Նահանջի և հաղթանակի կրիտիկական սահմանը  

Nov 22, 2017 Comments Off on Նահանջի և հաղթանակի կրիտիկական սահմանը  

 

 

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ  «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հետ կլոր-սեղան քննարկումը տեղի է ունենալու 5-5 ֆորմատով:  Ըստ Շարմազանովի՝  հանդիպման ձևաչափն ընտրվել  և վերջնական տարբերակն էլ առաջարկվել է ուսանողների կողմից:

Ուսանողների հետ համաձայնեցվել է, որ  հանդիպմանը երկու կողմից էլ 5-ական հոգով են  մասնակցելու: Լինելու են մի քանի օր առաջ Շարմազանովի հետ հանդիպման գնացած ուսանողները , իսկ պաշտոնական կողմը ներկայացնելու են պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը և սոցիալական ու առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Քննարկումը հեռարձակվելու է ուղիղ եթերով, որպեսզի ավելորդ մեկնաբանությունների տեղիք չտա:  Շարմազանովը հանդես է գալու որպես մոդերատոր և  խոստացել է պահպանել չեզոքություն:

«Թե՛ ուսանողները, թե՛ պատգամավորները, թե՛ կառավարությունը կառուցողական են տրամադրված: Ես չեմ կարծում, որ բոլոր հարցերը պետք է միանգամից լուծում ստանան, մանավանդ օրենքն արդեն ընդունվել է, օրենքն իրականություն է, և օրենքի հետ կանչման խնդիր չկա օրակարգում: Քննարկման առանցքում ենթաօրենսդրական ակտերն են: Միացյալ ուժերով պետք է արձանագրենք, թե ինչ են առաջարկում կողմերը: Եթե տեսնենք, որ կառավարության որոշումներից հետո ուսանողների մտահոգությունները չեն փարատվել, կամ կա այլ կարծիք, որը ռեալ է, բոլոր օրենքներն էլ նրա համար են, որ մի օր բարեփոխվեն»,-ասել է նա:

Քանի որ քննարկման առանցքում արդեն ընդունված օրենքի բարեփոխումը չի դրվում, տարկետման իրավունքի բարեփոխման հետ կապված մեծ հույսեր փայփայել, իրատեսական չէ: Եթե օրենքը, ինչպես պնդում է Շարմազանովը,  այլևս անդառնալի է, կնշանակի հարցը 90 և ավելի տոկոսով փակված է: Ենթաօրենսդրական ակտերի նշանակությունը այս պարագայում անհարկի գերագնահատված է, այն պարզ պատճառով, որ այդ ակտերը պետք է բխեն բացառապես օրենքից: Իսկ օրենքում դասական ընկալմամբ տարկետում ստանալու ընդամենը մեկ  տարբերակ է թողնված՝ կառավարության անհատական որոշմամբ տրվող տարկետման իրավունք: Ի դեպ, այս հնարավորությունը կար նաև նախկին օրենսդրությամբ: Հատուկ կարգ կամ չափանիշ, թե որ դեպքերում և ում կարող էր տրվել կառավարության անհատական որոշմամբ տարկետում մինչ այժմ չի եղել: Որպես կանոն նման որոշումների հիմքում միշտ էլ դրվել են կրթական, մշակութային  կամ մարզական ինչ-ինչ արդյունքներ, սակայն հստակ չափանիշներ չեն եղել, ուստի և համակարգը զերծ չի եղել կոռուպցիայից: Որքանո՞վ են հաջողելու ուսանողները ամրագրել մաքսիմալ հստակ չափանիշներ, ցույց կտա ապագան: Սակայն վտանգը, որ պաշտոնյաների որդիները,  որպես «բացառիկ տաղանդի տեր», այս ճանապարհով կստանան տարկետում, մեծ է:

Բացի այդ՝ 5-5 բանավեճի ֆորմատն ինքնին արդար չէ, այն առումով, որ ուժերն անհավասար են:Ուսանողները, որքան էլ պատրաստված և սկզբունքային լինեն, ամեն դեպքում փորձի պակաս ունեն: Այլ հարց, եթե ուսանողների հետ մի քանի դասախոս ու փորձագետ ևս մասնակցեր  կլոր-սեղանին:

Ինչևէ, եթե քննարկման արդյունքում ուսանողները հայտարարեն, որ ընդունում են օրենքի անդառնալիությունը, կնշանակի՝ իշխանությունը և կոնկրետ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը կարողացան այս փուլի իրենց խնդիրը լուծել՝ անկախ հանգամանքից, որ հեռանկարի առումով այդ լուծումը համընդհանուր պարտության է տանելու:

Հայկ Դավթյան      

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: