«Զվեզդա»-ի նախագահը ներողություն է խնդրել

Nov 22, 2017 Comments Off on «Զվեզդա»-ի նախագահը ներողություն է խնդրել

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականը՝ ծրագրի նոյեմբերի 21-ի գլխավոր թողարկման եթերում հայտնել են,որ  Ռուսաստանի զինված ուժերի «Զվեզդա» հեռուստաալիքի նախագահը Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանից ներողություն է խնդրել ՀՀ առնչությամբ հնչած ոչ կոռեկտ ձեւակերպումների եւ գնահատականների համար՝ դրանք որակելով որպես բացթողում։

«Հարգելի Վարդան Սուրենի Տողանյան, կիրակի օրը՝ 2017-ի նոյեմբերի 19-ին՝ «Զվեզդա» ազգային հեռուստաընկերության «Պռոգնոզի» հաղորդման ժամանակ, Հայաստանի եւ Եվրամիության համագործակցությանը նվիրված հատվածում հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշեննիկովան ՀՀ առնչությամբ թույլ է տվել ոչ կոռեկտ ձեւակերպումներ եւ գնահատականներ։ Թույլ տրված սխալի կապակցությամբ ներողություն ենք հայցում․․․»,- նշված է «Զվեզդա» հեռուստաընկերության նախագահից ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն ուղարկված պաշտոնական նամակում, գրում է Ռազմինֆոն։

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի խոսնակ Դավիթ Թորգոմյանը հայտնել է, որ հաղորդման եթեր դուրս գալուց հետո իրենք կապ են հաստատել, այնուհետեւ այսօր առավոտյան դեսպանությունում հանդիպել են հեռուստաընկերության ղեկավարության հետ։

«Իրենք նշում են, որ իրենց կողմից դա եղել է բացթողում եւ թյուրիմացություն․․․ հույս հայտնում հետագա բարիդրացիական հարաբերությունների համար»,- մասնավորապես, «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում հայտնել է Դավիթ Թորգոմյանը։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: