Հարձակում և հաշվարկված հակահարվածներ

Nov 20, 2017 Comments Off on Հարձակում և հաշվարկված հակահարվածներ

«Ծառուկյան» դաշինք-ՊԵԿ փոխհրաձգությունը նորից շարունակվել է: Նախօրեին գնդակը մնացել էր «Ծառուկյան» դաշինքի խաղադաշտում. ՊԵԿ-ը հանդես էր եկել պաշտոնկան պարզաբանմամբ և շատ հստակ հայտարարել, որ «Առինջ մոլ» տոնավաճառում թաքնված աշխատուժ և ստվերային շրջանառություն կա, իսկ հարկային վարչարարության դեմ ԱԺ-ում հնչող քննադատությունները ընդամենը քաղաքական շահարկումներ են: «Երբ 748 տնտեսվարող ունեցող տոնավաճառն ընդամենը 338 աշխատող է հայտարարագրում, այդպիսով փաստելով, որ մի կառույցում 0.4 մարդ է աշխատում, ինչպե՞ս կարող է իրեն թույլ տալ պետական մարմնի հասցեին մեղադրանքներ հնչեցնել»,- «Առինջ մոլի» մասին նշել է ՊԵԿ-ը իր հաղորդագրության մեջ:

ՊԵկ-ից տեղեկացնում են, որ բողոքի զանգվածային ակտիվ հակվածությամբ աչքի ընկնող «Առինջ մոլը» համանման այլ սուբյեկտներից էականորեն ցածր ֆիսկալ հասույթ է արձանագրել: Ըստ այդմ՝ 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում, եթե «Փեթակ» տոնավաճառում գործունեություն իրականացնող 345 հարկ վճարողները ունեցել են շուրջ 4 մլրդ դրամի շրջանառություն, «Սուրմալու» տոնավաճառի 361 հարկ վճարողները՝ ավելի քան 4.5 մլրդ դրամի շրջանառություն, ապա «Առինջ մոլում» գրեթե կրկնակի մեծ քանակով գործող 748 հարկ վճարողները ցույց են տվել ընդամենը մոտ 2.9 մլրդ դրամի շրջանառություն:

«ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը, լինելով ապաքաղաքական մարմին, կարծում է, որ սոցիալական, քաղաքական կամ որեւէ այլ պատճառաբանությամբ հարկ չվճարող եւ դրա հաշվին օգուտ ստացող յուրաքանչյուր ոք ընդամենը շարքային օրինախախտ է»,- նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:

Միաժամանակ Վարդան Հարությունյանի գլխավորած գերատեչությունից հարկ են համարել հիշեցնել, որ իրենք գործում են օրենքի շրջանակում և իրավասու են իրականացնել «օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ օպերատիվ հարցում, օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում, համեմատական հետազոտումների նմուշների հավաքում, հսկիչ գնում, վերահսկելի մատակարարում եւ գնում, իրերի եւ փաստաթղթերի հետազոտում, արտաքին դիտում, շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների եւ տրանսպորտային միջոցների հետազոտում, օպերատիվ ներդրում եւ օպերատիվ փորձարարություն»:

Այս հաղորդագրության մեջ արծարծված փաստերը խորհրդարանում «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների կողմից բզիկ-բզիկ են արվել: ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը սխալ է համարել Փեթակ ու Սուրմալու տոնավաճառների համադրումը Առինջմոլի հետ. «Այս հարցում դուք սխալվում եք, քանի որ այս տոնավաճառների շրջանառությունները չեն համապատասխանում՝ մի տոնավաճառ ամսական 12 օր է աշխատում, մյուսը՝ 30 օր, ապրանքների տեսականին եւս տարբեր է»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՊԵԿ-ի 3-էջանոց հայտարարությունը լալահառաչ է բնութագրել:

Իսկ ավելի ուշ Համերաշխություն ՀԿ-ն պաշտոնական պատասխան տարածեց ՊԵԿ-ի թվերի վերաբերյալ. « Հարկ ենք համարում փաստել, որ 748 հարկ վճարողները ոչ թե ունեն 338 աշխատող, այլ՝ 338 գումարած 748 աշխատող, որովհետև 748-ի գերակշիռ մասը անհատ ձեռնարկատերեր են, և հենց իրենք էլ համարվում են աշխատողներ։ Այսինքն՝ աշխատողների թվաքանակի վերաբերյալ ՊԵԿ-ի հրապարակած թիվը չի համապատասխանում իրականությանը»։ «Առինջ մոլը», ինչպես նշվում է հաղորդագրության մեջ,  ձևավորվել է «Հրազդան» մարզադաշտին կից տոնավաճառի առևտրականների տեղափոխման արդյունքում, և անհրաժեշտ է գնահատել, օրինակ, 2013-2014թթ. որքա՞ն է եղել նրանց շրջանառությունները: ««Հրազդան» մարզադաշտից նրանց մեծ մասը տեղափոխվել է չափազանց փոքր շահութաբերություն ունենալու հետևանքով, նաև որովհետև չեն կարողացել վճարել վարձավճարները»,- ասված է հայտարարության մեջ: Ամենայն հավանականությամբ, հակամարտությունը դեռ շարունակություն կունենա, մինչև որ կողմերից մեկն ընդունի նահանջը: Համենայն դեպս, հատկանշական է, որ մի ամբողջ խորհրդարանական խմբակցություն զբաղված է կոնկրետ մի տոնավաճառի խնդիրներով: Ի դեպ, «Առնջ մոլ» են տեղափոխվել նաև Նոր Նորքի տոնավաճառի բազամթիվ մանր առևտրականներ, ովքեր զրկվեցին իրենց տաղավարներից՝  Սամվել Ալեքսանյանի թեթև ձեռքով:

Ինչպես հայտնի է, Սամվել Ալեքսանյանը գնել է Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող շուկան, և այնտեղ ահռելի մեծ հիպերմարկետ է կառուցում: «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները գոնե մի անգամ Նոր Նորքի առևտրականների հարցը չբարձրացրին և չասացին, թե ինչու պիտի հարյուրավոր մանր առևտրականներ փակեն իրենց գործը՝ հանուն հայտնի օլիգարխի հիպերմարկետի: Ինչպես հասկանում ենք, բոլորովին այլ է խնդիրը, երբ հարցը վերաբերում է վարչապետին ու ՊԵԿ-ին քննադատությանը: Քաղաքական հաշվարկներ են՝ ի՞նչ կարող ես անել:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: