37 օր հացադուլում գտնվողը դադարեցրել է այն

Nov 19, 2017 Comments Off on 37 օր հացադուլում գտնվողը դադարեցրել է այն

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության վարչության նախկին նախագահի տեղակալ Մելիք Եսայանը 37 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո դադարեցրել է այն: Չարաշահումների գործով բանկի վարչության նախկին նախագահի տեղակալը առողջական խնդիրներ ունի, դժգոհում է դատարանի կողմից իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման դեմ, որի պատճառով, ըստ Եսայանի, ինքը զրկվում է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից:

Մելիք Եսայանի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից այցելել են ՔԿՀ և մի կերպ համոզել են, որ նա դադարեցնի հացադուլը, որպեսզի կարողանան կյանքը փրկել. «Պառկած վիճակում է, շատ վատ վիճակ է, թե հետո ինչ կլինի, չգիտենք»: Նշենք, որ Եսայանը հացադուլ սկսելու մասին հայտնել էր հոկտեմբերի 3-ին: Կալանավորը հրաժարվել է անգամ տեղափոխվել հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված խուց:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: