Ձեզ որտեղի՞ց այդքան փող, որ մի բան էլ տնտեսել եք

Nov 21, 2017 Comments Off on Ձեզ որտեղի՞ց այդքան փող, որ մի բան էլ տնտեսել եք

Հարկային և Մաքսային ծառայությունների արտաբյուջեների հարցը կարծես թե լուծում է ստանում: Ազգային ժողովը քննարկել է Հարկային ծառայության մասին և Մաքսային ծառայության մասին օրենքների փոփոխության նախագծերը: Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել օրենսդրական հիմքեր՝ հարկային եւ մաքսային ծառայությունների նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի տնտեսված միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու համար:

ՊԵԿ-ում խնայողությունների ծավալը վերջին տարիներին կազմել 1.5 մլրդ դրամ, որը համարժեք է ընդհանուր ֆոնդի 20-25 տոկոսին: Այսուհետ այդ տնտեսված միջոցները ՊԵԿ-ը պարտավոր է ուղղել պետբյուջե: Հատկանշականն այստեղ այն է, որ արտաբյուջեն, որը ձևավորվում է հարկային և մաքսային վարչարարության հաշվին, ապահովում է ՊԵԿ-ի արտաբյուջեն, հետո դրա մոտ 75 տոկոսը, որն ահռելի մեծ թիվ է, ՊԵԿ-ն օգտագործում է խրախուսման և ներքին կարիքների համար, և նոր միայն դրանից հետո, եթե ինչ-որ բան մնում է, պետք է ուղղվի պետբյուջե: Վախթանգ Միրումյանի ներկայացրած թվերից ստացվում է, որ ՊԵԿ-ը վերջին տարիներին ունեցել 6-7,5 մլրդ դրամի եկամուտ՝ արտաբյուջեի տեսքով: Դրանից 4,5 կամ 5 մլրդ դրամը ՊԵԿ-ը ծախսել է, իսկ 1,5 մլրդը՝ որպես բարի կամքի դրսևորում, նվիրում է պետական բյուջեին: Այսուհետ դա ամրագրվում է օրենքով. եթե լինի տնտեսում, ուրեմն պիտի տրվի պահուստային ֆոնդին: Իսկ եթե տնտեսում չլինի…. ուրեմն ոչ մի բան էլ չի փոխանցվի պետական բյուջե:

Խորհրդարանում պատգամավորները բարձրացրել են արտաբյուջեների գոյության հարցն ընդհանրապես: ԱԺ քննարկման ժամանակ պատգամավոր Վարդան Բոստանջյանը զարմանալի է համարել, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կողմ է եղել արտաբյուջեի հետ կապված ՊԵԿ օրենսդրական առաջարկին, որովհետև տարիներ շարունակ պատգամավորներն ասել են, որ պետք է արտաբյուջետային ֆոնդ չլինի. «Ինչպե՞ս է ձևավորվում այդ ֆոնդը, ինչպե՞ս է ստացվում, որ տնտեսում է լինում: Իսկ տնտեսում անելուց հետո մեզ ապակողմնորոշելու համար հիմա ասում եք՝ լավություն ենք անում, կառավարության պահուստային ֆոնդ ենք ուղարկում: Ինչո՞ւ եք այդ փողերը թաքցնում, պահում, ասում՝ սա մեր փողն է: Բյուջեն այդպիսի բան չի ընդունում»,- ըմբոստացել է Բոստանջյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ ասել է, թե ինքը միշտ դեմ է եղել արտաբյուջետային ֆոնդերին, բայց այդ ֆոնդերի վերաբերյալ որոշումը բյուջետային օրենսդրությամբ է ընդունված, ուստի չի քննարկվում արտաբյուջետային ֆոնդ ունենալ-չունենալու հարցը: Ընդամենը քննարկվում է՝ ընդունում են արտաբյուջեի մնացորդը պետբյուջե ուղղելու առաջարկը, թե ոչ: «Դրանից մարմինների արտաբյուջետային ֆոնդը չի վերանում: Եթե տարվա ընթացքում այդ գումարներն ինչ-ինչ պատճառներով չեն օգտագործվել, ապա չտա՞նք կառավարությանը, թե՞ էլի թողնենք մաքսայինի ու հարկայինի տնօրինության տակ»,- հարցրել է Խոսրով Հարությունյանը:

Արտաբյուջեներ ունեն ոչ բոլոր պետական մարմինները: Դա հատուկ է  «արտոնյալ» պետական կառույցներին միայն, ինչպիսիք են ոստիկանությունը, ՊԵԿ-ը, կադաստրի պետական կոմիտեն: Առանձին դեպքերում այս մարմինների արտաբյուջեներն ավելի մեծ են, քան առանձին վերցրած մեկ ամբողջ կառույցի ֆինանսավորումը:

 

 

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: