Շատ համեստ էր, խելացի. Արցախում ականի պայթյունից զոհված Գեղամ Զաքարյանը սպա էր.ՀԺ

Nov 22, 2017 Comments Off on Շատ համեստ էր, խելացի. Արցախում ականի պայթյունից զոհված Գեղամ Զաքարյանը սպա էր.ՀԺ

Երեկ Արցախում ականապայթյունի հետեւանքով զոհված 22-ամյա Գեղամ Զաքարյանը սպա էր, կոչումով՝ լեյտենանտ: Նա Արմավիր մարզի Մուսալեռ համայնքի բնակիչ էր:

Հայակական ժամանակի հետ զրույցում համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանն ասաց, որ Զաքարյանը մի քանի ամիս առաջ էր ավարտել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ու ծառայության անցել Արցախի զորամասերից մեկում: «Խելացի ընտանիք, հայրը, մայրը աշխատող, ուներ մեկ քույր, մեկ եղբայր, ամուսնացած են, նա ընտանիքի փոքրն էր, ապրում էր ծնողների հետ: Սոցիալական պայմաններն էլ միջին են, ոչ ծանր, ոչ լավ: Շատ համեստ, խելացի անձնավորություն էր: Շատ հպարտ եմ իրենով»,- այսպես բնութագրեց Հովհաննիսյանը:

Ականապայթյունի հետեւանքով զոհված մյուս զինծառայողը՝ Սարգիս Գուրգենի Աբրահամյանը Մասիս քաղաքի բնակիչ էր, իսկ Սարգիս Մհերի Մելիքյանը՝ Վարդենիս: Նշենք, որ ականապայթյունի հետեւանքով եւս մեկ զինծառայող՝ Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային ծանր վիրավորում:

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: