Պուտինի՝ «բարիշելու» խորամանկ պլանները Հարվային Կովկասում

Nov 23, 2017 Comments Off on Պուտինի՝ «բարիշելու» խորամանկ պլանները Հարվային Կովկասում

Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են Սիրիայում և Ուկրաինայում խաղաղություն բերելու անհրաժեշտությունը:

Հատկանշական է, որ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը հաջորդեց Սիրիայի ղեկավար Բաշար ալ-Ասադի հետ Վլադիմիր Պուտինի օրերս կայացած հանդիպմանը և նախորդում է Սիրիայի հարցով այսօր Սոչիում կայանալիք Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահների բանակցություններին:

Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ զրույցի ընթացքում, որը տևել է շուրջ մեկ ժամ, քննարկվել են արտաքին ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Վերլուծաբանների կարծիքով, հավանաբար քննարկվել են Սիրիայի ապագա ճակատագիրը և Հյուսիսային Կորեայի ճգնաժամի կարգավորման ուղիները:

Հյուսիսային Կորեան ընդգրկված է եղել ահաբեկչությանը հովանավորող պետությունների ամերիկյան ցուցակում մինչև 2008-ը, երբ նախագահ Բուշն այն դուրս բերեց ցուցակից՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ջանքերի շրջանակում: Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այդ ջանքերը համարում է տապալված՝ ընդգծելով, որ վարչակարգը օգտագործել է քիմիական զինատեսակներ և դիմել այնպիսի գործողությունների, ինչպես Կիմ Ջոնգ Ունի եղբոր սպանությունը, որոնք վտանգ են ներկայացնում հանրությանը:

Օրերս կայացած ԱՄՆ-ի կառավարության նիստում նախագահ Դոնալդ Թրամփը հիշատակել է ամերիկացի ուսանողի հետ կապված ողբերգական դեպքը, երբ վերջինս վերադարձվել էր Փհենյանի կողմից ամերիկյան իշխանություններին անգիտակից վիճակում և մահացել դրանից 6 օր անց: «Այսօր մենք դիմում ենք համապատասխան գործողությունների և հիշում Օտո Ուորմբիերիին, այն չքնաղ երիտասարդին, ով զոհ դարձավ Հյուսիսային Կորեայի դաժան բռնաճնշումներին»,- ասել է նախագահ Թրամփը: ԱՄՆ-ի պետքարտուղար Թիլերսոնն իր հերթին ընդգծել է, որ ահաբեկչությանը հովանավորող պետության կարգավիճակը կխոչընդոտի այլ երկրների շփումները Հյուսիսային Կորեայի հետ, և շատ երկրներ արդեն միացել են վարչակարգի դեմ պայքարին: «Երբ այցելել էինք Վիետնամ, տեղի իշխանությունները խոստացել են սահմանափակել իրենց կապը Հյուսիսային Կորեայի հետ: Մալայզիան ևս ակնարկել է դրա մասին, իսկ Սինգապուրն ու Ֆիլիպինները դադարեցրել են առևտուրը Հյուսիսային Կորեայի հետ: Վերջերս փոխպետքարտուղարն այցելել էր Աֆրիկա և հանդիպել Սուդանի կառավարության հետ, որը ավանդաբար զենք է գնում Հյուսիսային Կորեայից: Այժմ նրանք ևս համաձայնել են այլևս զենք չգնել Փհենյանից»,- ասել է պետքարտուղարը: Թիլերսոնը վստահ չէ, թե արդյոք Չինաստանը դադարեցրել է նավթամթերքի վաճառքը վարչակարգին, սակայն, ըստ նրա, Հյուսիսային Կորեայում առաջացած մեծ հերթերը բենզինի համար նախանշան են, որ երկրում առկա է նավթամթերքի ճգնաժամ: Ըստ Թիլերսոնի, ԱՄՆ-ն աշխատանք է տանում՝ Փհենյանին ստիպելու փոխել իր ընտրած ուղեգիծը և տնտեսապես մեկուսացած չմնալ միջազգային հանրությունից:

Միջազգային կարևորության այս և այլ հարցեր, թերևս, Պուտինի ու Թրամփի համար առավել կարևոր նշանակության են ու օրակարգային: Պուտին-Թրամփ հանդիպումը տեղի է ունեցել Սոչիում այսօր կայանալիք Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպման նախաշեմին:

Մյուս կողմից Ռուսաստանն այս շաբաթներին բավական ակտիվ էր Հարավային Կովկասում՝ արցախյան կարգավորման հարցում: Միայն ԼՂ խնդրի ուղղությամբ տեղի ունեցան մի քանի հանդիպումներ՝ Պուտինի հետ, Մոսկվայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ հանդիպումները, այնուհետև՝ Ռուսաստանի արտգործնախարարն այցելեց Բաքու, ապա՝ Երևան:

Մինչ այժմ Թրամփի վարչակազմը ցույց է տվել է, որ Հարավային Կովկասի ժամանակը չունի: Իսկ դա, ինչ-որ առումով, շահեկան վիճակ էր Ռուսաստանի համար: Բայց հաշվի առնելով Լավրովի երևանյան հայտարարություններն այն մասին, որ Մոսկվան շարունակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում աշխատանքները կարգավորման ուղղությամբ և Ռուսաստանի դիրքորոշումը նույնն է ինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող պետություններինը՝ Միացյալ Նահանգներինը ու Ֆրանսիայինը, կարելի է եզրակացնել, որ Մոսկվան որոշել է հաշտություն ցույց տալ Վաշինգտոնին Հարավային Կովկասում, որպեսզի անհարկի չսրի նաև այս տարածաշրջանում Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունները:

Այս պահին դա բխում է Մոսկվայի շահերից:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: