Գրառումս վերահաստատում եմ՝ բոլոր մանրամասներով. Նիկոլ Փաշինյանը՝ Արծրուն Հովհաննիսյանին

Nov 22, 2017 Comments Off on Գրառումս վերահաստատում եմ՝ բոլոր մանրամասներով. Նիկոլ Փաշինյանը՝ Արծրուն Հովհաննիսյանին

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տարակուսանք է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսակ Արծրուն Հովհաննիսյանի՝ Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին անուշադրության մատնելու վերաբերյալ Փաշինյանի Facebook-յան գրառման առնչությամբ հայտնած տարակուսանքի վերաբերյալ:

«Տարակուսանքով կարդացի հարգարժան Արծրուն Հովհաննիսյանի գրառումը։ Նա ասում է, թե վարժարանի սաների համար նախորդ օրը նույն համերգից եղել է։ Երեւի վարժարանի սաների ծնողներին էլ էին նախորդ օրը ավտոբուսներով բերել, համերգ արել ետ տարել։

Իսկ վարժարանի ուսանողների թվի մասին տեղեկությունը տարօրինակ է, որովհետեւ երեկ տեղում ուրիշ թվեր էր ասվում։ Հույս ունեմ՝ թվերի տարբերությունը ընդամենը «դահլիճի փոքրությունը» հիմնավորելու համար է։

Երեկվա գրառումս վերահաստատում եմ՝ բոլոր մանրամասներով։ Իսկապես մեր իրականությանը բնորոշ տեսարան էր․ դրսում ծառերի տակ կուչ եկած չարքաշ մարդիկ, եւ դատարկ դահլիճում համերգ լսող էլիտա։ Վերջիններս այդ նույն ծրագիրը լսել են արդեն, երեւի, հարյուրերորդ անգամ ու տարին չորս հինգ անգամ լսելու առիթ են ունենում։

Իսկ էդ վարժարանի սաների մեծ մասը, ավելի հավանական է՝ ոչ ոք՝ կյանքում իրենց ծնողների, եղբայրների ու քույրերի հետ համերգ չի գնացել։ Մեծ հավանականությամբ ծնողներից շատերը նույնպես կյանքում համերգ չեն գնացել։ Հիմա նույնիսկ չեմ ուզում սրա հետ կապված քաղաքական հետեւություններ բարձրաձայնել։ Պարզապես ասում եմ՝ եթե մի փոքր ավելի քիչ կենտրոնացած լինեիք բարձրաստիճանների վրա, գուցե այս նրբությունը կնկատեիք եւ միջոցառումը կկազմակերպեիք սա հաշվի առնելով։

Իսկ ընդհանրապես՝ Մոնթե Մելքոնյան վարժարանին, նրա սաներին, մանկավարժական կազմին մեծ հաջողություններ եմ մաղթում։ Սա կարեւորագույն կրթական օջախ է եւ պետք է ակնկալել, որ նրա ճանապարհը կլինի իսկապես վերընթաց»,- գրել է Փաշինյանը Facebook-ի իր էջում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: