Նժդեհի, ՀՀԿ-ի և ֆաշիզմի ուրվականը Կրեմլում

Nov 22, 2017 1 Comment

 Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Զվեզդա» հաղորդաշարի ղեկավարությունը համացանցից ջնջել է կիրակնօրյա թողարկման տեսագրությունը: Այս հաղորդման մեջ հայ ժողովրդի հերոս Գարեգին Նժդեհի և Հայաստանի հանրապետական կուսակցության հասցեին ուղղված ակնհայտ վիրավորանք և սպառանլիք պարունակող արտահայտություններ կային:

Այս ռեպորտաժը, որտեղ ռուս մեկնաբանը իրեն իրավունք էր վերապահել Գարեգին Նժդեհին անվանել ֆաշիզմի աջակից և «հայկական Բանդերա», լուրջ իրարարանցում էր առաջացրել Հայաստանում: Բանը անգամ հասել էր նրան, որ լրագրողուհին Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը Հայաստանում համարեց անհարգալից վերաբերմունք այն հայորդիների հիշատակին, ովքեր կռվել են հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ ընդդեմ Ֆաշիստական Գերմանիայի: Հետո հերթը հասավ ՀՀԿ խորհրադանիշին և տարբերանշանին, որը ռուս լրագրողուհին համեմատել է երրորդ ռեյխի նշանի հետ:

Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկման անդրադարձի պատճառը նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվելիք Հայաստան-ԵՄ համաձայնագիրն է:

Հաղորդավարուհին հարցադրման տեսքով ենթադրություն է արել, թե Հայաստանը, որը Կովկասում Ռուսաստանի միակ ռազմական գործընկերն է, գնում է Ուկրաինայի ճանապարհով: «Փաստորեն ՀՀԿ-ի վերնախավում կան մարդիկ, որոնց մասին Ռուսաստանն ամեն ինչ չէ, որ գիտի»,- երկրորդ աշխարհացունց հետևությունն էր արել պաշտպանական ոլորտի լրագրողը, որը համաձայն սոցցանցերի օգտատերերի գրառումների ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի անդամ է:

Հեռուստառեպորտաժի արագ անհետացումը համացանցից թերևս ցույց է տալիս, որ  լրագրողուհին կամ էլ նրա անմիջական ղեկավարը ինքնագործունեությամբ են զբաղվել:  Ըստ էության, Հայաստանի համապատասխան շրջանակները բողոքել են Կրեմլին, այնտեղից էլ արվել է միջամտություն, որից հետո հաղորդաշարի տեսագրությունն անհետացել է:

Այն, որ ԵՄ-Հայաստան պայմանագրի ստորագրումը ռուսները պիտի ծանր տանեին, ենթադրելի էր: Բայց այդչա՞փ ծանր. այդ կարգի լկտիությունը իսկապես վեր էր ամեն տեսակի ցինիզմից: Լրագրողական էթիկայի մասին ընդհանրապես խոսք չկար, որովհետև մեկնանաբան կոչվածը վիրավորեց մեր պատմությունը, հայ ժողովրդի հերոսին և վերջապես մեր երկրի իշխող քաղաքական ուժին: Սա այն դեպքն է, երբ հանգիստ կարելի է ասել՝ հարգելի ռո՛ւս գործընկեր, գնա՛ գրողի ծոցը, ո՞վ ես դու, որ գնահատես հայ հերոսներին, բնութագրումներ տաս հայկական կուսակցությունների գաղափարախոսությանը և ՀՀ իշխանությանը: Ո՞վ ես դու, որ հայտարարես, թե Հայաստանը  ընտրել է Ուկարինայի ճանապարհը: Հայաստանն ինքն է որոշում՝ որ ճանապարհն ընտրի: Ո՛չ Հայաստանի իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ հասարակությունը երբևէ ուկրաինական ճանապարհի մասին չի խոսել, և այն, ինչ հնչում էր ռուսական հաղորդման եթերից, ընդամենը էժանագին սադրանք էր, ոչ ավելին:

Հետաքրքիր է, որ մինչեւ ԵՄ պայմանագրի կնքման մասին խոսելը, Մոսկվան որևէ խնդիր չէր տեսնում ո՛չ Երևանում գտնվող Նժդեհի արձանի, ո՛չ ավելի քան 10 տարի ՀՀ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի, ո՛չ էլ Հայաստանում հասունացող ուկրաինական սցենարի հետ կապված: Հիմա ինչի՞ց են դժգոհ, ինչո՞ւ են խառնվել իրար: Ի դեպ, այսօր երեկոյան Լավրովն է գալիս Հայաստան: Նա Երևան է ժամանելու Բաքվից: Այցից հետո որոշ հարցեր կպարզվեն, և այդ թվում նաև այն, թե Զվեզդա հաղորդման տեքստը որքանով էր համաձայնեցված Կրեմլի հետ:

Ավելորդ է նշել, որ Հայաստանի կողմից ԵՄ համաձայնագրի վավերացումը հակառուսականության դրսևորում չէ, դա ընդամենը զարգացման լրացուցիչ հնարավորություն է:

 

Հայկ  Դավթյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Նժդեհի, ՀՀԿ-ի և ֆաշիզմի ուրվականը Կրեմլում” հրապարակմանը

  1. PATRON says:

    ԵԹԵ ՀՀԿ-Ն ԻՐԱՆ ՀԱՐԳՈՂ,ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՍԱՏԱՐՈՂ ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ Է,ԱՊԱ ՌՈԻՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ց ՊԵՏՔ Է ՊԱՀԱՆՋԻ ՆԵՐՈՂՈԻԹՅՈԻՆ ԽՆԴՐԵԼ ԵՎ ՊԵՏՔ Է ԴԻՄԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻՆ ՆԺԴԵԻ ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻԱՅԻ ՀԱՐՑՈՎ ԿԱՄ ԷԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
    ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՆԺԴԵԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ . ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈԻՄ ՀՀԿ-ՈԻՄ ՀԱՎԱՔՎԱԾ ԵՆ ՍՈԻՏ ՆԺԴԵԱԿԱՆՆԵՐ!