Ստուգողական այցի թաքնված վախերը

Nov 22, 2017 Comments Off on Ստուգողական այցի թաքնված վախերը

Ռուսաստանը «հավատարիմ է»

Երեկվանից մեկնարկեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովի պաշտոնական այցը Բաքու և Երևան, երեկ նա Բաքվում էր, այսօր կժամանի Երևան, ՀՀ ԱԳՆ-ում նոյեմբերի 21-ին նախատեսված է նրա մամլո ասուլիսը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ջերմ ողջույններ է հղել, երեկ Բաքվում Ալիևի հետ հանդիպմանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ ՌԴ-ն հավատարիմ է Ադրբեջանի հետ բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը: «Մենք նաև գոհունակությամբ նշում ենք ապրանքաշրջանառության աճը: Մեր վիճակագրության համաձայն `առաջին 9 ամիսների ընթացքում` ավելի քան 60 տոկոս: Սա շատ լուրջ քայլ է մի քանի տարիների ընթացքում շրջանառության կրճատման միտումը վերականգնելու ուղղությամբ», – ասել է Լավրովը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն՝ շահագրգռված է լուծում գտնել և նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացին: Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը հանձնառու է Ադրբեջանի հետ բոլոր պայմանավորվածությունների իրագործմանը: Ադրբեջանը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում, Լավրովի հետ հանդիպմանն իր հերթին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Բաքուն և՛ գոհ է, և՛ դժգոհ

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ինտենսիվ փուլը ողջ թափով շարունակվում է: Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպումներ անցկացրեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ապա` Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպեց Ռուսաստանի նախագահի հետ: Այժմ էլ Երևանում և Բաքվում սպասում են Ռուսաստանի արտգործնախարար Լավրովին:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը գոհ է երեկ Մոսկվայում կայացած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից. «Բանակցությունները կոնստրուկտիվ էին, առարկայական, կոնկրետ հարցեր են քննարկվել, որ վերաբերում են ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։ Դետալներից չեմ խոսի, քանի որ որոշել ենք քննարկումները շարունակել Վիեննայում դեկտեմբերին»։

Հիշեցնենք, համանախագահները օրերս հայտարարեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն դեկտեմբերին Վիեննայում։ Մամեդյարովի խոսքով, կան գաղափարներ, որոնց շուրջ համանախագահները պետք է մի քիչ աշխատեն՝ առաջ գնալու համար։ Մամեդյարովն այլ մանրամասներ այդ գաղափարների մասին չի հայտնել, միայն ասել է, որ դրանք այն գաղափարներն են, որոնք համանախագահները առաջ են քաշել դեռևս 2004-ին, այդ թվում նաև այն 6 առաջարկներն են, որոնք միջնորդները ներկայացրել են։

Այդուամենայնիվ, Մամեդյարովը թեև դրական է գնահատել Մոսկվայում կայացած իր բանակցությունները համանախագահների հետ, նա խոստովանել է, թե առանձնակի լավատեսություն չունի։ Մամեդյարովը նաև ասել է, թե Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան և Հայաստան առաջիկա այցի շրջանակներում կայանալիք բանակցությունների օրակարգում հիմնականը ղարաբաղյան խնդրի կարգավորումն է։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման հնարավորությանը, Մամեդյարովի խոսքով՝ այդ հարցը քննարկվելու է Վիեննայում կայանալիք նախարարների հանդիպմանը։ Ադրբեջանի արտգործնախարարը հերթական անգամ դժգոհություն է հայտնել, որ բանակցությունները դանդաղ են առաջ գնում: «Ինչքա՞ն կարելի է արդարանալ, մեկ ասում են, որ «մեզ մոտ ընտրություններ են», մեկ ասում են, որ հարձակվել են ոստիկանության վրա ․․․ ստացվում է, որ բանակցությունները անվերջ են լինելու», – նշել է Մամեդյարովը։

Ոչ Վլադիմիր Պուտինը, ոչ էլ Սերժ Սարգսյանը ԼՂ խնդրից հրապարակավ չխոսեցին, պաշտոնական հաղորդագրությունում, սակայն նշված է, որ հարցը քննարկվել է։ ԼՂ խնդրի կարգավորումը Պուտինը քննարկել էր նաև նոյեմբերի 13-ին Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Այսօր ադրբեջանական մամուլը, հղում անելով «Սթար» պարբերականին, գրել է, թե Էրդողանը բանակցություններից հետո տված հարցազրույցում ասել է, որ ղարաբաղյան խնդիրը քննարկել է Պուտինի հետ։ Էրդողանը հավելել է, թե այնպիսի տպավորություն ունի, որ Պուտինը թերահավատ է ղարաբաղյան խնդրի արագ կարգավորման հարցում, ինչը Թուրքիայի նախագահը կապում է հակամարտող կողմերի միջև առկա լուրջ տարաձայնությունների հետ։ «Մենք ասացինք, որ, եթե Ռուսաստանը այդ հարցին կարևորություն տա, դա օգտակար կլինի: Պուտինը դրան դրական է վերաբերվում, սակայն ինչպես տեսնում եմ, նա այդքան էլ մեծ հույսեր չունի: Կարծում եմ դրա պատճառը կողմերի որդեգրած դիրքորոշումն է: Նրան ասացի, որ 5 շրջանների վերաբերյալ դրական քայլեր են արվել. նրանք (հայկական կողմը -խմբ) դուրս կգան այդ շրջաններից»,-ասել է Էրդողանը:

Ի դեպ, նկատենք, Պուտինը այս շաբաթ կրկին հանդիպելու է Էրդողանի հետ․ Սոչիում նոյեմբերի 22-ին եռակողմ ձևաչափով հանդիպում է լինելու՝ մասնակցելու է նաև Իրանի նախագահը: Բանակցությունները նվիրված են լինելու սիրիական ճգնաժամի հետպատերազմյան կարգավորմանը։

Ինչ կա ԼՂ կարգավորման բանակցությունների սեղանին

Մինչ Մոսկվան ԼՂ խնդրի շուրջ աշխուժություն է ցուցաբերում՝ ռուսական մամուլն էլ զուգահեռաբար քննարկում է թեման…

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցային գործընթացը դարձյալ նկատելիորեն ակտիվացել է, գրել էր «Կոմերսանտն»՝ անդրադառնալով Սերգեյ Լավրովի՝ Երևան և Բաքու կատարելի այցին: Օրերս կարգավորման հեռանկարները Մոսկվայում քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի նախագահները: «Կոմերսանտը» փորձել է պարզել՝ կարգավորման ինչ առաջարկներ են դրված բանակցային սեղանին, այն թարգմանաբար ներկայացրել է Aravot.am-ը:

Այսօրվա աշխատանքային առաջարկները ԵԱՀԿ Մինսկի խմբի Մադրիդյան սկզբունքների փաստացի արդիականացված տարբերակն է: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան պարզաբանել էր. «խոսքը որոշակի շտկումների մասին է», ոչ թե «ծրագրի, նախագծի կամ փաստաթղթի»: Պաշտոնապես Մադրիդյան սկզբունքների բովանդակությունը բացահայտվել է ԶԼՄ-ներում արտահոսքի հետևանքով, իսկ 2009թ. Իտալիայի Ակվիլ քաղաքում համանախագահների հայտարարության մեջ: Սկզբունքների հիմքում ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքը ձևակերպված են 6 «բաղադրիչներով»:

Ահա, ռուսաստանյան պարբերականը հիշեցնում է, թե ինչ են ներկայացնում իրենցից այդ սկզբունքները: «Նախ, դա նշանակում է Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքները: Երկրորդ, ԼՂ-ին տրամադրել ժամանակավոր կարգավիճակ, որով կերաշխավորվի անվտանգությունն ու ինքնակառավարումը: Երրորդ, Լաչինի միջանցքի բացում Հայաստանի և Ղարաբաղի միջև: Չորրորդ, ապագայում Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում՝ իրավաբանորեն պարտադիր կամարտահայտման հիման վրա: Հինգերորդ, փախստականների վերադարձ: Վեցերորդ, խաղաղապահների մուտք: Բացի այդ, առանձին քննարկվում են փոխվստահության ամրապնդմանն ուղղված քայլեր, ինչպիսիք են դիպուկահարների հետքաշում, կրակի դադարեցում և ռազմագերիների փոխանակում, հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների թվաքանակի ավելացում (այս մասին, մասնավորապես, խոսվել է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովներում): Ինչպես նաև հիմնական սկզբունքների հաջողության դեպքում՝ հնարավոր հետագա քայլեր, ինչպես օրինակ, ադրբեջանական և թուրքական սահմանների բացում և Ղարաբաղի տնտեսական և տրանսպորտային շրջափակման վերացում»:

Թերթը նկատում է, որ կողմերը նախկինի պես վիճում են, օրինակ`այն մասին, թե տարածաշրջանի կարգավիճակի մասին հանրաքվեն պետք է անցկացվի միայն Լեռնային Ղարաբաղում, թե ամբողջ Ադրբեջանում: Հասկանալի է, որ հանրաքվեի ելքը մեծ հաշվով կախված կլինի ընտրված տարբերակից: Եվս մեկ բարդ հարց, որը պետք է առաջնահերթ լինի. Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանում, թե տարածքների վերադարձ: «Դեռ 1991թ. հռչակագրում մասնակիորեն ամրագրված էր տնտեսական շրջափակումը հանելու գաղափարը (փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև՝ Ռուսաստանի և Ղազախստանի միջնորդությամբ): Նաև համաձայնության էին եկել, որ Հայաստանն ու Ադրբեջանը ապահովում են երկաթուղային, օդային հաղորդակցության և կապի համակարգերի «երկշաբաթյա բնականոն գործունեության ժամկետ», ինչպես նաև բանակցություններ են սկսում ավտոճանապարհներ բացելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, դա չիրականացվեց: Տարածաշրջանում տնտեսական կապերի վերականգնման կոչերը հետագայում բազմիցս կրկնվել են, օրինակ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. միաձայն ընդունված բանաձևերում: Տնտեսական ասպեկտին են վերաբերում Մինսկի խմբի բոլոր պաշտոնական հրապարակված առաջարկները: Այսպես, առաջին «փաթեթային» որոշումը, որը ենթադրում էր բոլոր հարցերում համաժամանակյա կոնսենսուս, առաջարկվել էր Մինսկի խմբի համանախագահների կողմից դեռ 1997թ.: Ենթադրվում էր զորքերի դուրսբերմանը զուգընթաց բացել ավտոճանապարհներ և երկաթուղային ճանապարհներ, էլեկտրափոխանցման և կապի գծեր, վերականգնել առևտրային հարաբերությունները: Սակայն երկրորդ «փուլային» ծրագրում, որը ենթադրում էր կոնսենսուսի հասնել աստիճանաբար, «ծրագիրն առավելագույնս» նեղացվել էր, իսկ վերջին կետը՝ հանվել: Նմանատիպ առաջարկներ պարունակում էր և 1998թ. երրորդ պլանը՝ «ընդհանուր պետության» մասին (այն միաժամանակ ենթադրում էր ստեղծել ազատ տնտեսական գոտի Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ Ադրբեջանի կազմում համադաշնության տեսքով): Ծրագրերից ոչ մեկը կողմերը հավանության չի արժանացրել և չեն իրականացրել:

Ապա` թերթը մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ մեր դիրքորոշումը չի փոխվել: Հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Մենք երբեք թույլ չենք տա երկրորդ հայկական պետության հիմնում մեր տարածքում»: Այնուհետև հիշեցնում են, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ 2011թ. Կազանում Ադրբեջանի և Ռուսաստանի մասնակցությամբ բանակցություններում պատրաստ էր համաձայնել խաղաղապահ զորքեր մտցնելուն:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: