Հրադադա՞ր, թե՞ թայմաուտ

Nov 22, 2017 Comments Off on Հրադադա՞ր, թե՞ թայմաուտ

 

«Առինջ մոլի» հարկային ստուգումների հարցով «Ծառուկյան» դաշինքի և ՊԵԿ-ի հակամարտությունը նախորդ շաբաթ հասել էր կուլմինացիայի ամենաբարձր կետին. կողմերը մեղադրել էին միմյանց հնարավոր բոլոր կետերով: Անշուշտ հետաքրքիր է, թե որքանով է շարունակվելու ՊԵԿ-ի հետևողական օրինապաշտությունը «Առինջ մոլում և ի վերջո, կողմերց ով է ետքայլ անելու:
Նախորդ շաբաթ, հիշեցնենք, վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ 748 տնտեսվարող ունեցող տոնավաճառն ընդամենը 338 աշխատող է հայտարարագրել, այդպիսով փաստելով, որ մի կառույցում 0.4 մարդ է աշխատում, ուստի այստեղ ակնհայտ են թաքնված շրջանառությունն ու հարկերը: Դրան հաջորդել էր ՊԵԿ հասկայածավալ հաղորդագրությունը, որտեղ նշված էր, որ Առինջ մոլում» իրենք գործ ունեն սովորական օրինախախտների հետ: Ավելին՝ բերված էր տիպիկ համեմատություն այլ տոնավաճառների հետ. «2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում, եթե «Փեթակ» տոնավաճառում գործունեություն իրականացնող 345 հարկ վճարողները ունեցել են շուրջ 4 մլրդ դրամի շրջանառություն, «Սուրմալու» տոնավաճառի 361 հարկ վճարողները՝ ավելի քան 4.5 մլրդ դրամի շրջանառություն, ապա «Առինջ մոլում» գրեթե կրկնակի մեծ քանակով գործող 748 հարկ վճարողները ցույց են տվել ընդամենը մոտ 2.9 մլրդ դրամի շրջանառություն»,- նշել էր ՊԵԿ-ը:
«Առինջ մոլի» պաշտպանության կողմնակիցները ներկայացրին հակափաստարկներ՝ նշելով, որ 748 հարկ վճարողները ոչ թե ունեն 338 աշխատող, այլ 338 գումարած 748 աշխատող, որովհետև 748-ի գերակշիռ մասը անհատ ձեռնարկատերեր են, և հենց իրենք էլ համարվում են աշխատողներ։ Այսինքն՝ աշխատողների թվաքանակի վերաբերյալ ՊԵԿ-ի հրապարակած թիվը չի համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է շրջանառությանը, ապա «Փեթակ» ու «Սուրմալու» տոնավաճառների համադրումը «Առինջ մոլի» հետ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները ճիշտ չեն համարում, քանի որ «Առինջ մոլի» տոնավաճառն ամսական 12 օր է աշխատում, մինչդեռ «Փեթակն» ու «Սուրմալուն»՝ 30 օր, ապրանքների տեսականին ևս տարբեր է:
Այն, որ ՊԵԿ-ն իրավացիորեն «Առինջ մոլում» հարկային ստվեր էր տեսել և փորձում էր ողջ խստությամբ օրենքը կիրառել, թերևս ակնհայտ է: Այլ հարց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը նույնքան նախանձախնդիր և հետևողական չէ մնացած բոլոր տոնավաճառների և փոքր ու միջին առևտրով զբաղվող ընկերությունների ստվերն ու շրջանառությունը բացահայտելու հարցում:
Առաջիկայում ԱԺ-ում մեկնարկելու են 2018 թվականի բյուջեի ընդունման լիագումար նիստերը: Այդ ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների վարքագծից ու կառավարությանն ուղղված քննադատական պաթոսի դոզայից պարզ կդառնա՝ շարունակվում է հակամարտությունը, թե կողմերը գտել են կոմպրոմիսի եզրեր:
Ամեն դեպքում, ՊԵԿ-ը, որ խիզախորեն բացահայտել է «Առինջ մոլի» աշխատողների թիվն ու շրջանառության ծավալը, թերևս պարտավոր է առաջիկայում ևս իրազեկել, թե ինչ նոր արդյունքներ է գրանցել՝ ավելացե՞լ է արդյոք «Առինջ մոլում» շրջանառությունը կամ աշխատողների թիվը: Եթե նման հաղորդագրություն չտարածվեց, ուրեմն ՊԵԿ-ը նահանջել է: Դրա հատուցումը կարող է լինել այն, որ «Ծառուկյան» դաշինքը ավելի լոյալ դիրք կբռնի բյուջեի քննարկման ժամանակ: Առավել հավանական է, որ կողմերը լեզու են գտել՝ հայկական տարբերակով:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: