Շեյխերի «սպառնալիքն» ու գահաժառանգ օպերացիան

Nov 21, 2017 Comments Off on Շեյխերի «սպառնալիքն» ու գահաժառանգ օպերացիան

Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջարկել են արքայազններին ու նախկին նախարարներին, ովքեր ձերբակալվել են կոռուպցիայի կասկածանքով, վճարել սեփական ազատության համար, օրերս գրել էր Financial Times պարբերականը։

Ինչպես հայտնի է՝ ձերբակալվածների թվում են բազմաթիվ հարուստ մարդիկ ոչ միայն թագավորությունից, այլև ողջ աշխարհից, օրինակ Forbes-ի ցուցակում 22-րդ տեղը զբաղեցնող թագավորի զարմիկ Ալ-Վալիդ իբն Թալալ Ալ Սաուդը։ Պարբերականի տվյալներով՝ շատ ձերբակալվածներ պատրաստ են գործարքի գնալու իշխանությունների հետ, չնայած այն բանին, որ նրանց «բանտը» Էր Ռիադի Ritz-Carlton հյուրանոցն է։

Վճարից զատ, կա ազատ արձակման ևս մեկ պայման. ազատություն ստացած բոլոր անձիք պետք է պարտադիր կերպով հավատարմության երդում տան գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդին, ով էլ դարձել է հակակոռուպցիոն արշավի նախաձեռնող։

Միևնույն ժամանակ՝ Սաուդյան Արաբիայում տեղի են ունենում բավականին հետաքրքիր գործընթացներ: Ժառանգորդ արքայազն Մուհամմեդ բին Սալմանն, ակնհայտորեն, իշխանության է ձգտում՝ ամրապնդելով դիրքերն ու իշխանության ձգտելով:

Կարո՞ղ էին Սաուդյան Արաբիայում կալանավորված արքայազնները, որոնք թագավորի զավակներ չեն, նրան այդ հարցում խանգարել: Թերևս այո, և այդ իսկ պատճառով նրանք հիմա անազատության մեջ են:

Սակայն փորձագետների համոզմամբ՝ նրանք երկրում բավականին մեծ ազդեցություն ունեին: Որքան նրանք կպահվեն անազատության մեջ, որքան ժառանգորդին իշխանության տանելու ճամփան հարթ կանցնի՝ ժամանակի հարց է:

Ակնհայտ է, որ Սաուդյան Արաբիայում ում ուժեր կային, որոնք հանդես էին գալիս Սաուդյան Արաբիայի վարած արտաքին քաղաքականության դեմ, և հենց դրանց էլ հզոր հարված հասցվեց, որի արդյունքում մի շարք պաշտոնյաներ, նախարարներ և թագավորական ընտանիքի անդամներ զանգվածաբար կալանավորվեցին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալեցին թագավորական ընտանիքի անդամների, ինչպես նաև տասնյակ պաշտոնյաների և բիզնեսմենների, որոնց թվում եղել են գործող և նախկին նախարարներ: Նրանց մեղադրել են փողերի լվացման, իշխանության չարաշահման, կաշառակերության, վատնումների և այլ հանցագործությունների մեջ:

Մեղադրանքները կապված են տարիների ընթացքում շուրջ 100 միլիարդ դոլարի հափշտակման փաստի հետ: Կառավարությունը գործի շրջանակում սառեցրեց շուրջ 1700 բանկային հաշվեհամար: Սկանդալը ծագեց Սաուդյան Արաբիայում՝ իշխանության համար մղվող պայքարի շրջանակում: 32 ամյա արքայազն Մոհամադ բին Սալմանը, ով երկրի ղեկավարության ստանձնման հիմնական թեկնածուն է՝ գլխավորում է հակակոռուպցիոն հանձնաժողովը: Այս կերպ Սալմանի կողմնակիցները վերացնում են արքայազնի համար որևէ մրցակցություն՝ ապահովելով իշխանության անխոչընդոտ փոխանցումը Սալմանին: Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիայի մի շարք միլիոնատերեր ու միլիարդատերեր շտապեցին հանել իրենց ակտիվները երկրի և հարևան երկրների տարածքներից: Գործարարները մտավախություններ ունեն, որ իրենց միջոցները ևս կսառեցվեն կամ էլ կալանքի տակ կառնվեն:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: