Ո՞վ է անհատ ձեռնարկատեր Սերգեյ Ասատրյանը, որը պետք է թմրամիջոցներ ներկրի Հայաստան

Nov 21, 2017 Comments Off on Ո՞վ է անհատ ձեռնարկատեր Սերգեյ Ասատրյանը, որը պետք է թմրամիջոցներ ներկրի Հայաստան

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է «ԼԵՎՈՆ ԵՎ ԼԱՄԱՐԱ» դեղատուն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հոգեմետ նյութերի արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա տալ` երեք տարի գործողության ժամկետով: Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է «Ռիխտեր-Լամբրոն» համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և դրանց ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված  պրեկուրսորների արտահանում, ներմուծում և մեծածախ առևտուր իրականացնելու լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով: Իսկ անհատ ձեռնարկատեր Սերգեյ Ասատրյանին կտրվի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:

Չզեկուցվող հարցերի շրջանակում էր «օքսիկոդոն» պարունակող դեղերը հանրապետությունում ըստ անհրաժեշտության գրանցելու և կիրառելու վերաբերյալ նախագիծը:

Ըստ նախագծի՝ Հայաստանի Հանրապետությունում «օքսիկոդոնը» ընդգրկված է ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի» ցուցակ 1-ում (թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, որոնց շրջանառությունը ՀՀ տարածքում արգելվում է), և հնարավոր չէ գրանցել և կիրառել հանրապետությունում «օքսիկոդոն» պարունակող դեղեր:

Սակայն հաշվի առնելով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդգրկել է «օքսիկոդոնը» ամոքիչ բժշկության մեջ օգտագործվող հիմնական դեղերի ցանկում, առաջարկվել է «օքսիկոդոնի» կիրառումը ազատականացնել: Դեղորայքն այսուհետ կարող է օգտագործվել պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության և սպասարկման ծառայության գործառույթների արդյունավետ կազմակերպման նպատակով:

Ուշագրավը ներկայացված որոշումների ցանկում թերևս անհատ ձեռնարկատիրոջը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման իրավունքի տրամադրումն է: Մեզ չհաջողվեց պարզել, թե ով է անհատ ձեռնարկատեր Սերգեյ Ասատրյանը, որին լիցենզիա տրվեց՝ ՀՀ ներկրել թմրանյութեր և հոգեմետ դեղեր: ՀՀ կառավարության e-register.am հաշվառման էլեկտրոնային համակարգում սույն անհատ ձեռնարկատիրոջ տվյալները բացայակում էին: Նման անուն-ազգանունով անհատ ձեռնարկատեր համակարգում չկար: Համացանցում մեզ չհաջողվեց նաև գտնել որևէ տեղեկություն այն մասին, որ նախկինում նման անձը զբաղվել է թմրանյութերի ներմուծմամբ: Առավել հավանական է, որ մենք գործ ունենք թմրամիջոցների նոր ներկրողի հետ:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: