Կառավարության հետողորմյան. Փյունիկի դպրոցը չի փակվի

Nov 21, 2017 Comments Off on Կառավարության հետողորմյան. Փյունիկի դպրոցը չի փակվի

Կառավարության վերջին նիստում գործադիրը փոփոխություն կատարեց 2017 թվականի օգոստոսի 24-ին  ընդունած N 1039-Ա որոշման մեջ, որով նախատեսվում էր Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոցը միացման ձևով վերակազմակերպել և միացնել Կոտայքի մարզի Արտավազդի միջնակարգ դպրոցին: Որոշումն ընդունվել էր դպրոցների օպտիմալացման և խոշորացման ծրագրի շրջանակում: Այժմ, սակայն, կառավարությունը որոշել է հետողորմյա անել գյուղական դպրոցի միավորումը հարևան գյուղի դպրոցին առնվազն 1 տարով երկարաձգել: Նախորդ որոշմամբ՝ Փյունիկի դպրոցը պետք է փակվեր, իսկ այս գյուղի 44 աշակերտները պետք է հաճախեին հարևան գյուղի դպրոց: Փյունիկի բնակիչներն ու աշակերտները, սակայն չէին ընդունում միավորման որոշումը և տևական ժամանակ, ի նշան բողոքի, դասադուլ  էին հայտարարել ու հրաժարվում էին դպրոց գնալ: Նրանք անգամ սեպտեմբերի 1-ին բոյկոտ հայտարարեցին,  մի քանի անգամ բողոքի ակցիա արեցին կառավարության շենքի մոտ:  Փյունիկի բնակիչները նամակով դիմել էին նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին՝ խնդրելով վերացնել Փյունիկ գյուղի դպրոցը վերակազմավորելու կառավարության որոշումը: «Փակել դպրոցը նշանակում է գյուղին արտագաղթի ճանապարհ ցույց տալ, քանի որ Արտավազդի միջնակարգ դպրոցը գտնվում է ավելի բարձր գոտում, ավելի անմխիթար վիճակում, և ցրտաշունչ ձմռանը երեխաների հաճախումն ավելի անարդյունավետ է լինելու, քանի որ տրանսպորտը չի կարող կայուն աշխատել առատ ձյան պատճառով»,- գրել էին փյունիկցիները:

Նրանք նաև մտահոգություն էին  հայտնել իրենց երեխաների առողջության մասին, քանի որ տարվա 5-6 ամիսը խիստ ձմեռ է Արտավազդում և Փյունիկում: Նրանք հիշեցրել են, որ բնակչության և երեխաների աճ է նկատվում վերջին տարիներին: Սա այն դեպքն է, երբ կարելի է արձանագրել, որ գյուղը կանգնեց, գերան կոտրեց, որովհետև նախանշված միավորումը, որը երկամսյա ժամկետում պետք է ավարտվեր, այդպես էլ տեղի չունեցավ: «Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Արտավազի միջնակարգ դպրոցի շենքային պայմանները ոչ բարվոք են, ընթանում են վերանորոգման աշխատանքներ:

Փյունիկի միջնակարգ դպրոցն ունի 44 աշակերտ և գտնվում է շուրջ 1820 մ բարձր լեռնային գոտում: Արտավազդի միջնակարգ դպրոց հասնելու համար երեխաները պետք է մոտ 2-3 կմ ճանապարհ անցնեն՝ հաղթահարելով խոչընդոտներ, հատկապես 5-6 ամիս տևող խիստ ձմեռվա եղանակային պայմաններում:

ՀՀ Կոտայքի մարզի «Փյունիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «ՀՀ Կոտայքի մարզի Արտավազդի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ միացման /վերակազմակերպման/ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու, սովորողների՝ տրանսպորտային միջոցներով տեղափոխումը կազմակերպելու համար նպատակահարմար է փոփոխություն կատարել որոշման մեջ՝ ուժի մեջ մտնելու ժամկետները երկարացնելով մինչև 2018 թվականի հունիսի 1-ը»,- նշվում է Փյունիկի դպրոցի միավորումը հետաձգելու որոշման նախագծի հիմնավորման մեջ: Որպես ակնկալվող արդյունք՝ նշվում է, որ դպրոցների միավորման ժամկետները երկարաձգելով՝ հնարավորություն կընձեռվի 2018-2019 ուսումնական տարվա սկզբին բնականոն կազմակերպելու Փյունիկի միջնակարգ դպրոցի սովորողների ուսումնառությունը՝ ապահովելով կրթական բարենպաստ միջավայր: Գուցե կառավարությունը հույս ունի, որ գալիք տարի երկարատև, ցրտաշունչ ձմեռն ու անհաղթահարելի ճանապարհները այլևս խոչընդոտներ չեն լինի:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: