKK կազմակերպություններից։ Էրդողանը խոստացել է, որ Թուրքիան ոչ միայն կավարտի գործողությունն Իդլիբում, այլև ահաբեկիչներից կազատագրի սիրիական Աֆրին և Մյունբիչ շրջանները, որոնք վերահսկվում են PYD-ի կողմից. «Թուրքիան հարվածներ է հասցնում ազգային անվտանգության սպառնալիքի աղբյուրներին նաև հարևան Իրաքում, այդ թվում Ղանդիլ շրջանում»։

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: